...

Քաղաքակիրթ Եվրոպայի արժեքներն այսօրվա Հայաստանի համար կիրառելի չեն

Քաղաքակիրթ Եվրոպայի արժեքներն այսօրվա Հայաստանի համար կիրառելի չեն

ԸՆՏՐՈՎԻ

Հայաստանում Իտալիայի դեսպանը չի զարմանում հոկտեմբերի 27-ի առիթով: Ավելին՝ նա պնդում է, որ իր երկրում 70-ական թվականներին բազմաթիվ նման (?) սպանություններ են եղել, բայց մահապատիժ չի կիրառվել: Ուրեմն եվրոպացիները որոշել են, որ Հայաստանում պետք է վերացվի մահապատիժը, ինչը Նաիրի Հունանյանի և նրա խմբի համար պարզապես համաներում է նշանակում:

Ռ. Քոչարյանը բոլորովին չի ընդդիմանում եվրոպական քաղաքակրթության այս նվաճումը Հայաստանի վրա տարածելուն: Ընդհակառակը, նրա համար պատեհ առիթ է ստեղծվել դեմոկրատ-հումանիստ-եվրոպացի երևալու: Եվ նա հայտարարում է, որ քանի ինքը նախագահ է, Հայաստանում մահապատիժ չի կիրառվի: Եվ միանգամից խփում է երկու թիրախի: Նաիրին համոզվում է, որ Քոչարյանի խոսքը «տղամարդու» խոսք է, իսկ Եվրոպան պիտի նպաստի նրա իշխանության ամրապնդմանը, քանի որ հենց նա գահընկեց արվի, Հայաստանը կդառնա համատարած մահապատիժների երկիր: Եվ քաղաքակիրթ եվրոպացիները Ռ. Քոչարյանին չեն հարցնի. պ-ն Քոչարյան, Դուք ո՞վ եք, Օրե՞նք եք, Սահմանադրությու՞ն, թե՞ արևելյան մի խան, որն այս երկրում փոխարինում է և՛ օրենքը, և՛ սահմանադրությունը: Օրինապաշտ եվրոպացիներն իհարկե չեն հարցնի. եթե Դուք դեմ եք մահապատժին, ինչո՞ւ է Ձեզ սատարող 100-ամյա կուսակցությունը «արդարացնում» ահաբեկչությունը, ուրեմն նաև՝ մարդասպանությունը, ինչո՞ւ 1998-ից, երբ Դուք, Սահմանադրությունը խախտելով, զավթեցիք իշխանությունը, Հայաստանում սկսվեց քաղաքական սպանությունների չբացահայտված մի շարք, ինչո՞ւ Դուք մեկ անգամ թեկուզ հրապարակավ չդատապարտեցիք ահաբեկչությունը որպես երևույթ: Գուցե ահաբեկչությունը եվրոպակա՞ն արժեք է, իսկ մահապատիժը՝ ոչ...

Եվ հիմա եվրոպացիների «սադրանքով» Հայաստանում կատարվում է այն, ինչ պիտի կատարվեր, և ինչը, անշուշտ, ձեռնտու է Ռ. Քոչարյանին: Հոկտեմբերի 27-ին զոհված գործիչների հարազատները, բնականաբար, ընդվզում են և պահանջում, որ ահաբեկիչներն արժանանան բարձրագույն պատժին:

Ընդդիմադիր քաղաքական ուժերը նույնպես չեն ուզում հաշտվել Ն. Հունանյանի փաստացի անպատժելիության հետ: Իրավաբանների կարծիքով՝ Եվրոպայի պահանջը կատարելու դեպքում ոճրագործը համոզվելու է, որ ապրելու համար երաշխիք ունի, ուրեմն անհնար է դառնալու նրանից հանցագործության կազմակերպիչների մասին «տեղեկություններ» ստանալը: Շատերն են կարծում, որ մահապատժի հեռանկարը կստիպեր խոսել մարդասպանին: Ուրեմն, ինչպես տեսնում եք, հարգելի՛ եվրոպացիներ, հայաստանյան ընդդիմությունը դեմ է ձեր արժեքներին, մասնավորապես՝ մահապատժի վերացմանը, և միայն ինքը՝ Ռ. Քոչարյանն է դրանց կրողն ու երաշխավորը:

Բարձրացված աղմուկն օգնում է օրվա իշխանություններին, մանավանդ այն պարագայում, երբ նրանք համոզված են, որ իրենց գործունեությունն անպատժելի և անքննելի է: Այն պարագայում, երբ Հայաստանում հասարակությունն այնքան է սովորել ահաբեկչության ու հայհոյանքի, նախկին ընդդիմադիր, այսօր՝ իշխանամետ քարոզիչներն այնպես են «չարչարվել», որ սպանությամբ քաղաքական հարցեր լուծելը դառնա «ազգային արժեք» (հիշու՞մ եք՝ կախել, վառել, պատժելու հրապարակային կոչերը՝ արյան ծարավ ամբոխին դուր գալու համար), զոհերի հարազատների միանգամայն հասկանալի ընդվզումը չի կարող հասարակական արձագանք ունենալ: Ոչ մի Եվրոպա մեր հարցերը, բնականաբար, չի լուծելու, ոչ մի եվրոպական-քաղաքակիրթ արժեք Հայաստանում չի արմատավորվելու, քանի դեռ սովորական հայաստանցին չի հասկացել իր մարդկային արժեքը:

Եզրակացնենք՝ մինչև մենք՝ հայաստանցիներս, տեր չկանգնենք մեր իրավունքներին ու մեր Սահմանադրությանը, Քոչարյանը ու նրա նման էլի շատերը (եթե Հայաստանը վերջնականապես չդատարկվի) շարունակելու են իրենց հաղթական արշավը՝ ընդդեմ մեր պետության: Այս կարգի «գործիչները» դեմք չունեն, ունեն բազմաթիվ դիմակներ՝ տարբեր տեղերում օգտագործելու համար:

Իսկ եվրոպացիներին ասենք՝ ձեր արժեքներն այսօրվա Հայաստանի համար չեն, որովհետև դրանք որդեգրվում են ընտրաբար՝ հօգուտ իշխող վարչակազմի, մեկ-մեկ էլ՝ Նաիրի Հունանյանի...

Լ. Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 234, հուլիսի 13, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ