...

Թե ինչպես է Հայաստանում մենաշնորհներ սանձող կառույցը վերածվել նրանց ձեռքի լակեյի

Թե ինչպես է Հայաստանում մենաշնորհներ սանձող կառույցը վերածվել նրանց ձեռքի լակեյի

Եթե հավատանք Նիկոլ Փաշինյանին, որ «պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը», պետք է սկսենք այդ դիմադրության օջախների փնտրտուքը և լիկվիդացումը։ Իսկ եթե փորձենք գտնել պետական համակարգի այն մարմինը, որի դիմադրությունը կարող է առավել կործանարար լինել ոչ թե հեղափոխության, այլ ամբողջ պետության համար, ապա դրա համար շատ հեռու գնալ պետք չէ։

Հայաստանում գոյություն ունի մի շատ «անկախ» պետական մարմին, որի գլխավոր առաքելությունն է բնական մենաշնորհների գործունեության կարգավորումը։ Այդ մարմնից է կախված, թե ինչ սակագներ, ի վերջո, կսահմանեն Հայաստանում գազի, էլեկտրաէներգիայի, ջրի, կապի և երկաթուղային ծառայությունների մատակարարողները մեր տնտեսության ձեռնարկատերերի և բնակչության սպառողների համար։ Բանն այն է, որ Հայաստանի տարածքում մատուցվող այլ ապրանքների և ծառայությունների գները կարգավորվում են շուկայական տնտեսության սկզբունքով և ենթադրվում է, որ շուկայական մրցակցության շնորհիվ գները ինքնաբերաբար նվազում են մինչև տնտեսության համար օպտիմալ մակարդակը (քաղտնտեսությանն այս հայտնի է որպես Ադամ Սմիթի «անտեսանելի ձեռքի» սկզբունք)։ Նույնը չի կարելի ասել բնական մենաշնորհների մասին, և եթե չլինի պետական կարգավորում, այդ մենաշնորհները առանց որևէ արգելքի կբարձրացնեն մատուցվող ծառայությունների գները այնպիսի մակարդակի, որն ուղղակի կխեղդի մեր տնտեսությունը։  

Նման զարգացումները կանխելու նպատակով էլ հենց գործում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), որը, ըստ օրենքի, կարգավորում է գները հետևյալ ոլորտներում.

ա) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը.
բ) ջրային ոլորտը.
գ) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը.
դ) փոստային կապի բնագավառը.
ե) երկաթուղային տրանսպորտի բնագավառը
զ) տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառը):

Հետևաբար, առանց չափազանցության կարելի է ասել, որ ՀԾԿՀ-ի արդյունավետ գործունեությունը մեր տնտեսության օդն ու ջուրն է։ Այդ գործունեությունից է կախված, արդյոք մենք կունենա՞նք էլեկտրաէներգիայի և գազի այնպիսի սակագներ, որոնք աշխարհում մրցունակ կդարձնեին մեր երկրում արտադրված ապրանքների ինքնարժեքը։ Այդ գործունեությունից է կախված, արդյոք կունենա՞նք երկաթուղային փոխադրումների և գազով աշխատող տրանսպորտի այնպիսի սակագներ, որոնք կխթանեին երթևեկությունն ու ապրանքաշրջանառությունը և կմեղմեին շրջափակման բացասական հետևանքները։ Եվ, վերջապես, արդյոք կունենա՞նք ավելի մատչելի գյուղատնտեսական ապրանքներ և հեռահաղորդակցության ծառայություններ, ինչը էապես կթեթևացներ մեր ժողովրդի սոցիալական վիճակը և կնպաստեր տեղեկատվական համակարգի զարգացմանը։ 

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ռեժիմների օրոք այս բոլոր հարցերի պատասխանը բացասական էր։ Իր օրինական առաքելությունը կատարելու դեպքում ՀԾԿՀ-ն կդառնար մենաշնորհների սարսափն ու սաստող աստվածը։ Փոխարենը դարձավ նրանց լակեյը և պետական համակարգային կոռուպցիայի գլխավոր գործիքը։ «Ատկատների» դիմաց հանձնաժողովը հաստատում էր կարգավորման ոլորտին պատկանող բոլոր մենաշնորհների ուռճացված ծախսերը և «բարեգործական» ծրագրերը, որոնց շղարշի տակ թաքնված էր Հայաստանի քաղաքացիների համապարփակ թալանը։ Անհասկանալի մեթոդաբանությամբ ՀԾԿՀ-ն գազի և էլեկտրաէներգիայի սակագնի մեջ էր հաշվարկում տնտեսապես չհիմնավորված «ներդրումները», որոնց տնտեսական ձախողման ամբողջ բեռն իր ուսերին էր վերցնում Հայաստանի սպառողը։ Երբ 2013թ. ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը անցկացնում էր գազի գնի բարձրացումը ժողովրդից թաքցնելու օպերացիան, ՀԾԿՀ-ն ապօրինաբար լռում էր։ ՀԾԿՀ-ն լռելյայն թույլ էր տալիս էլ ավելի մենաշնորհացման տանող առուվաճառքի գործարքները, որոնց հետևանքով մեկ մարդու՝ Սամվել Կարապետյանի ձեռքում կենտրոնանում էր էլեկտրաէներգիայի բաշխումը և արտադրությունը։ Հանձնաժողովը աչք էր փակում Հարավ-Կովկասյան երկաթուղու թալանի վրա, երբ ավելի քան 1000 վագոն 37-40 հազար ԱՄՆ դոլարով վերանորոգվում էր մի պարագայում, երբ կարելի էր բոլորովին նոր վագոններ գնել ընդամենը 45 հազար դոլարով, ապամոնտաժվում և վաճառվում էր Իջևանի երկաթուղին, աստղաբաշխական թվերով վերանորոգվում էին էլեկտրաքարշերը, ապահովելով տասնյակ միլիոնավոր դոլարների թալան։

Թվում էր, թե Թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակը կփոխվի, առավելևս, երբ այս տարվա ապրիլ-մայիսին ՀԾԿՀ-ի անդամների ամբողջ կազմը փոխվեց։ Հետևանքը, սակայն զրոյական էր։ Տեղի չունեցան չարաշահումների բացահայտումներ, հանձնաժողովը շարունակեց հավանություն տալ մենաշնորհացման տանող և նույն անձի ձեռքում ռազմավարական ձեռնարկությունների կենտրոնացման ուղղված առքուվաճառքին, տարածելով այդ գործընթացը նաև հեռահաղորդակցման ոլորտի վրա։ Գնագոյացման վերահսկողության մեթոդաբանության մեջ ոչինչ չփոխվեց, պահպանվեցին սակագնի հաշվարկի նույն սխեմաները։ ՀԾԿՀ-ն շարունակում է մնալ մենաշնորհային թալանի հավատարիմ լակեյը։ Իսկ դա նշանակում է, որ զարգացումը խեղդող կապանքներից ազատվելու և «տնտեսական հեղափոխություն» իրականացնելու ոչ մի շանս մեր երկիրը չունի։ Տնտեսական թռիչքը իրագործվում է ոչ թե «տնտեսական հեղափոխության» մանտրան ամեն ամբիոնից ինքնամոռաց կրկնելով, այլ հենց ՀԾԿՀ-ն վերափոխելու և մենաշնորհները սանձելու դժվարին բարեփոխումով։ Մեր սելֆիապաշտ ղեկավարներից նման գիտակցումն ակնկալելը այս պահին չափազանց մեծ միամտություն է թվում։

Մի դատողություն ևս։ ՀԾԿՀ-ի նորանշանակ նախագահ Գարեգին Բաղրամյանը տխրահռչակ Արթուր Վանեցյանի քենակալն է և նշանակվել է այդ պաշտոնում վերջինիս պաշտոնավարման պիկին, երբ ԱԱԾ-ի արդեն նախկին պետը դեռևս ընկալվում էր որպես կոռուպցիայի դեմ պայքարող հեղափոխության հաղթական սուրը։ Եթե շուտով պարզվի, որ Վանեցյանի մութ կոռուպցիոն գործարքներին բավական լուրջ մասնակցություն է ունեցել նաև իր հովանավորյալ Բաղրամյանը, իսկ դա մեր ունեցած տեղեկություններով հենց այդպես էլ լինելու է, կարծում եմ, մեր հանրությունը դրանից շատ զարմացած պիտի որ չլինի։ 

Գաբրիել Թորգոմյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5881 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ