Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել «Հույժ գաղտնի» գրությամբ մի փաստաթուղթ, որը վերնագրված է այսպես․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ժամանակացույց»։ Սիրով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հատված այդ փաստաթղթից։
2025 թ․ , հունիսի 1։
7։00 - Արթնացում, թթվի ջրի ըմպում, ատամների լվացում (ինչպես միշտ՝ յուրաքանչյուր ամսվա առաջին օրը), նախաճաշ՝ ընթրիքից մնացած ուտելիքի վրա մի քանի ձու ջարդելով։
Պատասխանատու՝ Աննա Հակոբյան։
8։00 - Հեծանվային զբոսանք։
Պատասխանատուներ՝ ՀՀ ԱԱԾ, ՀՀ Ոստիկանություն, Պարեկապահակային ծառայություն, Երևանի քաղաքապետարան։ Միջոցառման ապահովման անմիջական մասնակիցների թիվը՝ 840 հոգի։
Ընդհանուր ծախսը՝ 18 մլն ՀՀ դրամ։
9։00 - Կառավարության տոնական նիստ։ Վարչապետի ներս մտնելուն պես կառավարության անդամները ոչ թե ոտքի են կանգնում, այլ վեր ցատկում և տեղում ցատկոտում 50 անգամ։ Այնուհետև վարչապետը միացնում է հեռախոսը և բանկային հավելվածի միջոցով ծանոթանում հոբելյանի առթիվ կառավարության անդամներից ստացված շնորհավորանքների ծավալներին։
Պատասխանատուներ՝ ՀՀ կառավարություն, Կենտրոնական բանկ, ԱԱԾ, Ոստիկանություն, ՊԵԿ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
11։00 - Տեխնիկական ընդմիջում։
Պատասխանատուներ՝ «Արարատ» գինու-կոնյակի գործարան, «Վեդի-ալկո», Հայկ Ղալումյան։
13։00 - Այցելություն Մելիք-Ադամյան փողոց։ Հարգանքի տուրք ՀՀԿ-ին՝ 7 տարի առաջ ցուցաբերած քաղաքացիական բարձր ինքնագիտակցության համար։
14։00 - Խոզի խանձում Հանրապետության հրապարակում՝ տեխնիկական ընդմիջման շրջանակներում։
Պատասխանատուներ՝ ԱԱԾ (ընդհանուր անվտանգություն, «երջանիկ շարքային քաղաքացիների» ներկայության և «ծնունդդ շնորհավոր, մեր հզո՛ր վարչապետ» վանկարկումների ապահովում), Ոստիկանություն (պատահական անձանց ներկայության բացառում), Արտակարգ իրավիճակների նախարարություն (մանղալների հակահրդեհային անվտանգության ապահովում), Երևանի քաղաքապետարան։
Մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1880, այդ թվում՝ 1830 մարդ, 50 խոզ։ Ընդհանուր ծախսը՝ 347 մլն ՀՀ դրամ։
17։00 - Հոբելյանական երեկո Մարզահամերգային համալիրում, «Նիկոլ Փաշինյան, Իրական Հայաստանի հզոր ճարտարապետը» փաստավավերագրական ֆիլմի դիտում։
Պատասխանատուներ՝ ԱԱԾ, Ոստիկանություն, Հ1, ֆիլմի հովանավորներ՝ վարչապետի աշխատակազմ, «Իմ քայլը» հիմնադրամ, SOCAR ընկերություն։ Մասնակիցների ընդհանուր թիվը՝ 3200, ծախսը՝ 472 մլն ՀՀ դրամ։
19։00-23։00 - Ընթրիք և տեխնիկական ընդմիջում Աղվերանում՝ չլիկ-դաստայի վարչապետի գավաթի խաղարկության շրջանակներում։ Խարույկի շուրջ տեղական արտադրանքի մանրակրկիտ համտեսում։
Պատասխանատուներ՝ ԱԱԾ, Ոստիկանություն, Պարեկապահակային ծառայություն, բարեխիղճ գործարարներ, հաջողակ տղամարդիկ, ՀՀ տարածքում բջջային ծառայություններ մատուցող ընկերություններ (տեղական արտադրանքի ինտենսիվ համտեսումից հետո թիմակիցներին ուղարկվելիք sms-ների ապահովման համար), առողջապահության նախարարություն՝ շտապ օգնության ծառայության հերթապահ բրիգադի ապահովման համար։ Մասնակիցների ընդհանուր թիվը՝ 670 մարդ, ընդհանուր ծախսը՝ 972 մլն դրամ։
Ցավոք՝ հոբելյանական միջոցառումների ժամանակացույցն այստեղ ընդհատվում է։