...

Մոսկվան նյարդայնացնում է Քոչարյանին

Մոսկվան նյարդայնացնում է Քոչարյանին

«No comment»,- հայտարարել է Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ձերբակալված ադրբեջանցի զինծառայողները չփոխանակվեցին Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ։ «Ազատություն» ռադիոկայանի ճշգրտող հարցին՝ այս դեպքում ո՞ւմ հետ են փոխանակվել ադրբեջանցի երկու գերիները, նա պատասխանել է. «Ես փոխանակման պրոցեսի մանրուքներին տեղյակ չեմ, բայց եթե գերիները հանձնվել են հակառակորդին, նշանակում է` այդտեղ նաև մեր շահերից և հետաքրքրություններից բխող խնդիրը անպայման գոյություն ունի»:

Անդրանիկ Քոչարյանը միշտ էլ տրամաբանված խոսքի հետ խնդիրներ է ունեցել։ Տեսեք՝ նախ նա հայտարարում է, որ փոխանակման մանրուքներին տեղյակ չէ, բայց հետո էլ հավելում է, թե այդ հանձնման գործընթացում մեր շահերն ու հետաքրքրություններն էլ են հաշվարկված եղել։ Նկատեք, նա ո՛չ ենթադրում է, ո՛չ կարծում է, այլ իրեն հատուկ կոնսպիրոլոգիական խոսքով ուզում է ցույց տալ, թե բան գիտե, բայց չի ասում, չի քոմենթում։ Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանը գործուն ջանքերով փորձում է ռեկորդային արագությամբ արձագանքել ու վայրկյան առաջ վերադարձնել իր գերիներին։ Մերոնք ճիշտ հակառակն են անում։ Բարձրագույն իշխանության մակարդակով գերիներին հռչակում են դավաճաններ, հետո նրանց գոյությունն արդեն սկսում է չհետաքրքրել սրանց, վերջում էլ, եթե հաջողում են հետ վերադարձնել՝ անպայմանորեն քրեական գործեր են հարուցում, ոմանց՝ անգամ ձերբակալում։ Այնպես որ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆոնին Անդրանիկ Քոչարյանն ահագին խորամանկ է գտնվել՝ հրաժարվելով մեկնաբանել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների մասին հարցադրումը։ Ի դեպ՝ վերջերս ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով քննարկում է անցկացվել, որին մասնակցել է Անդրանիկ Քոչարյանը։ Երբ զեկուցողներից մեկը շեշտել է, թե ռուսների ջանքերով սա արվեց, ռուսական կողմի միջնորդությամբ այն արվեց, Քոչարյանը ջղաձգվել ու տեղից արձագանքել է, թե հերիք է անընդհատ ռուսներին մեջբերեք։ Զեկուցողը չի կորցրել իրեն ու նկատել է, թե ինքը զեկուցում է այն, ինչ կա։ Մինչ Քոչարյանը շարունակել է փնթփնթալ քթի տակ, զեկուցողը չի ընդհատել իրականությունը ներկայացնելը։ Այնպես որ, չի բացառվում՝ Քոչարյանի «No comment»-ը լինի հենց այս համատեքստում․ չէ՞ որ ադրբեջանցի գերիները վերադարձվել են հենց ռուսների միջնորդությամբ։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1583 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ