...

Կարելի՞ է արդյոք Նիկոլ Փաշինյանին որևէ տարբերակ վստահել

Կարելի՞ է արդյոք Նիկոլ Փաշինյանին որևէ տարբերակ վստահել

Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթից պարզ դարձավ, որ առաջ Ադրբեջանը չէր հարձակվում, որովհետև մեր բանակը թույլ էր, հետո տեսավ, որ մեր բանակը հզոր է՝ հարձակվեց։ Հետո փաստորեն հայտարարեց, որ ինքը փրկել է Ղարաբաղի կեսը, որովհետև Սերժը պատրաստ էր ոչ միայն յոթ շրջանները տալ, այլև Ղարաբաղի կեսը, բայց Ալիևը չէր համաձայնվում ու ամբողջն էր ուզում, հետո ասաց, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում է ավազակապետական հեղափոխություն անել, բայց չի ստացվելու, հետո հայտարարեց, թե իրենք ըստ էության ստեղծո՛ւմ են արտաքին քաղաքականություն, հետո հարձակվեց լրատվամիջոցների վրա․․․ Մի խոսքով՝ իր սովորական ամպլուայի մեջ էր, ու եթե հարց տվող լիներ՝ երևի կհայտարարեր նաև, որ մինչև 2018-ը երկրագունդը թարս ուղղությամբ էր պտտվում, Իլոն Մասկն իր անունը լսելիս նախանձից ջղաձգվում է, Պապ թագավորն էլ «Քաղաքացիական պայմանագրի» Արտաշատի կառույցի ղեկավարն էր։

Ինչևէ։ Առաջիկայում ընտրություններ են, և Նիկոլ Փաշինյանը հանրությանը զվարճացնելու դեռ շատ հնարավորություններ կունենա, բայց դրանից ընտրությունների կարևորությունը չի նվազում։ Հակառակը՝ ինչքան շատ է խոսում Փաշինյանն ու ինչքան բուռն են ծափահարում ուսապարկերը, այնքան ավելի ակնհայտ է դառնում, թե որքան կարևոր է օր առաջ այս մղձավանջին վերջ տալը։ 

Բայց ինչպե՞ս։ Բանն այն է, որ մեզանում մարդիկ ընտրությունների ժամանակ սովորաբար ընտրություն են կատարում ոչ թե պետության զարգացման տարբեր ռազմավարությունների ու նպատակների, այլ քաղաքական լիդերների և ուժերի միջև։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ցանկացած իշխանություն ընդամենը գործիք է այս կամ այն նպատակին հասնելու համար, հետևաբար՝ եթե նպատակը չես որոշել, չես կարող ճիշտ գործիք ընտրել։ Օրինակ՝ եթե մեկը գնում է անտառ փայտ կտրելու, պիտի իր հետ կացին կամ սղոց վերցնի, եթե որսի է գնում՝ պիտի հրացան վերցնի, եթե գնում է պիկնիկի՝ պիտի ուտելիք վերցնի, և այլն։ Մի խոսքով՝ նախ պետք է նպատակը որոշել։

Հայաստանի դեպքում՝ պետք է որոշել, թե ինչպես ենք պատկերացնում երկրի ապագան և վերջին հաշվով՝ ինչ ենք ուզում։ Տարբերակները մի քանիսն են։ Օրինակ՝ ուզում ենք շատ արագ վերականգնել բանակը և վերադարձնել Արցախը, ուզում ենք այնպիսի իմաստուն արտաքին քաղաքականություն իրականացնել, որ ուրիշները գրավեն Արցախը ու տան մեզ, կամ՝ ուզում ենք Ռուսաստանի հետ ընդհանուր պետություն ստեղծել, կամ՝ ուզում ենք Արցախի էջը վերջնականապես փակված համարել ու հարևանների հետ շատից-քչից արժանապատիվ խաղաղություն հաստատել, և այլն։ Հասկանալի է, որ տարբեր քաղաքական ուժեր ավելի կամ պակաս հաջողությամբ կարող են իրականացնել այս կամ այն տարբերակը, բայց ուշադրություն դարձրեք՝ կոնկրետ այսօրվա իշխանություններն այս (և բազմաթիվ այլ) տարբերակներից որևէ մեկն իրականացնել չեն կարող։

Բանակը հզորացնել և ռևանշի հասնել չեն կարող (մենք տեսանք, թե սրանք ինչպես են պատերազմ ղեկավարում), արտաքին քաղաքականություն վարել չեն կարող (արտաքին աշխարհում գրեթե բացահայտորեն ծաղրում են այս իշխանություններին ու համարյա բաց տեքստով ասում, որ այս իշխանությունների որևէ խոսքի ոչ վստահում են, ոչ էլ լուրջ ընդունում), հարևանների հետ արժանապատիվ հարաբերություններ կառուցել չեն կարող (պարտվածն ու նվաստացածը չի կարող հավասարը հավասարի պես խոսել իրեն նվաստացնողների ու դրանից հաճույք ստացողների հետ, առավել ևս՝ եթե պատկերացում չունի, թե ինչի մասին պիտի խոսել), և այսպես շարունակ։

Մի խոսքով, մարդիկ պիտի ընտրություն կատարեն պետության առջև դրվելիք ռազմավարական նպատակների միջև ու անպայման իրենք իրենց հարցնեն, թե որքանո՞վ են այդ նպատակներն իրականանալի։ Բայց մի բան ակնհայտ է՝ ինչ նպատակներ էլ ընտրեն, դրանք այսօրվա իշխանություններին վստահել չի կարելի։ 

Արմեն Բաղդասարյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2134 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ