...

Կրկին ընտրության է գնում առանց  անհարմար զգալու քաղաքի անբարեկարգ ու անմխիթար տեսքից

Կրկին ընտրության է գնում առանց  անհարմար զգալու քաղաքի անբարեկարգ ու անմխիթար տեսքից

Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի կամայականությունների մասին բազմիցս է խոսվել: Բայց նա նույն եռանդով շարունակում է անօրինականությունների հաղթարշավը: Մեր տեղեկություններով՝ քաղաքապետը վաճառել է Չարենցավանի թիվ 3 մանկապարտեզի խաղահրապարակը, որտեղ՝ թիվ 30 շենքի դիմաց, բնակելի տուն են կառուցում: Տարածքի մի հատվածում էլ արտադրամաս են հիմնել. թե ինչ կարտադրեն, պարզ կդառնա հետագայում: 

Այն, որ Շահգալդյանի ղեկավարման օրոք Չարենցավանում ոչ մի թիզ ազատ հող չի մնացել, հայտնի է չարենցավանցիներին այնպես, ինչպես նրա գործունեության ամլությունն առհասարակ: Քաղաքապետի պաշտոնում հնաբնակ համարվող Շահգալդյանը, մեղմ ասած, չի հանդուրժում կանաչ տարածքները: Էկոլոգիական նշանակության բազմաթիվ հողակտորներ նա օտարել և վաճառել է, մասնավորապես, ավտոտնակ կառուցելու համար՝ առանց այն էլ բուսազուրկ քաղաքը լիովին զրկելով կանաչ տարածքներ ունենալու հնարավորությունից: 

Ի դեպ, սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Հակոբ Շահգալդյանը արդեն հինգերորդ անգամ համայնքի ղեկավար դառնալու հայտ է ներկայացրել: Նա, ինչպես հայտնի է, Կոտայքի նախկին մարզպետ, մարզում ազդեցություն ունեցող Կովալենկո Շահգալդյանի որդին է և անխոնջ եռանդով լծվել է քաղաքն ու մարզն առհասարակ իրենով անելու գործընթացին: Կրտսեր Շահգալդյանի՝ Չարենցավան համայնքի հավերժ ղեկավար դառնալու մտադրությունները նրան նույնիսկ մի կուսակցությունից մյուսը թռչելու թևեր են տվել. անտեսելով հարազատ ՀՀԿ-ին, այս անգամ նա գլխավորելու է «Միասնական համայնք» դաշինքի համամասնական ցուցակը։ Դաշինքը ձևավորել են «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն»-ը։

Փաստորեն Հակոբ Շահգալդյանն ընտրությունների է գնում իր պաշտոնավարման տարիների ընթացքում բարեկարգման ոչ մի աշխատանքով աչքի չընկած, քաղաքի միայն տխուր կողմերն ավելի խորացրած պատկերով: Անմխիթար վիճակում են Չարենցավան քաղաքի բոլոր հուշարձանները, այդ թվում՝ մեծանուն պոետի «Գանգրահեր տղան» ստեղծագործության մոտիվներով զբոսայգին. երբևէ չի վերանորոգվել Գանգրահեր տղայի արձանը, ժանգով է պատվել թե արձանի, թե հիմնասյան մետաղը: Չգործող շատրվաններ, իրարից անջատվող-հեռացող աստիճաններ, սալահատակի պոկված սալիկներ, որոնց՝ թզաչափ հեռավորությամբ արանքներում խոտածածկույթն այնքան առատ է աճել,  որ անհնար է առանց դրանց մեջ խճճվելու քայլել: Գանգրահեր տղայի հուշարձանի շրջակայքում մոլախոտերը մարդաբոյ են, իսկ զբոսայգին կամաց-կամաց զրկվում է բուսականությունից: Ճաքած հուշակոթողները դիտողին երկրաշարժից ավերված շինություններ են հիշեցնում, իսկ փողոցների անբարեկարգ վիճակը, քանդված ճանապարհները՝ լքված քաղաքի տպավորություն է ստեղծում երբեմնի արդյունաբերական քաղաք համարվող Չարենցավանում: Պատկերը լրացնում է աղբամաններում երկար ժամանակ կուտակվող աղբը՝ լրացուցիչ սանիտարահիգիենիկ մարտահրավերներ ստեղծելով քաղաքի համար: Ոչ մի դրական փոփոխություն չի նկատվում նաև խոշորացումից հետո Չարենցավանին միացած մյուս համայնքներում: Փոխարենը Շահգալդյանը մարզում հարստություն է դիզում անշարժ գույքի՝ մասնավորապես հողակտորների տեսքով:

Քաղաքի անմխիթար վիճակը ներկայացնում ենք լուսանկարներով: Իսկ բերված ցանկում ներկայացված է Հակոբ Շահգալդյանին պատկանող անշարժ գույքը:

  • Մարզ Կոտայք, համայնք Չարենցավան, Չարենցավան քաղաք, 5-րդ թաղամաս, 17 շենք, 18 բնակարան, բնակելի 
  • Մարզ Կոտայք, համայնք Չարենցավան, Չարենցավան քաղաք, 5-րդ թաղամաս 17 բնակելի 
  • Մարզ Կոտայք, համայնք Չարենցավան, Չարենցավան քաղաք, Վ.Տերյանի փողոց 1, առևտրի սրահ, հասարակական 
  • Մարզ Կոտայք, համայնք Չարենցավան, գյուղ Ալափարս 27-րդ փողոց, 32 հողամաս, բնակելի 
  • Մարզ Կոտայք, համայնք Չարենցավան, գյուղ Ալափարս 27-րդ փողոց, 21 հողամաս, բնակելի 
  • Մարզ Կոտայք, համայնք Չարենցավան, գյուղ Ալափարս, Չարենցավանի խճուղի 4
  • Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ, Հին գյուղ թաղամաս, 59 հողամաս 
  • Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ, 2 թաղամաս, 31 հողամաս
  • Մարզ Կոտայք, գյուղ Արտավազ, 2 թաղամաս, 31 հողամաս 
  • Մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ ,գյուղ Ձորաղբյուր Հ թաղամաս, Բանակի փողոց 1-ին նրբանցք, 4 հողամաս
  •  Մարզ կոտայք, համայնք Աբովյան, Աբովյան քաղաք, Ռոսիայի փողոց 1/10 հասարակական 
  • Մարզ Կոտայք, համայնք Աբովյան, գյուղ Առինջ, 19-րդ փողոց, թիվ 18 հողամաս
  • Մարզ Կոտայք, համայնք Արզնի, 17-րդ փողոց , թիվ 4 հողամաս 
  • Մարզ Կոտայք, համայնք Արզնի, 17-րդ փողոց, թիվ 6 հողամաս 
  • Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Հանքավան, 4-րդ փողոց, 4 
  • Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Հանքավան, 4-րդ փողոց 6
  •  Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Հանքավան, 4-րդ փողոց 2
  •  Մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Հ թաղամաս, Ազատության փողոց, 21-րդ նրբանցք, 14 հողամաս:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   10056 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ