...

Մտրակ վարորդների համար

Մտրակ վարորդների համար

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց վարորդների մի մասի դժգոհությունն առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:  

Ըստ օրինագծի՝ վարորդները ստանալու են 9 տուգանային միավոր ու կորցնելու են դրանք՝ տարատեսակ խախտումներ կատարելու դեպքում։ Բոլոր միավորները կորցնելիս անձը զրկվելու է վարորդական իրավունքից՝ մինչև 1 տարի ժամկետով։

Բալային համակարգի անհամաչափություն

«Երթևեկության նոր օրենքը զերծ չէ թերություններից»,-  «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց «Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լևոն Հարությունյանը:  Ըստ նրա՝ ամենաշատ մահվան ելքով վթարները լինում են հանդիպակաց դուրս եկող մեքենաների պատճառով՝ մինչդեռ նոր օրենքով վարորդն այս խախտման դեպքում քիչ բալ է կորցնում: Ասում է՝ այս դեպքում պետք է խիստ գործել:

«2 բալ է հատկացվում, այն գոնե պետք է 4-5-ի հասներ: Նույն խնդիրն է կարմիր լույսի դեպքում: Այլ բացեր ևս կան: Օրինակ՝ խաչմերուկի անցնելու կանոնների խախտման դեպքում. երբ մոտենում ես խաչմերուկին, կա բաժանարար մեկ հոծ գծանոց տեղ, որտեղ քեզ ընթացող ուղղությամբ հոսքը բաժանում է մի քանի հատվածի: Եթե վարորդն այդ գիծն է խախտում, դա նվազ նշանակություն ունի: Երկրներ կան, որտեղ դա չի տուգանվում: Նման բաները պետք է բացառել: Պետք է բացառել, որ վարորդը միամիտ տեղը չզրկվի վարորդականից»,- մատնանշեց նա:

Վարորդներին  զսպող մեխանիզմ

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները բալային համակարգով ֆիքսելու ներմուծումը թույլ կտա մի քիչ կարգի բերել ճանապարհներին տիրող վիճակը՝ համոզված է «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը: Այս փոփոխություններով երթևեկության անվտանգությունը բարձրացվում է: 

Նրա կարծիքով՝  նոր համակարգը վարորդներին զգոնացնելու համար է: Իսկ պարբերաբար և դիտավորյալ խախտում կատարողները մեկուսացվելու են երթևեկությունից:

Օրինագծի հեղինակների պարզաբանմամբ՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքների բալային համակարգի ներդրման թիվ մեկ խնդիրը մահերը կրճատելն է: Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը հայտարարել էր, որ տարեկան ապրիլյան պատերազմից 3 անգամ ավելի մարդ է զոհվում ճանապարհներին: 

Պատահարներն աշնանն ավելանում են: Ըստ Սերգեյ Ղահրամանյանի՝ միայն Երևանում տարվա այս եղանակին ՃՏՊ-ների թիվը մոտենում է 170-ի սահմանին: Ամռանը պատահարների թիվն օրական հարյուրի է հասնում: Հավատացած է՝ ներդրվող մեխանիզմներով վթարների, անվտանգ երթևեկության և խցանումների թիվը կպակասի:

Սերգեյ Ղահրամանյանը նաև նշում է, որ վարորդների 70-80 տոկոսը կարգապահ է, և հարցը վերաբերում է մոտ 20 տոկոսին, ովքեր երթևեկության ընթացքում կարգազանց են: Նրա խոսքով, ցավոք սրտի, վարորդների մի մասը ցանկություն ունի մտրակի ազդեցության տակ մեքենա վարել:  

Նոր կանոներով՝ տեսախցիկների թիվը կարող է ավելացվել, բայց ոչ թե խախտումներն ամրագրելու, այլ ճանապարհներին անվտանգությունն ապահովելու համար։  Ղահրամանյանն ասաց, որ այս նորամուծությամբ և՛ վարորդների գործը կհեշտանա, և՛ ապահովագրական ընկերության, և՛ ոստիկանության: 

«Միջինից բարձր հետևանքներ ունեցող վթարների դեպքում այս մեխանիզմները կիրառելու հետևանքով երթևեկության մեջ խոչընդոտները կպակասեն»,- կարծիք հայտնեց նա:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5591 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ