...

Լկտիության առաձգական սահմանները

Լկտիության առաձգական սահմանները

ՅՈԹՆ ԷԼ ՈՒ ՎԵՐՋ

Հունիսի 20-ին «համաներման» արդյունքում հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեցին հոկտեմբերի 27-ի գործով 13 ամբաստանյալներից 6-ը: Կարելի էր այսքանով էլ ավարտել հոդվածը, որովհետև, ՀՀ «Մամուլի մասին» օրենքի համաձայն, լրատվամիջոցներում հայհոյել չի կարելի:

Եվ այնուամենայնիվ, արժե անդրադառնալ մեկ-երկու հարցի: Նախ, ո՞ր վիժվածքի մտքով է անցել, որ կարելի է ազատ արձակել նրանց, ովքեր տեղյակ են եղել կատարվելիք ոճրագործության մասին, բայց չեն հայտնել: Երկրորդ՝ չի՞ նշանակում սա արդյոք, որ Նաիրի Հունանյանին պարզապես հերթական երաշխիքն են տալիս, որ նրա գլխից ոչ մի մազ չի պակասի, և հաջորդ համաներմանը նա նույնպես ազատ կարձակվի: Եվ այս քայլը պարզապես նախնական «զոնդաժ» է՝ պարզելու համար հասարակության վերաբերմունքը:

Մարդկային լկտիությունն իսկապես չափ ու սահման չի ճանաչում: Բայց «քրիստոնյա» իշխանավորներն ակնհայտորեն խուճապի մեջ են: Այլապես ինչպե՞ս բացատրել նման շտապողականությունը: Թե՞ Նաիրի Հունանյանը վերջնագիր էր ներկայացրել, ու «տղերքի» նյարդերը չդիմացան: Ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ «համաներման» արդյունքում հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալների կեսից ավելին ազատ են արձակվում, իսկ դպրոցի շենքը վերանորոգած Աշոտ Բլեյանն ազատ չի արձակվում:

Բայց ամենաահավորն այն է, որ այս «օպերացիայի» նախագծողները ճիշտ են հաշվարկել ամեն ինչ: Իսկ ո՞վ պիտի ընդդիմանա: Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատնե՞րը: Քանի կար՝ նրանք սպասում էին նախաքննության ավարտին, հետո՝ դատավարության սկսվելուն, հետո՝ դատավարության ավարտին, հիմա երևի սպասում են քրիստոնեության ընդունման 1800-ամյակին: Հասարակությո՞ւնը: Հայաստանում չկա հասարակություն: Հայաստանում կա բնակչություն, որը հստակորեն բաժանված է երկու մասի. արտագաղթողներ և սեփական արտագաղթի համար նյութատեխնիկական բազա կուտակողներ:

Փաստն այն է, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի համաձայն հոկտեմբերի 27-ի գործով 6 ամբաստանյալներ ազատ են արձակվել: Ահա և մեր ճշմարտությունը: Ի դեպ, իշխանությունները լավ կանեն հիմիկվանից մի համաներում էլ ընդունեն, որի համաձայն, ասենք, պետք է չդատվեն հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբին ակնհայտ հովանավորողները, երկիրն ահաբեկչության մեջ խեղդողները, Հայաստանի տարածքով առևտուր անողները և այլն: Հետագայում պետք կգա:

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 221, հունիսի 21, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ