...

Ո՞վ էր Քոչարյանը անկախությունից առաջ

Ո՞վ էր Քոչարյանը անկախությունից առաջ

ՔՅՈՌՕՂԼԻ

Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի

ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության կողմից 2002թ. դեկտեմբերի 4-ի «Ռ. Քոչարյանի` վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին» N 25/01-10915 և «Ռ. Քոչարյանի` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին» N 25/01-10914 տեղեկանքներն անվավեր ճանաչելու մասին դիմումի պատասխանի

Պատասխանի երկրորդ պարբերությունում տեղ գտած այն արտահայտությունը, ըստ որի տվյալ դեպքում վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին հարցերը շաղկապված են, ճիշտ չէ, որովհետև դրանցից յուրաքանչյուրը ունի ինքնուրույն իմաստ ու նշանակություն, հետևաբար և դրանք պետք է պարզաբանվեն առանձին-առանձին: Պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրության 50-հոդվածը, ՀՀ «Ընտրական» օրենսգիրքը (հոդված 72) վերը նշված փաստերի վերաբերյալ պահանջում են առանձին-առանձին տեղեկանքներ: Մեր կարծիքով, պատասխանող կողմի նշված երկու հանգամանքները ընդհանրացված ներկայացնելը հետապնդում է հարցի պարզաբանումը խճճելու, հարցի հստակ պատասխանից խուսափելու նպատակ: Ուստի, հարկ ենք համարում հիշյալ հանգամանքները քննարկել առանձին-առանձին:

Երրորդ պարբերությունում պատասխանողի կողմից վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու հարցերի որոշումը խորհրդային ժամանակաշրջանից կախման մեջ դնելը միանգամայն ավելորդ է, որովհետև ՀՀ նախագահի թեկնածու գրանցվելու համար նշանակություն ունի վերջին տասը տարին, այսինքն` 1993-2003թթ., որի ժամանակ Խորհրդային Միություն և ՀԽՍՀ չի եղել (մեջբերում):

«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի հոդված 10-ի առաջին կետը հստակորեն սահմանել է, որ ՀՀ քաղաքացիներ են ճանաչվում ՀՀ-ում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել դրանից: Այսինքն` տվյալ դեպքում խոսքը վերաբերում է միայն ու միայն ՀԽՍՀ քաղաքացիներին և ոչ, ասենք, Ադրբեջանի, Էստոնիայի, Կաբարդինոբալկարիայի, Սիկտիվկարի...

Պատասխանող կողմի պնդումն առ այն, որ Ռ. Քոչարյանը ՀՀ քաղաքացի է ճանաչվել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի հոդված 10-ի առաջին կետով, որի դեպքում պարտադիր չէր ՀՀ նախագահին դիմում ներկայացնելը, չի համապատասխանում հիշյալ հոդվածին, որովհետև`

ա) մինչև ՀՀ Սահմանադրության ուժի մեջ մտնելը Ռ. Քոչարյանը ՀԽՍՀ, իսկ ապա ՀՀ քաղաքացի չի եղել,
բ) ՀՀ Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց առաջ և 1992թ. դեկտեմբերի 10-ին մասնակցելով ԼՂ անկախության հանրաքվեին ձեռք է բերել այլ պետության` այն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն: Այդ մասին է վկայում նաև այն հանրահայտ հանգամանքը, որ 1994թ. նա ընտրվել է ԼՂՀ նախագահ, որը հնարավոր չէր լինի, եթե Ռ. Քոչարյանը չլիներ ԼՂՀ քաղաքացի (տես` «Նախագահի մասին» ԼՂՀ օրենքի հոդված 3-ը): Բացի այդ հնարավոր չէր նաև, որ Ռ. Քոչարյանը միաժամանակ լիներ թե ՀՀ և թե ԼՂՀ քաղաքացի, որովհետև նշված երկու երկրների օրենսդրությամբ էլ երկքաղաքացիությունն արգելված է:

Պատասխանող կողմի պնդմամբ Ռ. Քոչարյանը ՀՀ քաղաքացի է դարձել դեռևս ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման և 1990թ. օգոստոսի 23-ի «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրի հիման վրա` շեշտելով, որ դրանց արդյունքում Ռ. Քոչարյանը 1989-90թթ. եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի, իսկ 1990թ.ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր: Եթե նույնիսկ անվիճելի համարենք բերված փաստարկը, ապա միևնույն է 1992թ. դեկտեմբերի 10-ից հետո Ռ. Քոչարյանը հանդիսացել է ԼՂՀ քաղաքացի:

Լիովին անհիմն ենք համարում պատասխանող կողմի այն պնդումը, թե 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման գործողությունը դադարեցված չէ, նշված որոշման գործողությունը մեխանիկորեն դադարեցվեց 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունված և դեկտեմբերի 10-ին հանրաքվեով վավերացված «ԼՂԻՄ-ի և նրան սահմանակից Շահումյանի շրջանի տարածքի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու մասին» որոշմամբ: Վերջինիս հիման վրա հետագայում ընդունվեց ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքը, «Գերագույն խորհրդի մասին» ԼՂՀ օրենքը, «ԼՂՀ Նախագահի մասին» ԼՂՀ օրենքը և մի շարք այլ իրավական ակտեր, որոնցով ԼՂՀ-ն ամրագրվեց որպես անկախ պետություն` դրան բնորոշ բոլոր ինստիտուտներով:

1995թ. նոյեմբերի 7-ին ՀՀ նորընտիր Ազգային ժողովը ընդունել է ՀՀ օրենքը. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին»: Այս օրենքով Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ) և մարզի կարգավիճակ ունեցող Երևան քաղաքի, այսինքն` ընդգրկվել է միայն նախկին ՀԽՍՀ տարածքը: Այս օրենքով հաստատված են Հայաստանի բոլոր բնակավայրերը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Ադրբեջանի Հանրապետության որևէ բնակավայր այդ ցանկում ընդգրկված չէ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 269, Փետրվարի 14, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   258 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ