...

Կրկեսային համարը Սերժ Սարգսյանից կամ դեզինֆորմացիա

Կրկեսային համարը Սերժ Սարգսյանից կամ դեզինֆորմացիա

Մոսկվայի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի 2021-ին հրատարակած «Փոթորիկ Կովկասում» («Буря на Кавказе») գրքում տեղ է գտել նաև հայ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի և բրիտանացի ռազմական փորձագետ Մարկ Քազալեթնի «Ելք ցամաքում՝ կանխորոշված օդում» համատեղ հոդվածը, որում հեղինակները վերլուծում են Ղարաբաղյան երկրորդ պատերազմում անօդաչու թռչող սարքերի դերն ու Հայաստանի հակաօդային պաշտպանության խնդիրները։ Հոդվածն իսկապես ուշագրավ է, որում որոշակի փաստեր էլ կան ներկայացված։ Օրինակ՝ «․․․Որոշակի կասկածներ կան Հայաստանի կողմից համակարգերի գնման ժամկետների հետ կապված։ Տարբեր աղբյուրներ նշում են, որ նախքան 2020-ի պատերազմը Հայաստանն ունեցել է «Бук-М1-2» համակարգեր՝ վկայակոչելով դրանց մասնակցությունը 2017-ի շքերթին։ Այնուամենայնիվ, սրա հավաստիությունը կարող է մի քիչ շփոթեցնող լինել. տեղական մի աղբյուրի հաղորդմամբ՝ մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկիզբը Հայաստանը փաստացի չի ունեցել այդ համակարգերից։ Ցուցադրված զենիթահրթիռային համակարգերը վերցվել էին Գյումրիի ռուսական ռազմաբազայից և ներկվել Հայաստանի զինված ուժերի քողարկված գույներով, իսկ շքերթից հետո վերադարձվել։ Ըստ աղբյուրի՝ պատերազմի բռնկումից հետո Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է այդ համակարգերը, սակայն դրանք վերանորոգման կարիք են ունեցել և չեն կարողացել անմիջապես օգտագործվել։ 2020-ի դեկտեմբերի 13-ին տված հարցազրույցում ԼՂՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարեց, որ պատերազմի սկզբում հայկական վեց «Бук-М1-2» համակարգերից միայն մեկն էր աշխատունակ, իսկ մյուս հինգը սպասում էին Ռուսաստանից վերանորոգող խմբի ժամանմանը։ Արդյունքում, հակաօդային պաշտպանության այս համակարգը պատերազմի սկզբնական կրիտիկական փուլում չկարողացավ իր ներդրումն ունենալ Ղարաբաղի պաշտպանությանը, և որոշակի կասկածներ կան, թե արդյոք դրանք ընդհանրապես օգտագործվել են պատերազմի ընթացքում»,- նշել են հոդվածագիրները։

Մոտակա օրերին Սերժ Սարգսյանը պետք է խոսի՝ գուցե հանդես գա մամուլի ասուլիսի ֆորմատով։ Հետաքրքիր կլինի իմանալ, թե արդյոք այս տեղեկություններն իրակա՞ն են։ Եթե այո, ապա, կներեք, ավելի հիմար բան դժվար է մտածել ու բեմադրել հայտնի շքերթի շրջանակներում։ Մարդ, որը հայտարարում էր, թե կրկեսի վերածելու հայրենիք չունի, կպարզվի՝ կրկեսային համար է բեմադրել երկրի կարևորագույն միջոցառման՝ ռազմական շքերթի ժամանակ։ Իսկ եթե տեղեկությունները սխալ են, ապա պետք է պարզաբանումներ ներկայացնել և որոշակի ճգրտման պահանջներ դնել հոդվածագիրների առաջ։ Չնայած մի բան հուշում է, որ հոդվածագիրները ճիշտ են, Սարգսյանը՝ դարձյալ սխալ։

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2764 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ