...

«Մազգավոյ շտուրմ»

«Մազգավոյ շտուրմ»

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը հայտարարել է, թե «մեր ամենամեծ սխալը գործել ենք 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Արցախի՝ Հայաստանին վերամիավորման որոշումից հրաժարվելով և Արցախի հարցը ինքնորոշման իրավունքի դաշտ տեղափոխելով, ինչը իր հերթին ծնեց մի շարք բարդություններ»:

Հետո այս մարդիկ գնում, Նիկոլ Փաշինյանի վրա են զայրանում, երբ վերջինս իր անհաջողությունները բացատրելիս ասում է. դե, սաղ մեղավորը, երբ 1994-ի զինադադարը, 1989-ի դեկտեմբերի 1-ի որոշումը, ԳԿՉՊ-ն, Մադրիդը, Լիսաբոնը... դե, բոլոր լոլոները չենք հիշեցնում:

Հիմա էլ ասում են՝ այ, էն ժամանակ պիտի ղարաբաղյան հարցը լուծվեր տարածքային ամբողջականության սկզբունքով, ոչ թե՝ ազգերի ինքնորոշման: Բայց չեն պատասխանում դրանից բխող մի հարցի. իսկ ինչո՞ւ է տեղափոխվել ազգերի ինքնորոշման իրավունքի դաշտ: Որովհետև ԽՍՀՄ-ի իշխանությունները կտրականապես մերժեցին Արցախի ու Հայաստանի վերամիավորման առաջարկներն ու փորձերը, իսկ դրանք եղել են, դրա ուղղությամբ աշխատանքներ են տարվել, Պոլիտբյուրոյի նիստեր են կայացել, բայց չի ստացվել: 

Իսկ չի ստացվել, որովհետև ԽՍՀՄ ղեկավարությունը մտավախություններ ուներ, որ եթե Արցախը Հայաստանի կազմում ընդգրկելու առաջարկը բավարարվեր, իրար հերթ չտալով, նմանատիպ պահանջներով հանդես էին գալու ԽՍՀՄ նախկին բոլոր հանրապետությունները: Ու ԽՍՀՄ-ը ստանալու էր տասնյակ անկառավարելի հակամարտություններ:

Դժվա՞ր է սա հասկանալը: Իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արդեն նոր իրողություններ եղան, նախկին հանրապետությունները միջազգայնորեն ճանաչվեցին այն սահմաններով, որոնք ունեցել են ԽՍՀՄ-ի օրոք և 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումով Ադրբեջանի դեմ դուրս գալը նշանակում էր տարածքային պահանջներ ներկայացնել, ինչը միջազգային հանրությունը չէր հանդուրժի, և մեր երկիրը «իզգոյի» կարգավիճակ կստանար: Միակ ճանապարհը ազգերի ինքնորոշման սկզբունքն էր, որի միջոցով հնարավոր կլիներ հարցը մեր համար շահավետ կերպով լուծել: Ինչը հետագայում լրիվ իրեն արդարացրեց:

Հիմա եկել, ասում են՝ չէ, սխալ եք արել, պիտի Ադրբեջանին պատերազմ հայտարարեինք, Արցախը մեզ միացնեինք, պրծնեինք: 

Ինչ էլ թույն անուն են դրել. ուղեղային կենտրոն: Էս ուղեղով ե՞ք աշխատում:

Հ.Գ. Իմիջիայլոց, ուղեղային բոլոր կենտրոնները եթե մուննաթի են ծարավ, թող հիշեն, որ 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը՝ Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին, մի անգամ գործել է: 1998 թվականին հունվարին, երբ այդ որոշման հիման վրա Ռոբերտ Քոչարյանը նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն ստացավ: Գնացեք, իրեն էլ հարցրեք, թե ինչու մենակ ինքը մասնակցեց ընտրություններին, այլ ոչ թե՝ ամբողջ արցախահայությունը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   649 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ