...

Ծիրանն ու COVID-19-ը

Ծիրանն ու COVID-19-ը

Վաղահաս ծիրանը ոսկու գին ունի

Արարատի մարզի Այգեզարդ համայնքի բնակիչ Գեղամ Մանուկյանը մտահոգված է: Ամեն օր մտնում է այգին, նայում հասունացող ծիրանին ու մտածում, թե ինչպես է այն վաճառելու:

Նրա այգու ծիրանի գնորդները հիմնականում դրսից են: Արտահանման նպատակով ծիրանը գնել են և երկրից դուրս տարել: Այս տարի գործընկերները դեռ չեն զանգել: Անհանգստանում է, որ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով բերքը հնարավոր է դուրս չգնա:

«Մի 10 օրից արդեն ծիրանի մասսայական բերքահավաքը կսկսվի, բայց դեռ չգիտենք՝ արտահանում կլինի՞, թե՝ ոչ: Չգիտենք, պահանջարկ կլինի՞, թե՝ ոչ: Իմ գնորդը դեռ ինձ չի զանգել և հարցրել՝ այս տարի ծիրան կա՞, թե՝ ոչ: Տեղյակ չենք նաև, թե «Սպայկան» ծիրան կգնի՞: Չգիտենք՝ արտահանումն ինչպե՞ս կկազմակերպվի COVID-19-ի պատճառով»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց այգեգործը:

Նրա խոսքով, եթե արտահանման ծավալները քիչ եղան, շուկայում լճացում կառաջանա: Այգեզարդի բնակիչը շեշտում է, որ ծիրանի բերքի միայն 10-15 տոկոսն է տեղական շուկայում վաճառվում, 80-90 տոկոսը դուրս է գնում:

«Պետք է անպայման արտահանում լինի, հակառակ դեպքում առաջարկը եռակի-քառակի անգամ կգերազանցի պահանջարկը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ծիրանի բերքատվության ցուցանիշներից չեն բողոքում: Ասում են՝ բերքն արտահանվելու դեպքում, այգեգործները կկարողանան տնտեսական ճգնաժամին դիմակայել:

300 հեկտար ծիրանի այգի ունեցող Այգեզարդից արդեն վաղահաս ծիրանը շուկա են տանում:

«Մեղրիից արդեն 10 օր է՝ ծիրան են բերում, վաճառում: Այգեզարդից, Արմաշից, Սուրենավանից արդեն վաղահաս ծիրանը վաճառվում է: Այս պահի դրությամբ վաղահասի ծիրանի մեծածախ գինը 800-1000 դրամի սահմաններում է: Մանրածախ շուկայում արդեն ծիրանի կիլոգրամը 1000-1200 դրամով են սկսում վաճառել»,- ասաց գյուղացին:

Բայց ոսկե ծիրանը ոսկու գինը երկար չի պահպանի: Առաջիկա օրերին, երբ բերքը սկսեց մեծ ծավալներով հասնել, գինը կնվազի՝ հասնելով 300 դրամի:

500 հեկտար ծիրանի այգի ունեցող Արմաշում այս տարի ծիրանի բերքատվությունից այդքան էլ գոհ չեն: Տևական անձրևները փոշոտմանը խանգարել են, և բերքն առատ չի եղել:

Համայնքի ղեկավար Հակոբ Զեյնալյանի փոխանցմամբ՝ արտահանողներն արդեն հետաքրքրված են ծիրանի բերքով: Զանգում են, հարցուփորձ անում, նաև պայմանավորվածություններ ձեռք բերում:

«Ակնկալվում է, որ մասսայական բերքահավաքի ժամանակ ֆուռերը ծիրանը կիլոգրամը 700 դրամով կտանեն: Եթե այդ գնով տանեն, շատ լավ կլինի: Հիմա ծիրանը թանկ է: Միշտ էլ սկզբում թանկ է լինում, հետո գներն ընկնում են»,- նշեց նա:

Դեռ շարժ չկա

Արմավիրի մարզի Արմավիր համայնքում ցրտահարությունն ու կարկուտը տեղ-տեղ վնասել են կեռասի բերքը: Արդեն քաղում են, բայց որակյալ կեռաս չունեն:

«Ֆուռեր պետք է լինեն, որ բերքն արտահանեն, բայց շարժը դեռ չի երևում: Այս պահի դրությամբ պետք է գյուղում 4 ֆուռ կանգնած լիներ, բայց մի հատ է կանգնած՝ 13 տոննա տարողությամբ: Անցյալ տարի այս ժամանակաշրջանում մասսայական բերքահավաքը սկսված էր, այս տարի դեռ մի քանի օրից կսկսվի: Բերքն ուշ հասունացավ եղանակային պայմանների պատճառով: Դեռ արտահանման շարժ չկա, բայց հույս ունենք, որ բերքահավաքը սկսվելուն պես արտահանողները կգան»,- ասաց համայնքի ղեկավար Ռաֆիկ Մարգարյանը:

Արտահանողը կեռասի կիլոգրամը 700-800 դրամով է տանում: Սա այս ժամանակահատվածում էժան գին է արտահանման համար: Մարգարյանի խոսքով, երբ արտահանողներն ավելանան, առաջարկ պահանջարկով էլ պայմանավորված՝ գները կկարգավորվեն:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1581 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ