Ներկայացնում ենք քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի «Ուղիղ Խոսք» հեղինակային հաղորդաշարի հերթական՝ 54-րդ թողարկումը։
ԹԵՄԱՆԵՐ
- Փաշինյանի հայտարարությունը ԱԺ-ում
- Մինչև հիմա Ադրբեջանն ու Թուրքիան էին Ղարաբաղի կորուստը համարում հաջողության պատմություն
- Փաշինյանը իր լիարժեք վարչապետության համար պարտական է բացառապես Ալիևին
- Փաշինյանի՝ ինքնիշխան պետությունը ներսից քանդելու ուղղակի քայլը
- Հայաստանում պետական ինստիտուտներ գոյություն չունեն
- Ոչնչացվում է մասնավոր բիզնեսն ու արտաքին ներդրումների ոլորտը
- Կամ Փաշինյանը կպահպանի իր իշխանությունը, կամ Հայաստանը որպես պետություն կվերանա
- Երկիրը քանդելու հարցում Հայաստանի իշխանությունները առաջնորդվում են ադրբեջանաթուրքական նախագծով, որովհետև շատ հետևողականորեն է դա արվում
- Ինչպես պետք է պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, ինչպես պեք է ազատվել նրանից
Հաղորդաշարին հետևեք ամեն երեքշաբթի և ուրբաթ։
✨ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
Մինչև հիմա Ադրբեջանն ու Թուրքիան էին Ղարաբաղի կորուստը համարում հաջողության պատմություն։
Շուշիում Էրողանը, նայելով հայաթափված Արցախին, հայտարարեց, որ՝ այ հիմա Թալեաթ փաշայի հոգին փառավորվեց։ Փաստորեն պարզվում է, որ միայն Թալեաթ փաշայի հոգին չի փառավորվել, այլ նաև Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հոգին է փառավորվել։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը իր լիարժեք վարչապետության համար պարտական է բացառապես Ալիևին, նրան, որ նրանք կարողացել են գրավել Ղարաբաղը և հայաթափել, իսկ այն 4000-ից ավել զոհերը, փաստորեն, որ մենք ունեցանք այդ պատերազմում, նրանք փաստորեն դեմ են եղել, պայքարել են Հայաստանի ինքնիշխանության դեմ և բարեբախտաբար, Նիկոլ Փաշինյանի տեսանկյունից, Ադրբեջանը նրանց հաղթել է, դրա համար էլ հիմա ինքը լիարժեք վարչապետ է, Հայաստանն էլ լիարժեք ինքնիշխան երկիր։
Հասարակության բացարձակ մեծամասնությունը Փաշինյանին, իհարկե, համարում է ոչ թե լիարժեք վարչապետ, այլ լիարժեք պատուհաս։
Հայաստանում պետական ինստիտուտներ գոյություն չունեն։ Գոյություն ունեն ինչ որ կառույցներ, որոնք պետության ղեկավարի հիստերիկ նոպաների ուղղակի կատարողներն են։ Դա նշանակում է պետություն չկա, որովհետև եթե չկան պետական կառույցներ, պետական ինստիտուտներ, ուրեմն չկա նաև պետություն։
Այսօրվա իշխանությունները իրենց տգիտության պատճառով (իրենք են խոստովանել), ինչին ձեռք են տալիս, փչացնում են` սկսած տրանսպորտային համակարգից։
Եթե ՀԷՑ-ին ձեռք տան, Հայաստանում այդ համակարգը կաթվածահար է լինելու։
2018-ին Նիկոլ Փաշինյանը ասում էր` կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Հիմա նա փաստորեն ասում է` կամ ես կպահպանեմ իշխանությունը, կամ Հայաստանը որպես պետություն կվերանա և հանուն իր իշխանության շարունակման վերացնում է այն ամենը, ինչ մեզ պիտի բնորոշել որպես պետություն։
Փորձեք ձեր աչքերը փակել, առանց նայելու լսել Նիկոլ Փաշինյանի ելույթները, ձեզ կթվա, թե ադրբեջանցի կամ թուրք պաշտոնյա է խոսում ու սինքրոն թարգմանություն եք լսում, որովհետև ամեն ինչ կետ առ կետ նույնն է, նույն խոսույթն է, և այո, ողջամիտ կասկածներ կան, որ ներքաղաքական հարցերում նույնպես Հայաստանի իշխանությունները առաջնորդվում են ադրբեջանաթուրքական նախագծով երկիրը քանդելու հարցում, որովհետև շատ հետևողականորեն է դա արվում։
Հեռու մնացեք, հեռու խաղացեք։ Սա ներքաղաքական պայքարի հարց չի, սա ներքաղաքական կռիվ չի հանուն իշխանության, սա պայքար է հանուն նրա, Հայաստանը լինելո՞ւ է պետություն, կարողանալո՞ւ է մնալ պետություն, թե՞ պատանդ է մնալու մի խումբ անհավասարակշիռ անձանց ձեռքին։