...

Մեղրիի տարբերակը լրջորեն քննարկվել է

Մեղրիի տարբերակը լրջորեն քննարկվել է

ՕԿՈՒՊԱՑԻԱ

Ամեն անգամ, երբ խոսք է գնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակության, կամ, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակի» մասին, մեր իշխանությունները բառիս բուն իմաստով հիստերիայի մեջ են ընկնում և հայտարարում, թե նման բան չի եղել: Վերջին անգամ այս հարցով իշխանությունները «ստախոսության մեջ» մեղադրեցին Վաղարշակ Հարությունյանին:

Բայց հնարավոր չէ ամբողջ աշխարհին մեղադրել «ստախոսության մեջ»: Դեռևս 2001թ. մարտին աշխարհի ամենահեղինակավոր քաղաքական պարբերականներից մեկում՝ «Լը Մոնդ Դիպլոմատիկ»-ում, լույս է տեսել մի ընդարձակ հոդված՝ նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որտեղ մանրամասն ներկայացվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային փոխանակման առաջարկը: (Հոդվածին կից քարտեզը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը): Ըստ հոդվածագրի, այս առաջարկն ասպարեզ է իջել 2000թ. հունվարին՝ դավոսյան բանակցություններից առաջ: Հետագայում այս առաջարկն ինչ-ինչ ճանապարհներով դարձել է հանրության սեփականությունը: Ըստ հոդվածագրի, առաջարկի հրապարակումից հետո հայկական կողմի ռեակցիան եղել է ուշացած և բավականին շփոթված: 

Ներկայացված քարտեզից երևում է, որ ըստ այդ ծրագրի, հայկական ուժերը պետք է դուրս բերվեն ազատագրված բոլոր շրջաններից (հետաքրքիր է, իսկ ո՞ւր մնաց 98-ի հեղաշրջումից առաջ խոստացված «8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Ղարաբաղը»), իսկ Լաչինի միջանցքը (նույնիսկ ո՛չ ամբողջ շրջանը) պետք է փոխանակվի Մեղրիի միջանցքի հետ: 

Եվս մի ուշագրավ հանգամանք: Հայաստանի իշխանություններն ամեն քայլափոխի հայտարարում են, թե գոյություն ունի հակամարտության կարգավորման՝ մեզ համար ընդունելի երեք սկզբունք. առաջին՝ Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի ենթակայության տակ, երկրորդ՝ Ղարաբաղը պետք է ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ, երրորդ՝ Ղարաբաղին անհրաժեշտ են անվտանգության միջազգային երաշխիքներ: Վերջին անգամ այս սկզբունքների մասին հիշեցրեց Սերժ Սարգսյանը

Ուշադրություն դարձրեք՝ ներկայացված առաջարկը (Մեղրիի տարբերակը) ներառում է այս երեք սկզբունքները: Այսինքն՝ Մեղրին տալու դեպքում և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային հանրությունը սիրով կհամաձայնվեն, որ Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում (որևէ ձևակերպմամբ), ունենա Հայաստանի հետ ցամաքային սահման և անվտանգության միջազգային երաշխիքներ: 

Այլ հարց է, որ այդ ամենը տեղի կունենա Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին: Այնպես որ, լավ կլիներ, եթե ՀՀ իշխանություններն ավելացնեին նաև չորրորդ սկզբունքը և հայտարարեին, որ «ՀՀ որևէ տարածք չի կարող բանակցությունների առարկա դառնալ»: 

Ի դեպ, այս ամենի մեջ առավել վտանգավորը հետևյալն է. հասարակությունը, անկասկած, գիտակցում է, թե որքան կործանարար կարող է լինել Մեղրիի տարբերակի իրականացումը Հայաստանի համար: Բայց հասարակության զգալի մասը հարկ չի համարում ընդվզել սրա դեմ՝ ինքն իրեն հանգստացնելով, թե «եթե նույնիսկ Քոչարյանը գնա նման դավաճանական քայլի, Մեղրիի կորուստը ռուսները թույլ չեն տա»: Մինչդեռ պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ համոզվել ենք՝ անհրաժեշտ է պայքարել հանուն սեփական շահերի և ոչ թե սպասել, որ ուրիշները պայքարեն հանուն դրանց: Իսկ քաղաքականության մեջ բացառապես դրսի ուժերի վրա հույս դնելը կործանարար է: 

Հրայր Ավետիսյան 

Հ.Գ. Հուսով ենք, ՀՀ իշխանությունները չեն քաշի «ԼԸ Մոնդ Դիպլոմատիկ»-ի ականջները և վերջինիս չեն զրկի ամսագրի կոչումից: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 384, օգոստոսի 6, 2002 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   307 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ