Դատախազությունը պահանջել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուց բռնագանձել «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող հայտնի առանձնատան օտարումից ստացված 2,5 միլիարդ դրամ գումարը։ Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի որդին հաջողացրել էր արդեն իսկ փաստացի կալանքի տակ գտնվող այդ առանձնատունը վաճառել դեռևս 2022-ին, գնորդն էլ «իշխանությունների սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանի կինն էր։
Այսպիսի անեկդոտ կա։ Երկու հրեաներ ուշ ժամի զբոսնում են, ու հանկարծ նրանց են մոտենում մի քանի զինված կողոպտիչներ և պահանջում դատարկել գրպանների եղած-չեղածը։ Հրեաներից մեկն անմիջապես գրպանից հանում է 500 դոլար և մեկնում ընկերոջը․ «Աբրա՛մ, հիշո՞ւմ ես, ես քեզ վաղուց 500 դոլար էի պարտք ու հենց այսօր մտադիր էի վերադարձնել, առ վերցրո՛ւ»։ Չնայած՝ կոնկրետ մեր դատախազության հայցապահանջի դեպքում փոքր-ինչ այլ սխեմա է գործում։ Մոտավորապես այսպիսին։
Երկրում տեղի է ունենում իշխանափոխություն, բնականաբար՝ դրան հաջորդում է սեփականության վերաբաշխումը, և ահա նոր սերնդի «բարեխիղճ գործարարներից» կամ «հաջողակ տղամարդկանցից» մեկը մոտենում է նախկիններից մեկին ու ասում․ «լսի՛, էս ի՞նչ լավ առանձնատուն ունես, երևի ամենաքիչը մի 10-12 միլիոն դոլար կարժենա։ Ափսոս՝ ձեռիցդ առնելու են, որովհետև լսել ես, չէ՞, որ ասել են «ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու»։ Բայց եթե ինձ կես գնով վաճառես՝ ես իմ կապերը կօգտագործեմ և այնպես կանեմ, որ որոշ մկներ և ձկներ այնուամենայնիվ ժամանակավորապես պլստան։ Չէ, իմ մասին վատ մի՛ մտածի, ես քեզ մեծ լավություն եմ անում, որովհետև մեկ ա՝ քեզանից խլելու են, իսկ ես ահագին ծախսեր ունեմ, «Իմ լոնքը» հիմնադրամ կա, «Ժպիտների գյուղ» հիմնադրամ կա, հազար ու մի հարց պիտի լուծեմ․․․»։
Իսկ եթե առանձնատունը պետականացվեր՝ հետո ստիպված կլինեին աճուրդով վաճառել, այն էլ՝ իրական գնով, ու հայտնի էլ չէ, թե ով կառներ։ Իսկ այսպես՝ «հաջողակ տղամարդը» միանգամից դառնում է «բարեխիղճ գնորդ» ու հարմար գներով առանձնատուն ձեռք բերում, հիմնադրամները շահում են, կրթվելը դառնում է ավելի նորաձև, գումարն էլ՝ դատական պրոցեսների արդյունքում կամ կվերադարձվի պետությանը, կամ չի վերադարձվի, բայց քարոզչական էֆեկտ հաստատ կունենա։
Մի խոսքով՝ շահում են բոլորը։ Բացի, իհարկե, պետությունից ու Արգամ Հովիկիչից։