...

Նոր օրենք՝ Ռոբերտ Քոչարյանի հին ու բարի ժամանակներից

Նոր օրենք՝ Ռոբերտ Քոչարյանի հին ու բարի ժամանակներից

«ՔՊ խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը հանդես են եկել լրագրողների դեմ հերթական նախագծով՝ առաջարկում են պետական մարմիններին հնարավորություն ընձեռել, որ անցանկալի լրագրողներին կարողանան զրկել հավատարմագրից։ Երեկ նրանք շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ»,- տեղեկացրել է «Հրապարակ» օրաթերթը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ գործող օրենքով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: «Ստացվում է, որ պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող․․․ հիմքերի առկայության դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը»,- գրել են հեղինակները՝ առաջարկելով օրենքի բացը լրացնել: «Պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում» դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»,- եզրափակել է թերթը:

Տեղ հասանք։ Առաջարկում ենք ՔՊ-ին հրատապ կարգով հեղինակել մեկ այլ օրենք, որով կսահմանվի՝ ինչ ասել է «պետական մարմինների ներքին կանոնների խախտում»։ Չնայած՝ կարելի է շրջաբերականով ուղիղ հրահանգ իջեցնել. մեկ է՝ պետական մարմինների կողմից դիմադրություն չի լինի։ Օրինակ՝ կարելի է լրագրողներին արգելել նախապես հայտարարված թեմաներից դուրս հարցեր տալ։ Նման դեպքերում՝ զրկել հավատարմագրից։ Կամ այն լրագրողը, որը կհանդգնի «վատ հարցեր» տալ որևէ պետական մարմնի ներկայացուցչի, անմիջապես պետք է զրկվի հավատարմագրից։ Ի դեպ՝ սա ամենևին էլ նոր բան չէ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին հենց այդպես էլ եղել է։ Ես այն ժամանակ «Այժմ» թերթից հավատարմագրված էի նախագահականում։ Ադամանդագործության ցուցահանդես էր, որին մասնակցում էր Քոչարյանը։ Դահլիճում մեզ մոտեցավ լրատվականից մի կին (անունը հիշում եմ, բայց էական չէ) և ասաց, որ միայն օրվա թեմայի առնչությամբ հարցեր տանք։ Ես հարց ուղղեցի՝ ի՞նչ կլինի եթե հարցը ադամանդագործությանը չվերաբերի։ Նա էլ թունոտ տոնով հակադարձեց՝ դե դուք տվեք, նա չի պատասխանի։ Այդ օրերին ներքաղաքական իրավիճակը լարված էր, ԵԽԽՎ-ն բանաձև էր ընդունել ընդդեմ Հայաստանի՝ կապված 2004 թ․ ապրիլյան դեպքերի հետ։ Հարցս վերաբերում էր այդ բանաձևի կատարմանը։ Քոչարյանն անշուշտ պատասխանեց հարցին՝ հայտարարելով, թե ԵԽԽՎ-ն ոչ պալիտբյուրո է, ոչ էլ ռազբիրատ անելու տեղ։ Հաջորդ օրվա բոլոր թերթերի առաջին էջում այդ պատասխանն էր, իսկ Հանրային հեռուստաընկերությունն այդ օրը երկու ռեպորտաժ ցուցադրեց։ Առաջինը Քոչարյանի՝ ԵԽԽՎ-ին ուղղված պատասխանն էր, երկրորդը՝ ադամանդագործության զարգացման մասին էր։ Դա եղավ իմ՝ նախագահականը լուսաբանելու վերջին օրը։ Հավատարմագիրը վերցրին ձեռքիցս, և ես այդպես էլ չվերադարձա նախագահական։ Սերժ Սարգսյանի օրոք վերստին փորձեցի հավատարմագրվել, բայց էլի չստացվեց։ Մեկ էլ Քոչարյանի նախագահականից մի բան է մնացել հիշողությանս մեջ։ Բջջային հեռախոսները ներքևում՝ անցակետում հանձնում էինք, և միայն մեկ-երկու արտոնյալներ կարող էին բջջայինով ներս մտնել միջոցառման դահլիճ։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1202 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ