...

Երեքը խորհրդարանում, չհաշված՝ Ղարաբաղը

Երեքը խորհրդարանում, չհաշված՝ Ղարաբաղը

Ճգնաժամային կառավարիչները

Ահա և ավարտվեցին ընտրությունները... մի քիչ պարզունակ ստացվեց սկիզբը: Ուրիշ կերպ սկսենք: 

Եթե երեք տարի առաջ մեկն ասեր, որ հաջորդ խորհրդարանում ներկայացված են լինելու Հայաստանի վերջին երեք ղեկավարների խմբակցությունները, կասեին՝ էս ծալապակասն ո՞վ է: Դե հա. Սերժ Սարգսյանը մերժված էր, Քոչարյանն այն վիճակում էր, որ նույնիսկ մի ասուլիս չէին թողնում, որ անցկացնի, իսկ Փաշինյանը...

Մի կողմից, սյուր պատկեր է, բայց մյուս կողմից, սրա մեջ տրամաբանություն կա. խորհրդարանում են նրանք, ովքեր Հայաստանն ու Արցախը հասցրել են այս վիճակին: Ընդ որում, երեքն էլ խորհրդարան են եկել, որ փրկեն Հայաստանն ու Արցախը: Դրա համար պետք է մի փոքր «կոռեկտիրովկա» անել Տեր-Պետրոսյանի խոսքը: Ոչ միայն Քոչարյանն է ճգնաժամային կառավարիչ, այլև՝ Սերժն ու Նիկոլը: Սկզբից ճգնաժամը սարքում են, հետո այդ ճգնաժամը կառավարում: 

Մեղավորը ժամացույցն է

Չնայած, որ իրենց լսում ես, երեքն էլ նույն բանն են ասում. ես մեղավոր չեմ այս վիճակի համար: Քոչարյանն ասում է՝ ես ի՞նչ, ես եմ լյոխ գրավել, Շուշին ու Քելբաջարը ազատագրել, ես հերոս մարդ եմ, եկել եմ Երևան, տեսել՝ լույս չկա, ճանապարհներ չկան, ատոմակայան չկա, մի պան ալ ա կար վեչ: Դաժե ռեստորան չկար, որ մի կտոր հաց ուտեի: Էս Հայաստանը ես եմ սարքել: Զրոյից: Եվ ընդհանրապես, ես արժանապատիվ խաղաղության կողմնակից էի, փոխզիջումների կողմնակից էի, էդ Լևոնն էր, որ աչքը ինչ տեսել, գրավել էր: Ես որոշել էի 7 շրջանները հանձնել, բայց Ալիևը մեռավ, որ չմեռներ, մեր 796-րդ հանդիպմանը նաղդ տվող էի: Մեղրին էլ՝ որպես բոնուս: Մեռավ, էն իր տղեն մինչև եկավ, մինչև ծանոթացանք, մինչև ժամ պայմանավորվեցինք, «Մարտի 1»-ը եղավ: Չհասցրեցի:

Սերժ Սարգսյանն ասում է. ես միշտ ասել եմ, որ էդ 7 շրջանները պիտի վերադարձնենք: Ես արժանապատիվ խաղաղության կողմնակից եմ եղել: Միշտ: Պռոստո «Մարտի 1»-ից հետո ժամանակ էր պետք, որ ուշքի գայինք, թարազուի բերենք քաղաքական կյանքը, մի հինգ տարի դրա վրա գնաց, հետո Աբդուլահ Գյուլն եկավ, գնաց, մի երկու տարի դրա վրա գնաց, հետո արանքում ԵԱՏՄ-ն հայտնվեց, հետո Ապրիլյան պատերազմը եղավ, մի երեք տարի էլ տենց անկապ անցավ, արդեն ուզում էի հարցը լուծել, էն էլ նախագահության ժամկետս պրծավ: Ասի՝ մի քիչ երկարացնեմ, ջհանդամ, թե ինձ դավաճան չեն անվանի, բայց դե էն կապիտուլյանտը եկավ, սաղ ծրագիրս փչացրեց: Չհասցրեցի:

Նիկոլ Փաշինյանն էլ ասում է. ես սավսեմ կապ չունեմ: Ինչի՞ 94-ին Գյանջան չգրավեցիք ու հարցը չփակեցիք: Ինչի՞ 98-ին Լևոնը հրաժարական տվեց: Թող չտար: Բա ինչի՞ Սերժն ու Ռոբերտը չլուծեցին հարցը: Թող լուծեին: Եթե լուծող տղա էին: Հետո ի՞նչ, որ ես ասում էի՝ Լավրովի պլանը դավաճանական էր: Հենա, Իշխան Սաղաթելյանն էլ էր ասում: Թողեցիք իմ վրա: Ես էլ մինչև կջոկեի, թե ռուսներն ինձանից ինչ են ուզում, եվրոյոնջաների մտքին ինչ կա, մինչև դես, մինչև՝ դեն, Ադրբեջանը հարձակվեց: Չհասցրեցի:

Փրկիչներ. կա´ն փրկիչներ

Ահա այսպիսի անմեղ մարդկանց խորհրդարան է ձևավորվել: Հիմա իրար դեմ պայքարելու են, թե ով ավելի լավ կփրկի երկիրը: Նիկոլ Փաշինյանը 52 տոկոսով է փրկելու, Քոչարյանը՝ 21 տոկոսով, «Պատիվ ունեմը»՝ 7: Ստացվեց, որ միասին փրկելու են Հայաստանի 80 տոկոսը: Բա տակի 20 տոկո՞սը: Մեզ հեչ դուր չի գալիս այս թիվը: Ժամանակին Ադրբեջանն էր նվնվում, թե իր տարածքի 20 տոկոսը հայերը օկուպացրել են: Դրա համա՞ր են հիմա միջանցքներից խոսում, անկլավ-մանկլավ խաղացնում: 

Կատակը մի կողմ. այս ուժերը ո՞նց են աշխատելու: Որքանո՞վ են պետության համար այս ծանր ժամանակներում արդյունավետ աշխատելու, եթե նրանցից ոչ ոք իրեն պատասխանատու չի համարում... ոչ մի բանի համար: Բացի երկիր փրկելուց: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1443 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ