...

Կառավարության սևն ու սպիտակը

Կառավարության սևն ու սպիտակը

Շատերն են այսօր այդ հարցը տալիս։ Երթուղայիններում, սրճարաններում, բակերում, տներում մեր ժողովուրդը ամենաշատը երևի հենց դա է քննարկում։ Ի վերջո, ճի՞շտ ուղղությամբ է գնում մեր երկիրը հեղափոխությունից հետո, լա՞վ է լինելու մեր վիճակը, թե՞ ոչ։ Կարո՞ղ ենք վստահել մեր երկիրը ծանր վիճակից հանելու հարցում կառավարության ունակությանը։ Այս հարցերին պատասխանելու համար փորձենք վերլուծել դրական և բացասական զարգացումների հաշվեկշիռը և տեսնենք, թե որն է գերակշիռ։

Նախ, սկսենք դրականի նժարից: Իհարկե, գլխավոր առաջխաղացումն այն է, որ մենք վերջապես ազատվել ենք երկիրը կառավարող թալանչիներից, իրենց հանցագործ ճնշումներից և իրենց լկտի բարքերից։ Միայն այդ արդեն ստեղծել է երկրում ազատ շնչելու մթնոլորտ, լավատեսություն և ինչ-որ բան նախաձեռնելու և ստեղծագործելու համընդհանուր տրամադրություն։ Սա ինքնին լավ է, բայց նոր իշխանությունների կառավարման հմտությունների հետ այն  որևէ կապ չունի, այլ հետևանք է 2018 թվականի ապրիլ-մայիսյան հեղափոխության, դրան հետևած Ազգային Ժողովի ցրմանը և դեկտեմբերյան նոր ընտրությունների, որոնց շնորհիվ ռոբասերժադաշնակցական ավազակախումբը հեռացվեց իշխանությունից։ Ինչ վերաբերում է նոր իշխանությունների կառավարման հետ կապված քայլերին, ապա կարելի է դրական համարել հետևյալ մի քանի լուրջ նվաճումները։ 

Միայն չգողանալու և տնտեսությունը ստվերից հանելու ջանքերի շնորհիվ կառավարությանը հաջողվել է գրանցել ավելի քան 60 000 աշխատատեղ, որոնք առաջ ապօրինաբար թաքցվում էին, 2018 թվականի հետ համեմատած 2019 թվականի առաջին 8 ամիսներին  208.6 մլրդ դրամով կամ 21.4 տոկոսով ավելացնել պաշտոնապես գրանցված առևտրաշրջանառությունը։ Այսպիսով հաջողվել է մոտ 15 տոկոսով ավելացնել բյուջեի մուտքերը։ Պետական բյուջեում ավելացված եկամուտները կառավարությունն ուղղել է Հայաստանի պաշտպանության համար հատկացվող գումարների էական բարձրացմանը, զինծառայողների (4.6-ից 32.6 տոկոսով) և 38 հազար ուսուցիչների (10 տոկոսով) աշխատավարձների բարձրացմանը, սոցիալական ծրագրերում, առողջապահության և կրթության բնագավառներում մատուցվող հանրային ծառայությունների որոշակի բարելավմանը։ Ակտիվ ընթացք է ստացել ճանապարհաշինությունը, նորոգվել է մոտ 200 կիլոմետր երկարությամբ ճանապարհ և փողոց մարզերում, Երևանում և Գյումրիում։ Նկատելիորեն աճել է զբոսաշրջությունը։ Եվ, վերջապես, Երևանի քաղաքապետարանին հաջողվեց գրողի ծոցն ուղարկել Տարոն Մարգարյանի կողմից մայրաքաղաքի վզին փաթաթած «Սանիտեկ»-ին և լուծել աղբահանության խնդիրը։ Սրանք են մեկուկես տարվա մեջ նոր իշխանությունների գլխավոր նվաճումները կառավարման բնագավառում։ Դրանք իհարկե բավարար են Թավշյա հեղափոխությունն արդարացնելու և նախկինների բերանները փակելու առումով, քանի որ կառավարությունն անում է բաներ, որոնց մասին երազելն անգամ հնարավոր չէր հեղափոխությունից առաջ։ Բայց արդյոք դրանք հերի՞ք են մեր հանրության պահանջները և սպասելիքները բավարարելու համար։ Հարցին պատասխանելու համար անդրադառնանք բացասական զարգացումների և ձախողումների վերլուծությանը։

Բացասականի նժարը, ցավոք, նույնպես բավական ծանրակշիռ է։ Գլխավոր խնդիրը կապված է այն իրողության հետ, որ Սերժ Սարգսյանի մաֆիան, ըստ էության, անպատիժ է մնում։ Չնայած հարուցված քրեական գործերին, Սերժ Սարգսյանն ինքը, նրա հանցակից եղբայրներն ու փեսան շարունակում են խուսափել արդարադատությունից և վայելել թալանով ստեղծված իրենց բիզնես-կայսրությունները։ Առայժմ վերադարձրած է թալանած փողերի միայն չնչին մասը։ Քննչական մարմինները գործում են կրիայի արագությամբ։ Անցումային արդարադատության, վեթինքի, Սահմանադրական դատարանի բարեփոխման մասին իշխանության ամպագոռգոռ հայտարարությունները փուչիկի նման պայթեցին, մերկացնելով կառավարող ուժի անհետևողականությունը, անլրջությունն ու անօգնականությունը պետաիրավական բարեփոխումների դաշտում։ Առայժմ, դատարկաբանությունից հեռու չեն գնում նաև Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի հետ կապված քաղաքական համակարգի առողջացման նախաձեռնությունները և աշխատանքային խմբերի ստեղծման մասին հայտարարությունից այն կողմ գործը չի շարժվում։

Հիմնական ձախողումը, սակայն, որի համար իշխանությունները ոչ մի հոդաբաշխ պատասխան չունեն, վերաբերում է այն տխուր իրողությանը, որ Թավշյա հեղափոխությունից հետո կտրուկ ընկել են օտարերկրյա ուղղակի ներդրումները: Պատահական չէ, որ Ազգային Ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հենց այս հարցն ուղղեց բյուջեն ներկայացնող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, մատնանշելով, որ 2018 թվականի համեմատությամբ 2019-ի հունվար-հունիս ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները սրընթաց նվազել են՝ դառնալով ընդամենը 7,8 միլիարդ դրամ, այսինք՝ մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլար: Սա ողորմելի թիվ է, և եթե կա մի խնդիր, որն ամենաշատն է վարկաբեկում ներկա իշխանություններին և արժեզրկում նրանց ամբողջ քարոզչությունը, դա հենց ներդրումների կտրուկ անկման խնդիրն է: Թե ինչու է ստեղծվել նման իրավիճակ, մանրամասն վերլուծության խնդիր է: Մենք դրան շուտով անպայման կանդրադառնանք, որովհետև այս խնդիրը սպառնում է դառնալ կառավարության աքիլեսյան գարշապարը: 

Այս պահին միայն եզրակացնենք, որ համադրելով կառավարության գործունեության դրականի և բացասականի հանրակշիռը և փորձելով պատասխանել հոդվածի սկզբում դրված հարցերին, կարելի է հանգել հետևյալ եզրահանգման: Նիկոլ Փաշինյանի թիմը ապացուցել է, որ Թավշյա հեղափոխությամբ կատարված փոփոխությունը անվիճելիորեն լավ էր Հայաստանի և նրա ժողովրդի համար: Ապացուցվել է նաև, որ սերժառոբական մաֆիան թալանից բացի էլ ոչինչ Հայաստանին տալ չէր և չի կարող, հետևաբար, ճիշտ կանի ընդհանրապես լռի և մտածի միայն այն մասին, թե ինչ պատասխան է տալու դատարաններում:

Միաժամանակ, իշխանությունը դեռ պետք է ապացուցի, որ, թալանչիներից փրկելու և դրանից բխող բոլոր դրական հետևանքներից  բացի, նաև պիտանի է երկիրը արդյունավետ կառավարելու համար և ունի երկիրը առաջ տանելու հստակ ծրագիր: Առայժմ դա չի երևում: 

Գաբրիել Թորգոմյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1884 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ