...

Ոստիկանը մե՞րն էր, թե՞ ձերը

Ոստիկանը մե՞րն էր, թե՞ ձերը

«Ոստիկանը մերն է»․ այսպիսին էր 2018 թ․ հեղափոխական կարգախոսներից մեկը՝ ամենաշատ հնչողը։ Հետո այդ «մեր ոստիկանները» ինչ-որ պահից միացան շարժմանը, հետո փորձեցին «բարեփոխվել», հետո իշխանության դեգրադացմանը զուգահեռ հայտնվեցին այն կետում, որ կետից «մերն» էին հռչակվել։ Երկու օր է արդեն ոստիկանությունն իր գործն է անում՝ բռնում է, ծեծում է, բռնության է ենթարկում ցուցարարներին, ոստիկանական համազգեստը հագին տղայական բազառների մեջ է մտնում ակտիվիստների հետ, մի խոսքով՝ իր ռեպերտուարի մեջ է։ Բայց սա մեր տիպի երկրների և իշխանության որակական անկման ֆոնին բնական գործընթաց է։ Անբնականն այլ է։ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով ոստիկանների գործողություններին, հայտարարել է․ «Այս օրերին առանձնահատուկ գովեստի է արժանի ՀՀ ոստիկանության ծառայողների անկողմնակալ և օպերատիվ գործունեությունը, որի հիմքում, ըստ էության, ընկած է պետության ներսում կայունության ապահովման խորը գիտակցումը։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը օրինակելի և պետականամետ աշխատանքի համար, վստահ եմ, որ շուտով կվերադառնանք կյանքի բնականոն ընթացքին՝ մերժելով մեր երկրի արտաքին և ներքին խաղաղությանը վնասող բոլոր տեսակի սադրանքները»։ Իր հերթին ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը՝ դարձյալ ՔՊ-ական, երկու ամիս առաջ հանրությանը անհայտ պատճառներով վարչապետի օգնականի պաշտոնից ազատված Նաիրի Սարգսյանը ոստիկանության պաշտոնական հաղորդագրությանն այսպես է արձագանքել․ «Ապրեք, կյանքեր, լավ գործ արեցիք»։ 

Այս երկու հայտարարությունները խիստ պրովոկացիոն և վտանգավոր են։ Իշխանությունը սադրանք է հրահրում՝ ոստիկաններին քարտ բլանշ տալով ավելի լկտի գործել Երևանի փողոցներում։ Սա անում է՝ քաջ գիտակցելով, որ դիմադրության շարժման ակտիվիստները նույն ձևով են հակադարձելու, անցնելու են ագրեսիվ պաշտպանության՝ Երևանի փողոցները վերածելով մարտադաշտի։ Բայց դե Քոչարյան Անդոյին ի՞նչ։ Փոքր մարդու մեծ երազանքն է կատարվել՝ սուպեր հեռախոս ունի, ԱԺ-ում կաբինետ ունի, վարչապետի վրա իբր ազդեցություն ունի։ Մի քայլ է մնացել, որ երազանքն ամբողջական տեսք ստանա՝ ուժային որևէ կառուցի ղեկավար դառնալ է ուզում։ Չի հասցնելու։ Ինչ վերաբերում է Նաիրի Սարգսյանին, ապա նա շիշ բռնելու ժամանակներից էլ կյանք էր ասում ոստիկաններին, հիմա էլ նույնն է ասում։ Ստաբիլ սիրահարված է ոստիկաններին։ Պետք է հասկանալ, թե ինչ տրավմա է տարել երեխան մանուկ հասակում, որ հիմա մեծացել ու ոստիկանին կյանք է ասում։ Կյանք չէ՝ կյանքեր։  

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ