...

«Քյաբաբ առ քյաբաբ» ստանալու է, բայց ուրիշից

«Քյաբաբ առ քյաբաբ» ստանալու է, բայց ուրիշից

Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը վաճառվել է, այն ունի նոր սեփականատեր։ Գործարքը կատարվել է մարտի 1-ին։ «ՍիվիլՆեթ»-ն ուսումնասիրել է այս գործարքը և պարզել, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքից առանձնատունն անցել է նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընտանիքին։ «Մարտի 1-ին Արգամ Աբրահամյանը առանձնատան առքուվաճառքի պայմանագիր է կնքել Նալբանդյանի կնոջ՝ Լիլիթ Պետրոսյանի հետ։ Առանձնատան գինը կազմել է 2,5 միլիարդ դրամ (ավելի քան 5,1 միլիոն դոլար)։ Դրանից 48 միլիոն դրամը գնորդ Լիլիթ Պետրոսյանն արդեն վճարել է, մնացած 2,452 միլիարդ դրամը վճարվելու է մինչև օգոստոսի 1-ը։ Այդ ժամանակ է նախատեսված առանձնատան հանձնումը Պետրոսյանին»,- նշել է լրատվամիջոցը, ապա մի փոքր պատմել, թե ով է Նարեկ Նալբանդյանը։ Վերջինս Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրի նոր սեփականատերն է օտարման ժամանակ։ Փետրվարի 11-ին պետությունը վաճառեց «Գոլդեն փելիս»-ը, գնորդը Նարեկ Նալբանդյանն էր՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության միջոցով։ Գործարքը կազմել էր 5 միլիարդ դրամ։ Նալբանդյանը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատերն է, ընկերության բաժնետեր է դարձել 2019-ից։ Ըստ հրապարակման՝ Նալբանդյանի բիզնեսների էական ընդլայնումը տեղի է ունեցել 2018-ից հետո։ «Նա հիմնել է «Նալբանդյան» ապրանքանիշի ալյուրի արտադրություն, երկու ալրաղացներ, ունի բեռնափոխադրմամբ զբաղվող 200 մեքենայից բաղկացած ավտոպարկ, բեռնատար մեքենաների ավտոտեխսպասարկման խոշոր կենտրոն։ Նալբանդյանին է պատկանում Շիրակի թռչնաբուծական ֆաբրիկան, որը հավկիթի շուկայում, ըստ ոլորտի խաղացողների, ինքնարժեքից ցածր գնով հավկիթ է հանել վաճառքի։ Նարեկ Նալբանդյանը զբաղվում է նաև ցեմենտի դիստրիբուցիայով, ունի 40 հեկտար պտղատու այգիներ, խոշոր սառնարանային տնտեսություն, վերջերս հիմնել է համակցված կերերի գործարան։ Անցյալ տարի Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ ինտեր-ինվեստ»-ին հանձնվեցին Սևանա լճի հանրային լողափերի սպասարկման իրավունքները։ Նրա կինը՝ Լիլիթ Պետրոսյանը, բաժնետեր է «Ման եղբայրներ» ՍՊԸ-ում, որը, ըստ հարկ վճարողների փնտրման համակարգի, զբաղվում է հացի արտադրությամբ»,- տեղեկացրել է «Սիվիլնեթը»։

Փաստորեն Նոր Հայաստանում՝ նոր հարուստներով։ Չէ, հարուստների դասակարգային թշնամին չենք, պարզապես հետաքրքիր է՝ որտե՞ղ էր Նարեկ Նալբանդյանն իր հսկա կարողություններով։ Ինչո՞վ էր զբաղված, ինչպե՞ս դարձավ միլիոնատեր, ինչո՞ւ որոշեց հենց նախկին իշխանությունների դեմքերին պատկանող հյուրանոցներն ու տները գնել։ Այս ամենը մի տեսակ հեքիաթի վերջում երկնքից ընկած խնձոր է հիշեցնում։ Ինչո՞ւ, որովհետև Հայաստանի նման փոքր երկրում անհնար է, որ մարդն այսքան հարուստ լիներ, բայց ստվերում մնացած լիներ, այն էլ՝ մինչև 2018 թ․։ Եվ ուրեմն՝ կասկածելի է այս մարդու հայտնությունը նման գործարքների առանցքում, կասկածելի է նրա «հայտնության» ժամանակաշրջանը՝ անմիջապես հեղափոխությունից հետո։ Ի դեպ՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Նարեկ Նալբանդյանը նախկին ոստիկան է, նախկին քննիչ։ Ըստ թերթի՝ նա, «բանեցնելով երբեմնի մասնագիտական հմտությունները, շուկայի մյուս խաղացողներին կարողանում է խեղճացնել»։ Հավկիթ արտադրող ընկերություններն, օրինակ, ձվի շուկայում նկատվող գնանկումը, որ հետագայում արհեստական գնաճի ու մոնոպոլ դիրքերի ամրապնդմանն է բերելու, հենց նրա հետ են կապում։ Այդ գործելաոճի հետևանքով փակվեց «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան: Մեր տեղեկություններով՝ Նալբանդյանը հեղափոխական, կոռուպցիան մերժող իշխանության կոնկրետ շրջանակների հետ է մտերմություն անում, նրանց միջոցով էլ կարողանում է իր հարցերը լուծել ու գնալով նորօրյա «օլիգարխի» է վերածվում»։ Ոստիկան, քննիչ, օլիգարխ՝ լավ խառնուրդ է։ Բայց սա մի կողմ թողնենք․ ավելի հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր կոնկրետ շրջանակների մասին է խոսքը։ Ո՞ւմ պրոտեժեն է «Քինդեր Սյուրպրիզը»։ Մինչ լրագրողները պարզեն, թող նոր օլիգարխը խոշորանա, որ Փաշինյանը հիմա էլ նրանից «քյաբաբ առ քյաբաբ» ստանա եղածն ու ի վերջո վերականգնի արդարությունը՝ ժողովրդից գողացածը ժողովրդին վերադարձնելով։   

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4034 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ