...

Կորոնատուրիզմի հեռանկարները՝ Մեղրիի միջանցքով

Կորոնատուրիզմի հեռանկարները՝ Մեղրիի միջանցքով

Սահմանադրական պատվաստումների փառատոն

Եվ մինչ ընդդիմությունը ՍԴ-ում վիճարկում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Հրայր Թովմասյանն էլ հայտնվեց Վազգեն Մանուկյան վիճակում... ասում է՝ բերեք, Արմեն Սարգսյանին կանչենք, հարցնենք՝ քեզ ճնշե՞լ են: Այսինքն` ինչ-որ մեկը հայտարարել է, որ Արմեն Սարգսյանին ճնշել են, սա ասում է՝ բերեք, ճշտենք: Երբ դա ՍԴ դատավորի գործը չէ: ՍԴ դատավորն իրեն ներկայացրած փաստերի հիման վրա է գործում, ոչ թե օդում կախված լուրերի: Հազիվ էլի: Բա որ էս քո մունդառ Սահմանադրությունն ընդունել էիր տալիս, մի կես միլիոն մարդու ճնշել էին, դե սաղին կանչեիր, հատ-հատ հարցնեիր, ճնշե՞լ են, թե՞ ոչ:

Բայց շեղվեցինք... մինչ ՍԴ-ում այս քննարկումներն են ընթանում, հերթական անգամ Մեղրի շրջանի կարևորությունը զգացվեց: Դա միակ միջանցքն է աշխարհում, որով պարսիկները կարող են հասնել իրենց նպատակին: Այսինքն՝ անվճար պատվաստվել Հայաստանում: Մեղրիի անցակետի մոտ կիլոմետրանոց հերթեր են, Հյուսիային պողոտայում՝ հերթեր են, հյուրանոցներում ազատ տեղ չկա: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արդեն հաշվում է, թե մեր տնտեսությունը քանի հարյուր տոկոսով է աճելու: Ահա այսպես, մեր կամքից անկախ՝ դարձանք տարածաշրջանի ամենապատվաստունակ երկիրը: 

Հիմա պետք է զարգացնել այս աճը: Այո, ամեն երկիր ունի տուրիզմի իր «ֆիշկեն». մի տեղ էկոտուրիզմն է զարգացած, մի այլ տեղ, օրինակ, Թայլանդում՝ սեքս-տուրիզմը, իսկ մեր երկրում մեծ հեռանկարներ ունի կորոնատուրիզմը:

Թե ինչու են պարսիկները գերադասում Հայաստանում պատվաստվել. ասում են, այնտեղ դա բավական թանկ հաճույք է, այնքան, որ Երևան հասնելը, 10 օր սպասելը, պատվաստվելը, վերադառնալն ավելի էժան է նստում:

Այնպես որ, մինչև վերջին պարսիկը չպատվաստվի, Մեղրիի միջանցքին վտանգ չի սպառնում: 

Բռնոցի-բացթողնոցի

Պարսիկ պացիենտների թվի աճին զուգահեռ, նվազում է քոչարյանական համայնքապետերի թիվը: Այսինքն, ո՞նց է նվազում. առայժմ բռնոցի-բացթողնոցի են խաղում իշխանությունները: Բայց այս անգամ՝ ավելի լուրջ բռնոցի-բացթողնոցի: Բռնում են, միանգամից չեն բաց թողնում: Մի քիչ պահում են, պողպատյա մանգաղ են ճոճում գլխներին, հետո բաց թողնում: Երևի, դրանից ազդված, հրաժարական տվեց Մեղրիի քաղաքապետը: Ասաց՝ ավելի լավ է պատգամավորական մանդատ ստանամ Քոչարյանի ձեռքից, քան մուրճի հարված Փաշինյանից:

Ամենակարևոր հարցին պատասխանեք

Այս շաբաթ Սերժ Սարգսյանը հոդված հրապարակեց, որտեղ պատմեց, թե ինչպես է փորձել սղագրել Քոչարյանի սխալները՝ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում և ինչպես է Կազանում համարյա համաձայնության եկել հակամարտության լուծման գործում, բայց վերջին պահին Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել ու այդպես էլ չի կարողացել հարցը լուծել: Նույնիսկ պատրաստ է եղել իշխանությունը պահել, մենակ թե լուծի, այն էլ՝ թավշյա հեղափոխությունը խանգարեց:

Տեղ-տեղ Սերժ Սարգսյանը ճիշտ է ասում: Օրինակ, որ Քոչարյանի գալուց հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկվող փաթեթները գնալով ավելի աննպաստ դրույթներ էին պարունակում: Էլ չասած, որ Քոչարյանը Արցախին դուրս թողեց բանակցային գործընթացից:

Բայց ամենակարևոր հարցին Սերժ Սարգսյանը չի անդրադարձել: Եթե անկեղծացել է, ուրեմն՝ մինչև վերջ պետք է անկեղծ լինել. ինչի՞ էր Ալիևը կազանյան առաջարկները մերժել: Երբ բոլոր կետերը համաձայնեցված են եղել հակամարտող երկրների, եռանախագահող պետությունների միջև, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում: Եվ ինչո՞ւ Ադրբեջանը դրա համար չի պատժվել: Նույն Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, կամ՝ պարզապես միջազգային հանրության կողմից: 

Սա այն հարցն է, որին ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանը չեն ցանկանում պատասխանել, կամ խուսափում են: Իսկ պատասխանը պարզ է. որովհետև Ադրբեջանը ուշադիր ու համբերատար հետևում էր, թե ոնց է Ռ. Քոչարյանը Հայաստան նորմալ երկիրը 10 տարում կոլխոզի վերածում: Ադրբեջանում հասկանում էին, որ Քոչարյանի օրոք Հայաստանը գնալով թուլանում է, իրենցից տասնապատիկ հետ է ընկնում: Բոլոր առումներով:

Իսկ Ալիևին ե՞րբ էր ավելի հեշտ կոշտ դիրքորոշում ներկայացնել բանակցություններում. ուժե՞ղ, թե՞ թույլ Հայաստանի դեպքում: Իհարկե՝ թույլ: Այսինքն, ինչքան Հայաստանը թուլացել է, այնքան Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել: Եվ երբ Սերժ Սարգսյանը Քոչարյանից ընդունեց Հայաստանի կառավարման ղեկը, շատ կարճ ժամանակ անց հասկացավ, որ բանը բանից անցել է, որ Քոչարյանը, ինքն էլ հետը, ինչ օրն են գցել երկիրը: Իսկ Ալիևը դա շատ ավելի շուտ էր հասկացել: Սերժ Սարգսյանը փորձեց ինչ-որ բան շտկել, նույնիսկ փորձեց Թուրքիային հեռու պահել հակամարտությունից, հետը փշի-փշի արեց, բայց չստացվեց:

Այ, երբ Սերժ Սարգսյանը կխոսի այս մասին, կբացատրի, թե ինչու էր Ադրբեջանը տարիներ շարունակ մերժում բանակցությունների սեղանին դրված բոլոր առաջարկները, թվերով, վիճակագրությամբ, փաստերով, այդ դեպքում իր հոդվածը արժեք կունենա:
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ