...

Որոշ ռեստորաններ ընդհատակյա աշխատում են

Որոշ ռեստորաններ ընդհատակյա աշխատում են

Մի քանի բիզնեսմեններ պարետի որոշումները չեն կատարում

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գործող մի շարք ռեստորաններ, խախտելով պարետի որոշումը, միջոցառումներ են կազմակերպում։

Մարզի բնակիչներից շատերը ծննդյան, կնունքի և այլ միջոցառումները տոնում են մասնավորապես «Մոլորակ» և «Արարատ» ռեստորանային համալիրներում:

Հոգեհացի արարողությունը ևս ռեստորանում են նշում:

Արտաշատի բնակչուհիներից մեկը «ՉԻ»-ի հետ զրույցում ահազանգեց, որ «Մոլորակ» ռեստորանը պատվերներ է ընդունում: Քաղաքացու փոխանցմամբ՝ միջոցառման ժամանակ ռեստորանում ջերմաչափում, ախտահանվում չի կատարվում, չեն պահպանում նաև սոցիալական հեռավորությունը՝ սեղանի շուրջ տեղավորելով շուրջ 10 մարդու:

Իսկ երբ քաղաքացիները ահազանգում են պարետատուն, նրանց ուղղորդում են ոստիկանություն դիմել: Այստեղից էլ խնդիրը վերահասցեագրում են պարետատանը: Մինչ գործն իրար վրա են գցում, որոշ բիզնեսմեններ առիթից օգտվում են:

Քաղաքացին «ՉԻ»-ի խմբագրությանն է տրամադրել իր և «Մոլորակ» ռեստորանի աշխատակցի խոսակցությունը՝ պատվեր ընդունելու մասին:

«Ես զանգեցի ռեստորան և հարցրեցի, թե միջոցառման պատվեր ընդունո՞ւմ եք, «Մոլորակ» ռեստորանի աշխատակիցը պատասխանեց, որ արդեն աշխատում են և պատվերներ ընդունում են: Ասացի, որ մենք 40-50 հոգի ենք, իսկ ռեստորանի աշխատակիցը պատասխանեց, որ հիմա միջոցառումները կազմակերպում են մինչև 50 անձի դեպքում: Հարցրեցի նաև, թե սեղանների միջև հեռավորություն պահպանվո՞ւմ է, ինչպես նաև ախտահանում կատարվո՞ւմ է: Ռեստորանից հայտնեցին, որ հեռավորություն և համաճարակային մյուս կանոնները պահվում են, բաց սեղանի շուրջ նստեցնում են մոտ 10 հոգի»,- պատմեց մեր զրուցակիցը:

«Մոլորակ» ռեստորանի աշխատակցի պնդմամբ՝ պահպանվում են հակահամաճարակային բոլոր կանոնները: Հավաստիացնում է՝ միջոցառումներ չեն կազմակերպում:

«Մի 2 օր է, որ աշխատում ենք: Ընդամենը 3 կամ 5 հոգի են գալիս, սուրճ են խմում կամ հաց են ուտում, դա միջոցառում չի հաշվվում»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ թե ֆեյսբուքի էջում ռեստորանը դեռ հուլիսի 19-ին էր գովազդ տեղադրել և հայտարարել, որ այցելուների առաջ դռները բացում է և արդեն իրենց մոտ կարող են առիթներ տոնել, ռեստորանի ներկայացուցիչը կրկին պնդեց, որ մեծ միջոցառումներ չեն նշում, պարետի որոշումները շատ խիստ պահպանում են: Եվ հետագա աշխատանքի համար էլ սպասում են պարետի նոր կարգադրությանը:

Մեր տեղեկություններով՝ «Մոլորակ» ռեստորանը «Արտաշատ ԷՑՇ»-ի գլխավոր տնօրեն Սեյրան Արիստակեսյանինն է:

Ընդհատակյա առիթներ են նշում

Պարետի որոշմանը դեմ է գնում նաև «Արարատ» ռեստորանը: Ծննդյան տոն կազմակերպելու պատրվակով դիմեցի ռեստորանին, սակայն, չներկայացա, որ լրագրող եմ: Պարզվում է՝ ռեստորանը լավ էլ աշխատում է:

Աշխատակիցը հայտնեց, որ տարեդարձ կարող ենք իրենց մոտ նշել, պատվերներ ընդունում են: Երբ հարցրեցի՝ պարետի որոշում կա, թե՝ ոչ, պատասխանեց, որ հեռախոսով չի կարող մանրամասներ փոխանցել: Հորդորեց ռեստորան գնալ և տեղում պատվերի ընդունման հարցը քննարկել:

Ի դեպ, օրեր առաջ ֆիքսել ենք, որ ռեստորանի բակում և հարակից հատվածում ավտոմեքենաների կուտակում կա, ինչը նշանակում է՝ ներսում հավաքույթ է:

Իսկ մարզում գործող մյուս ռեստորանների սեփականատերերը վրդովվում են, որ իրենք ամիսներով պարապուրդի են մատնված, իսկ հանրային սննդի ոլորտում գործող որոշ բիզնեսներ այս ընթացքում գործում են՝ այսպիսով անհավասար պայմաններ ստեղծելով մյուսների համար: Նրանք իրավապահների ուշադրությունն են հրավիրում խնդրին:

«Արարատ» ռեստորանն էլ 3 փայատեր ունի, որոնցից մեկը ՀԷՑ-ի աշխատակից է:

Ինչպես պարզվում է, բոլոր ռեստորաններն էլ ծածուկ աշխատել են և շարունակում են օրենքի խախտմամբ գործել:
Մասիսի ռեստորաններից մեկում էլ վերջերս նշանադրություն են արել: Նշանադրության մասնակիցներից մեկի տեղեկացմամբ՝ տնօրինությունը գաղտնի է միջոցառումը կազմակերպել և թույլ չի տվել, որ նկարահանում կամ լայվ լինի:

Մանյա Պողոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ