Մեր տեղեկությունների համաձայն՝ կառավարության նիստում կադրային ճգնաժամի մասին Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո կառավարության աշխատակազմը մշակել և վարչապետին է ներկայացրել կադրային քաղաքականության հիմնական սկզբունքներն ու չափորոշիչները։ Մասնավորապես՝ առաջարկվել է սահմանել, որ այսուհետ պետական կառավարման համակարգում աշխատանքի տեղավորվելու համար միայն իրական Հայաստանի քաղաքացիություն ունենալն ու ՔՊ-ական լինելը բավարար չէ, հավակնորդները պիտի համապատասխանեն նաև հետևյալ չափանիշներին․
1․ Ընդհանուր բարեվարքություն։
ա․ Քաղաքացիների վրա թքելու ընթացքում սեփական անվտանգության կանոնների պահպանում,
բ․ Հանրային վայրերում դուռումի փաթաթման և կծման հմտություններ։
2․ Հայոց լեզու և գրականություն։
ա․ Գրեթե առանց տառասխալների աշխատանքի ընդունվելու դիմումներ գրելու հմտություն,
բ․ «Սեպտեմբեր» ամսանունը ճիշտ արտասանելու հմտություն,
գ․ «Երկիր Նաիրի» վեպի վերնագիրը կարդալու և վերարտադրելու կարողություն,
դ․ «Երկրի հակառակ կողմը» գիրքը տանը ունենալու վերաբերյալ ապացույց՝ ՀԴՄ կտրոնի տեսքով։
3․ Իրական Հայաստանի պատմություն և աշխարհագրություն։
ա․ Պատմության վերաբերյալ գիտելիքների առկայությունը չի խրախուսվում,
բ․ Իրական Հայաստանի տարածքի և ամենաբարձր լեռան վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ։
4․ Ճշգրիտ գիտություններ։
ա․ Մինչև 10-ը հաշվելու կարողություն,
բ․ Հստակ գիտելիքներ այն մասին, թե քանի օր ունի յուրաքանչյուր ամիսը (ներառյալ փետրվարը),
գ․ Ցանկացած արժույթով ցանկացած գումար ուղիղ երկու մասի բաժանելու հմտություններ՝ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների միջև թյուրիմացություններից խուսափելու նպատակով։
5․ Համակարգչային տեխնոլոգիաներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարածած տեսանյութերն ու ստատուսները լայքելու հմտություններ։
6․ Կենսաբանություն։
ա․ Կոկորդիլոսների և թռչունների կենսաբանական տարբերության վերաբերյալ նախնական գիտելիքների առկայություն,
բ․ Մկների և ձկների պլստացող և չպլստացող տեսակների տարբերակման հմտություններ։
7․ Սպորտ։
ա․ Մարզված հենաշարժողական համակարգի առկայություն՝ Նիկոլ Փաշինյանին տեսնելիս անկաշկանդ խոնարհվելու, ինչպես նաև առանց փուստ տալու ծափահարելու համար,
բ․ Հեռախոսով «պոկեր» կամ «բլոտ» խաղալու ընթացքում 5 րոպեն մեկ «հեծանիվը կյանք է» բացականչելու գիտակից պատրաստակամություն։
8․ Առողջապահություն և հիգիենա։
ա․ Ձեռքով որևէ ազգային ուտեստ (օրինակ՝ քյալլա կամ Նոր տարուց մնացած դես-դենով ձվածեղ) ճաշակելուց առաջ լվացվելու սովորույթի առկայություն,
բ․ Հրաժարում ճաշակելուց հետո շրթունքները պիջակի թևքով սրբելու արատավոր սովորությունից,
գ․ Ատամների լվացում՝ առնվազն երեք ամիսը մեկ անգամ։
9․ ՔՊ անդամության 7 և ավելի տարիների ստաժ ունեցողների համար սույն չափորոշիչներին համապատասխանելը պարտադիր չէ։
Հ․ Գ․ Մեր տեղեկությունների համաձայն, փաստաթղթի 9-րդ կետն ավելացվել է վերջին պահին՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։