...

Ուրիշ է՞լ ինչն է Նիկոլ Փաշինյանի աչքին դժբախտ-դժգույն երևում

Ուրիշ է՞լ ինչն է Նիկոլ Փաշինյանի աչքին դժբախտ-դժգույն երևում

Մարզային այցերով արդեն իսկ քարոզարշավը սկսած Նիկոլ Փաշինյանի հիմնական անելիքը լինելու է պատերազմի պարտության մեղքն ուրիշների վրա բարդելը, ու հիմնական թեզերն արդեն ուրվագծվում են։

Այսպես՝ իրենից առաջ Հայաստանի բոլոր իշխանությունները բանակցում էին միայն տարածքները հանձնելու թեմայով, Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն ասում էր, որ «արդեն հողերը պիտի տա», բայց ինքը չէր ուզում, պատերազմի հետ ինքը որևէ կապ չունի (ընդամենը մոդերատոր էր), եթե ուզում եք ճիշտն իմանալ՝ ինքը ոչ էլ գերագույն-գլխավոր հրամանատար էր (սա ասվում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի շուրթերով), իսկ բուն պարտության մեղավորը կոնկրետ գեներալներ էին (սա էլ Սամվել Բաբայանն է ասում)։ Մի խոսքով՝ ինքը կապ չունի, ինքն ընդամենը սիրում է բոլորիս և խոնարհվում է բոլորիս առաջ։ Հիմա էլ ուզում է բոլորիս սիրելու և բոլորիս առջև խոնարհվելու ևս մի ժամկետ ստանալ։

Բայց արդյոք Հայաստանը ևս մի քանի տարով այդպիսի տարերային աղետի դիմակայելու ռեսուրսներ ունի՞։ Եթե նկատել եք՝ երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը միայն խոսել է այն մասին, թե ինչ է պետք Հայաստանին, բայց գործել է ու հիմա էլ շարունակում է գործել հակառակ տրամաբանությամբ՝ «ի՞նչը Հայաստանին պետք չէ» սկզբունքով։ Ըստ նրա՝ Հայաստանին Ղարաբաղը պետք չէ (ավելորդ գլխացավանք է, դրա պատճառով անընդհատ պատմությունների մեջ ենք ընկնում, մինչդեռ ինքը պատասխանատու է միայն 29,8 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի համար), եթե Ղարաբաղը Ռուսաստանին պետք է՝ թող ռուսներն էլ անվտանգությունն ապահովեն։ Ըստ նրա՝ Հայաստանին բանակ էլ առանձնապես պետք չէ, թող ռուսական ռազմաբազան մի քանի նոր հենակետեր ստեղծի, իսկ մեր տղաները 5 տարին մեկ մի 3 ամիս ծառայեն՝ հերիք է։ Հայաստանին պետք չէ նաև, օրինակ, ատոմակայան։ Սահմանները կբացվեն, Ադրբեջանից ու Թուրքիայից էժան հոսանք կստանանք ու կզարգանանք։ Հայաստանին պետք չէ նաև ժամանակակից կրթություն։ Բուհերի շենքերը կծախենք՝ ահագին փող կընկնի ձեռքներս, հետո գործերս լավանան՝ ակադեմիական քաղաք կկառուցենք։ Ու էլի շատ «մանր-մունր» բաներ կան, որ մեզ պետք չեն․ սեփական ավիափոխադրող, շախմատ, մշակույթ․․․ Մի խոսքով՝ գյուղատնտեսությունը կզարգացնենք (ոչխար ա, կանեփ ա-բան ա), Սփյուռքից էլ փող կուղարկեն, կամաց-կամաց յոլա կգնանք։ Բայց քանի որ կարևորը գյուղատնտեսությունն ու Սփյուռքն են՝ հասկանալի է, որ հենց այդ երկու նախարարություններն էր պետք վերացնել։

Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ՝ Հայաստանին պետք չեն նաև խորհրդարան, հատուկ ծառայություններ, արտգործնախարարություն և այլն։  Ու նա փաստացի արդեն վերացրել է նաև դրանք։ Խորհրդարանը կոճակ սեղմող ու հոտնկայս ծափահարող «ուսապարկերի» ինչ-որ անհասկանալի կոնգլոմերատ է, հատուկ ծառայությունները վերածվել են ֆեյք բռնողների մասնավոր խուզարկուական գրասենյակի նման մի բանի, արտգործնախարարությունը դարձել է ընդհատակյա փակ էլիտար ակումբ՝ բոլորը լսել են, որ նման մի բան գոյություն ունի, բայց ոչ մեկը չգիտի, թե այնտեղ ինչով են զբաղվում․․․ Եվ պետության ապամոնտաժման այս գլխավոր «պրարաբը», պատկերացրեք, որոշել է վերարտադրվել։ Ընդ որում՝ շանսեր ունի, որովհետև օխլոսին խաբելու համար և՛ բավականաչափ ճարտար լեզու ունի, և՛ բավարար աներեսություն։ 

Իրականում պրոբլեմն այն չէ, որ Հայաստանում բոլոր ոլորտները ձախողած մեկը ձգտում է իշխանությունը պահել օխլոսի միջոցով։ Նման բան աշխարհի շատ երկրներում է եղել։ Բայց մի բան է, երբ քաղաքական գործիչն իշխանության է գալիս օխլոսի միջոցով, և բոլորովին այլ բան, երբ իշխանության է գալիս ոչ թե քաղաքական գործիչը, այլ օխլոսի ներկայացուցիչը։ Հայաստանում հենց դա է տեղի ունեցել, ու հենց այս ընթացքն է, որ պետք է կասեցնել։ 

Քանի դեռ փրկելու ինչ-որ բան մնացել է։ 

Արմեն Բաղդասարյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1448 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ