...

Կոստանյանն սկսել է ադեկվատության նշաններ ցույց տալ

Կոստանյանն սկսել է ադեկվատության նշաններ ցույց տալ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Աժ նախկին պատգամավոր  Գեւորգ Կոստանյանն անդրադառնալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին, որի վերաբերյալ  ՀՔԾ հաղորդագրության մեջ նշվում է նաեւ իր՝ Կոստանյանի անունը,  որի ցուցումով, ըստ ՀՔԾ-ի,  ոստիկանությունում կեղծվել են մարտի 1-ի դեպքերին վերաբերող մի շարք փաստաթղթեր, ասել է. «Քրեական իրավունքի դասագրքերը մեր երկում այլեւս արժեք չունեն եւ ենթակա են փոփոխման, քանի որ մերօրյա «իրավաբանների» իրականացված քրեական արդարադատությունն ուղղակի հակասության մեջ է անգամ դասագրքային ճշմարտությունների հետ»:

Կոստանյանից նախ պետք է ճշտել, թե այդ ո՞ր գրքերի մասին է խոսքը, արդյո՞ք նաեւ նրանց, որոնցով կրթված իրավաբանները  ժամանակին քրեական արդարադատություն էին իրականացնում մարտի 1-ի դեպքերից հետո դատված  քաղբանտարկյալների, եւ ոչ միայն նրանց նկատմամբ: Եթե այո, ապա իսկապես պետք է այդ գրքերը  փոխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել:  Իսկ եթե ոչ, ապա Ռ. Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կաբինետներում, նրանց պաշտոնավարման ժամանակ ձեւավորված արդարադատության համակարգում իրավաբանություն սերտած Կոստանյանին պետք է ասել. խնդիրը ամենեւին էլ դասագրքերի մեջ չէ, այլ՝ դրանք կիրառողների: Հետեւապես՝ գրքեր փոխելու փոխարեն հարկավոր է նախ փոխել դրանք կիրառողներին, ինչի հետ համաձայն ենք: Այ թե ինչ տեսակի «բեջուռա կենդանի» էր «գեւորգկոստանյանական եւ աղվանհովսեփյանական իրավաբանությունը»՝ (մասնավորապես «Բուդաղյանների գործ», «Ավետիսյանների գործ»),  ՀՀ-ից  քանի՞ գործ է գանգատարկվել  ՄԻԵԴ-ում  եւ քանի վճիռ է կայացվել դրանց վերաբերյալ՝ մենք չէ, որ պետք  է հիշեցնենք այդ  դատարանում ՀՀ կառավարության նախկին լիազոր ներկայացուցչին: Նշենք միայն վերջինի մասին, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը Բուզանդի 13 հասցեի նախկին բնակիչ Յուրի Վադանյանին պետք է հատկացնի 1մլն 602 հազար եվրո որպես նյութական, իսկ 6 հազար եվրո էլ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։   Ըստ դատարանի՝ խախտվել են արդար դատաքննության եւ սեփականության իրավունքները։

Ի դեպ, Կոստանյանը այսքանով չի բավարարվել  եւ «հլա մի բան էլ մատ է թափ տվել»՝ հիշեցրել է  «մեր ողջ իրավապահ համակարգին»,  թե  «նրանք, ովքեր իրենց գործունեության ընթացքում թույլ կտան կամ արդեն թույլ են տվել ապօրինություններ, անպայման կրելու են անձնական քրեական և բարոյական պատասխանատվություն իրենց գործողությունների համար` օրենքի տառին համապատասխան»: Թե ինչ է «անձնական քրեական եւ բարոյական պատասխանատվությունը»՝ իրավական գիտելիքների մեր պաշարը չի բավականացնում մեկնաբանելու համար, բայց հուսադրող է, որ Կոստանյանը սկսել է գործածել օրենքի տառին համապատասխան արտահայտությունը: Ի դեպ, նա խոստացել է իրեն մեղասագրվող արարքի եւ հանցակազմի հատկանիշների մասին խոսել ավելի ուշ եւ  15-20 օրից ներկայանալ նախաքննական մարմին: Հուսանք՝ խոսքի տերը կլինի,  այս ընթացքում չի հիվանդանա ու  բուժման պատրվակով  չի  կորչի  որեւէ օֆշորային երկրում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6915 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ