...

Toilet diplomacy

Toilet diplomacy

SARTIR

Հայաստանի արդեն բավականաչափ տաղտկացած քաղաքական կյանքը վերջին շաբաթ թևակոխեց մի անասելի աշխուժության փուլ: Կարծես թե իշխանությունները վերջապես հասկացան, որ երկրում տիրող գորշ և միապաղաղ մթնոլորտը պետք է ցրվի:

Մեր պապերն այդ դեպքերում կանչում էին քյանդրբազներ ու յալանչիներ: Նրանց թոռներն՝ ի դեմս ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի, այլևս քյանդրբազի փող չունեն, այդ իսկ պատճառով ժողովրդին զվարճացնելու համար հաղորդակցվում են լրագրողների հետ: Վերջին անգամ այդ հաղորդակցության ընթացքում ընկեր Օսկանյանը բերնից թռած խոսքում 92-93թթ. ազատագրված պատմական Արցախի և Սյունիքի տարածքները անվանեց օկուպացված: Ասելուն պես պարոն Օսկանյանն ամենայն հավանականությամբ փոշմանեց ասածի համար, բայց, ինչպես ռուսներն են ասում՝ «слово - не воробей, вылетит - не поймаешь»: Քանի որ խոսքը ետ ֆռցնելն անհնար էր, մեր սիրելի դիվանապետը բացատրեց: Պարզվեց, որ օկուպացված ասելով նա պարզապես նկատի ուներ՝ «occupied»: Արտգործնախարարը երևի կարծում էր, որ շշմելով նրա թունդ գիտելիքներից, հայ ժողովուրդը կկծի լեզուն և կլռի պատկառելի լռությամբ: Անկեղծ ասած, ես էլ վախեցա: Վախենալուն պես հիշեցի, որ մենք՝ հայկական բանասիրականի ուսանողներս, գիտկոմունիզմի դասերին նստում էինք ռոմանոյի ժողովրդի հետ, իսկ վերջիններս այդպիսի դեպքերում խորհուրդ էին տալիս բացել բառարանը: Հետևելով այդ խորհրդին, ես պարտաճանաչորեն բացեցի Մյուլլերի բառարանը: Պարզվեց, որ Մյուլլերը 1962 թվականից խաբում էր հանրությանն՝ ասելով, որ occupy նշանակում է «զբաղեցնել (տեղ կամ պաշտոն), տիրել, օկուպացնել»: Նույն բանն ասում է օքսֆորդյան ուսանողական բառարանը: 

Ինչպես տեսնում եք, տարածք զբաղեցնելու մասին ոչ մի տեղ ոչ մի խոսք չկա: Տարածքներն ըստ բառարանի կարող են լինել միայն տիրված կամ զավթված: Այդպես են գտնում բառարանները: 

Անսպասելիորեն ինձ օգնության հասավ ոչ ավել ոչ պակաս՝ Քոչարյան Ռոբերտը, որը դեռևս Ստեփանակերտում ապրած տարիներին սերտում էր Շեքսպիրի և Մայքլ Ջեքսոնի լեզուն: Ելույթ ունենալով ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի, պարոն Քոչարյանը մտերմիկորեն ասաց լրագրողներին, որ պարոն Օսկանյանն անկասկած ճիշտ էր, պարզապես մեր կիսագրագետ հանրությունը պետք է հասկանա լեզվամտածողության բարդույթները: Բնական հարց է ծագում՝ արդյոք Հայաստանում բարձրագույն պաշտոնյան նորմա՞լ է համարում, որ արտգործնախարարը չի տիրապետում իր մայրենիին: Արդյոք մենք դրանից հետո իրավունք ունե՞նք պահանջելու միսթր Օսկանյանից պաշտպանել մեր երկրի շահերը: 

Բայց վերադառնանք միսթր Քոչարյանին: Ինչպես մենք ասացինք, երկրի գործող նախագահը լրագրողների հետ կիսվեց իր հարուստ լեզվաբանական գիտելիքներով: Պարզվեց, որ պրն Օսկանյանն իսկապես ճիշտ էր, քանի որ օդանավում թռչելիս պարոն Քոչարյանը բազմիցս նկատել է, որ օդանավում պատի վահանակներից մեկի վրա պարբերաբար գրվում է «toilete is occupied»: Սա ամենայն հավանականությամբ պրն Քոչարյանի ամենավառ տպավորությունն էր նյույորքյան բիզնես ֆորումից: Շշմեցնելով լրագրողներին զուգարանային դիվանագիտության այս օրինակով, պարոն Քոչարյանն անցավ իր ուղղակի պարտականություններին՝ վերջին խոսքերով հայհոյել իր քաղաքական հակառակորդներին: 

Գիտեք, Ռոբերտ Սեդրակիչ, դուք համարյա ինձ համոզեցիք, որ տարածքներն, ինչպես և զուգարանը, կարող են լինել զբաղված: Բանն այն է միայն, որ զուգարանը չի կարող լինել ազատագրված: Բանն այն է, որ անկախ նրանից, թե ինչ նկատի ուներ 1998 թվականին ՀՀ քաղաքացիություն ընդունած արտգործնախարարը, 1992-1993թթ. ազատագրված պատմական Սյունիքի և Արցախի տարածքները պետք է նվիրվեն Ադրբեջանին: Հե՛նց նվիրվեն, քանի որ Արցախի անվտանգության գինը Մեղրին է: Բանն այն է, որ վերջին երեք տարում բոլոր քաղաքական հարցերը լուծվում են նույն զուգարանային մակարդակով: Բանն այն է, որ մեր իշխանավորները վերջնականապես խճճվել են ճշտի և ստի մեջ: Այլևս հնարավոր չէ հայհոյելով նախկիններին կոծկել իրողությունը, ասենք այն, որ մեծ հավանականությամբ Մեղրի կմտնեն օտար զինվորներ, որ ազատագրված տարածքները կհանձնվեն Ալիևին, որ Ղարաբաղը կմնա Ադրբեջանի կազմում: Մնում է զբաղվել զուգարանային դիվանագիտությամբ՝ Toilet diplomacy, ինչպես կասեր Վարդան Օսկանյանը: 

Դ. Գրիգորյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 202, մայիսի 18, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   910 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ