...

Միտումներ, որ օգտակար են Քոչարյանին

Միտումներ, որ օգտակար են Քոչարյանին

ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐՆ Է

Հանրապետությունում ներքաղաքական պայքարն աստիճանաբար սրվում է, և գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ժողովուրդն ի վերջո արթնանալու է և չի հանդուրժելու այս իշխանություններին: Վերջին հաշվով՝ չեն կարող երկար ժամանակ գոյատևել այն իշխանությունները, որոնց օրոք բազմաթիվ չբացահայտված սպանություններ են տեղի ունեցել, որոնց օրոք արտագաղթն աննախադեպ ծավալներ է ընդունել, թալանն ու կոռուպցիան հրեշավոր չափերի են հասել, քաղաքական հալածանքները դարձել են սովորական երևույթ և այլն:

Բայց չենք կարող չխոսել մի բացասական երևույթի մասին, որի ծանրագույն հետևանքներն այսօր շատերը կամ չեն գիտակցում, կամ գիտակցում են, բայց առաջնորդվում են «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով: Խոսքը տվյալ դեպքում «հայաստանցի-ղարաբաղցի» չարչրկված թեմայի մասին է: Եվ այն մասին, թե ինչպես են «նրանք թուրքերի մեջ ապրած մարդիկ են», «նրանք շուռ տված հայեր են» և այլ կարգախոսներն աստիճանաբար հասարակության մեջ արմատավորում մի տեսակ խուլ թշնամանք հայաստանցիների և ղարաբաղցիների միջև: Նույնիսկ հոգեբանական գիտությունների զանազան թեկնածուներ են հայտնվել, որոնք Ռոբերտ Քոչարյանի կերպարի հոգեվերլուծության փորձեր են անում և եզրակացնում, որ այս ամենի պատճառը պետք է բացատրել «խորհրդային յոթանասուն տարիներին Լեռնային Ղարաբաղի բացարձակ ադրբեջանականացմամբ, Քոչարյանի ծննդավայրի սոցիալական միջավայրով, լեզվի, կրթական ու մշակութային արժեքային համակարգերի հետ վերջինիս շփմամբ...»: Տեղեկացնենք, որ Լեռնային Ղարաբաղը բացարձակապես ադրբեջանականացված չէր: Ի տարբերություն, ասենք, Մասիսի կամ Ղափանի շրջանների: Տեղեկացնենք նաև, որ տոկոսային հարաբերությամբ Ստեփանակերտում ավելի շատ հայկական դպրոց կար, քան Երևանում: Բայց սա չէ՛ խնդիրը:

Հարցը հետևյալն է. իսկ մի՞թե ծագումով շամշադինցի մեկը չէր կարող անօրինական ճանապարհով հայտնվել ՀՀ նախագահի աթոռին: Եվ մի՞թե այս դեպքում հասարակությունը չպետք է պայքարեր նրա դեմ՝ երկրում օրինական իշխանություն հաստատելու համար: Կամ գուցե պետք է նման հոգեբանություն ունեցողների «հոգեվերլուծության փո՞րձ» կատարել: Եվ եզրակացնել, որ հայ ժողովուրդը պարզապես հոգեբանորեն պատրաստ է ընդունել օտարի լուծը և քանի որ չի կարողանում (կամ վախենում է) պայքարել անօրինական իշխանությունների դեմ, ինքն իրեն արդարացնելու համար հայտարարում է, թե դրանք օտարներ են: Ռոբերտ Քոչարյանն օտար չէ, պարոնայք, նա մեկն է ձեզանից և ձևավորվել է նույն միջավայրում, ինչ դուք:

Եվ չարժե խոսել «հայաստանցի-ղարաբաղցի» թեմաներով: Ղարաբաղցիների և հայաստանցիների միջև ոչ մի տարբերություն չկա, տարբերությունը ձեր ուղեղների մեջ է: Ընդ որում, այս իշխանությունները հավերժ չեն, վաղ թե ուշ գնալու են: Իսկ Ղարաբաղում միշտ էլ հայեր են ապրելու: Եվ չարժե իշխանափոխության նման մի չնչին հարց լուծելու համար ատելություն սերմանել ժողովրդի երկու հատվածների միջև:

Մանավանդ որ այդ ատելության սերմանումը ձեռնտու է նաև Ռոբերտ Քոչարյանին: Որովհետև ղարաբաղցի լինելու «մեղադրանքից» պաշտպանվելը շատ ավելի հեշտ է, քան տասնյակ այլ ծանրագույն մեղադրանքներից: Բացի այդ, դա նրան հնարավորություն կտա պաշտոնանկությունից հետո վերադառնալ Ղարաբաղ:

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 271, հոկտեմբերի 2, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   335 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ