...

«Левый фланг – в центр»

«Левый фланг – в центр»

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

(ֆուտբոլային նովել)

Վերջին ամիսը նշանավորվեց մի չափազանց կարևոր իրադարձությամբ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը վերջապես մի շարք մտքեր արտահայտեցին, որոնց հետ դժվար է չհամաձայնելը: Նախ՝ ղարաբաղյան հարցի դիտարկումը ազգերի ինքնորոշման իրավունքի տեսակետից: Մյուսը՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցելու պատրաստակամությունը:

Թվում է, թե այսքանից հետո լիբերալ ուժերը պետք է հոնգուր-հոնգուր լաց լինելով գցվեին Քոչարյան-Օսկանյան զույգի գիրկը, ներողություն խնդրելով բոլոր գործած-չգործած մեղքերի համար: Բայց քանի որ լիբերալները չշտապեցին նետվել Քոչարյանի գիրկը, փորձենք հասկանալ, թե որքանով են այս երկու իսկապես ճիշտ հայտարարությունները մեզ օգտակար:

Նախ, եթե իշխանությունները կտրուկ շրջադարձ են կատարում այնպիսի նուրբ բնագավառում, ինչպիսին արտաքին քաղաքականությունն է, նշանակում է, որ քաղաքական ողջ բուրգը փլուզման եզրին է: Արտաքին քաղաքականությունը սերտորեն կապված է բոլոր այլ բնագավառների հետ և վերջին հաշվով կանխորոշում է երկրի զարգացման ռազմավարությունը: Փոխելով արտաքին քաղաքական հայեցակարգը, անկախ այն բանից, թե որքանով է նորը ճիշտ, վտանգվում է երկրի ողջ քաղաքական համակարգը: Պարադոքսալ է, բայց ցանկացած սխալ հայեցակարգի հետևողական զարգացումը կարող է ավելի շահավետ լինել, քան դրա կտրուկ փոփոխությունը: Բացի նշված հանգամանքներից Մինասիչն ու Սեդրակիչը ևս մեկ անգամ զարմացրին համաշխարհային հանրությանը:

Բայց եթե առօրյա կյանքում նման զարմանքը կարող է ունենալ դրական հետևանքներ, ապա դիվանագիտության մեջ այս վայրիվերումները պարտադիր կհանգեցնեն անբարեհույս գործընկեր պիտակվելուն: Այս առումով պետք է հիշել հաշվապահ Բերլագայի երկխոսությունը իր հին ծանոթի հետ գժանոցում: Ցավոք, մեր իշխանություններն ամենայն հավանականությամբ ծանոթ չեն այդ դարակազմիկ մտքերին: Այդ իսկ պատճառով հիշեցնենք, որ երբ իրեն Հնդկաստանի փոխարքա հայտարարող հաշվապահ Բերլագան մտադրվեց փոխել լեգենդը, հին ծանոթն ասաց, որ խելագարը չի կարող զառանցանքը ձեռնոցների նման փոխել, այլապես մեծ է հավանականությունը, որ իրեն սիմուլյանտ կհամարեն:

Կրկնեմ, այս ամենը մեր հարազատ իշխանություններն ամենայն հավանականությամբ չգիտեն: Չգիտեն նրանք, որ եթե ծովից ծով Հայաստանով իշխանության եկած քաղաքական ուժը, որի բարձրագույն դիվանագիտական ծառայողներից մեկը մինչև վերջերս եղել էր աշխարհի ամենապահանջատեր կուսակցության անդամը, հանկարծ փոխի զառանցանքը, հազար ներողություն՝ արտաքին քաղաքական հայեցակարգը, ողջ աշխարհի կողմից այն կընդունվի որպես քաղաքական սիմուլյանտ:

Հաջորդ հանգամանքը քննելու համար պետք է վերադառնանք մեր առաջին ենթադրությանը. եթե իշխանությունները որդեգրել են արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ, ապա նախորդն իրեն սպառել է, և այդ գաղափարներով եկած քաղաքական ուժը քաղաքական բանկրոտ է: Տնտեսվարող սուբյեկտների պարագայում այդպիսի դեպք սովորաբար սկսվում է օրենքով նախատեսված սանացիայի (առողջացման) գործընթացը, որը զուգորդվում է ղեկավարության և ընդհանուր կուրսի փոփոխությամբ: Նույնը պետք է լինի նաև քաղաքականության մեջ:

Արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև ներքինը, լուրջ սանացիայի կարիք ունի, բայց դա պետք է անեն ուրիշ մարդիկ: Իսկ այսօրվա ազգային ջոջերը պետք է զիջեն իրենց տեղը, գոնե մասխարա չդառնալու և երկիրը մասխարա չդարձնելու համար: Ի դեպ, արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխությունը նշանակում է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները 3 տարվա ընթացքում ջուրն են գցել իրենց հարկերը, որոնց շնորհիվ և գոյատևում են մանր ու մեծ դիվանագետները և ինքը՝ Քոչարյանը: Ավելի պարզ լինելու համար ասեմ, որ դա նման կլիներ այն բանին, որ ձեր խոնարհ ծառան ամեն օր անցնելով Շախմատի տան մոտով, մեկ 500 դրամանոց գցեր Գետառը:

Ս. Մինասյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 310, դեկտեմբերի 7, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   351 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ