...

Պատահարները նվազել են

Պատահարները նվազել են

Նոր բիզնես

Հունվարի 1-29-ը ընկած ժամանակահատվածում 138 վարորդ ոչ սթափ վիճակում վարելու հետևանքով զրկվել է վարորդական վկայականից: Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 55 վարորդի, որոնք եղել են ոչ սթափ վիճակում և չեն ունեցել վարորդական վկայական։ 5 վարորդ էլ հրաժարվել է սթափության զննությունից, որի համար նախատեսվում է 2 տարի ազատազրկում: Այս մասին «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը:

Անցյալ ամիս կարևոր փաստ է արձանագրվել: Ճանապարհային պատահարները Երևանում հունվար ամսին նվազել են՝ շեշտում է Սերգեյ Ղահրամյանը: Եթե նախորդ ամիսներին օրվա մեջ միջինում մոտ 150-160 վթար էր արձանագրվում, հունվարին այդ թիվը տատանվել է 110-130 սահմաններում: Նա վթարների թվի նվազումը պայմանավորում է մի շարք գործոններով: 

Մի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները կանխելու համար ուժի մեջ դրվեց բալային համակարգը, մյուս կողմից էլ եղանակային պայմաններն էին բարենպաստ: «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավարն այլ հանգամանքներն էլ է թվում. «Վթարների թիվը նվազել է և միանշանակ պնդել, որ բալային համակարգի ներդրման արդյունքում է եղել, հանդուգն եզրակացություն կլինի: Համենայնդեպս, այս ընթացքում վթարների քանակը մի փոքր նվազել է, կամ ավելի ճիշտ՝ աճի տեմպն է նվազել, մի փոքր էլ գնացել է դեպի նվազում: Բացի այդ, օրինակ, հունվարին ամբողջությամբ դասապրոցեսը չէր սկսվել, կամ վարորդները զերծ են մնացել ամառային անվադողերով դուրս գալ երթևեկության»:

Բալը թանկ է

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները նվազեցնելու համար ներդրված բալային համակարգից հետո որոշ քաղաքացիներ նոր բիզնես են սկսել՝ վաճառել բալերը: 

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տուգանքի նոր ձևաչափ, ըստ որի՝ յուրաքանչյուր վարորդի տարվա համար տրվում է 9 միավոր, ինչից հետո իրավախախտման համար հանվելու են տուգանային միավորներ: 9 միավորը սպառելու դեպքում քաղաքացին կես տարով զրկվում է մեքենա վարելու իրավունքից, երկրորդ անգամ` մեկ տարով:

Այս օրերին համացանցում կարելի է գտնել վաճառքի բազմաթիվ հայտարարություններ: Օրինակ՝ list.am կայքում շուրջ մեկ տասնյակից ավելի մարդ այդ մասին հայտարարություն է տարածել: Բալն իսկապես թանկ է՝ արժեքն սկսվում է 30 000 դրամից տատանվելով մինչև 75 000: 

Սերգեյ Ղահրամանյանն անդրադառնալով այս խնդրին՝ նշեց, որ այս երևույթը նոր չէ:  Նրա խոսքով՝ այդ հայտարարությունների մի մասը հումորային բնույթի են, իսկ եթե ցանկանում են նման քայլի գնալ, հնարավոր է համապատասխան իրավական հետևանքներ լինեն: Ըստ փորձագետի՝ այս երևույթը բոլոր երկրներում էլ կա և վերահսկելի է:

«Նախկինում ևս ոչ տուգանքային միավորների ձևաչափով, սակայն, տուգանքների հասցեատերը փոխելու մեխանիզմն աշխատել է: Երբ բացահայտվել է, որ կեղծ ինֆորմացիա են տրամադրել ոստիկանությանը, տարբեր քրեական գործեր են հարուցվել: Եղել են դեպքեր, երբ մարդն ասել է, որ մի քանի տասնյակ դրամների տուգանքներ է իրականացրել, բայց իրականում այդպես չի եղել: Այս տուգանքային միավորները այդ մեթոդակազմն ունեն: Եթե մարդիկ կեղծ ինֆորմացիա են տրամադրում, դրա համար կան տուգանքներ: Օրինակ՝ այժմ դանակ վաճառելն արգելված չէ, կարող եք գնել և խոհանոցում օգտագործել, բայց մարդիկ կան, ովքեր դա վերցնում են և հանցագործություններ են անում: Այս բալայինը ևս նման մի բան է՝ բոլորն ունեն: Դու կարող ես կամ օգտագործել արդյունավետ և անվտանգ, կամ ոչ անվտանգ: Խնդիրը դրա մեջ է»,- նշեց նա: 

Սերգեյ Ղահրամանյանի խոսքով՝  տուգանքային միավոր վաճառելն ինքնին հանցագործություն չէ, եթե կեղծ ինֆորմացիա ես հայտնում ոստիկանությանը, դա արդեն օրենքով չէ: 

«Օրինակ՝ մեկը ներկայացնում է, որ ինչ-որ x մեքենայի ղեկին է եղել և կատարել է կարմիր լույսով անցնելու խախտումը: Եթե հետաքննությունը պարզի, որ նա չի եղել ղեկին, սա համարվում է կեղծ ինֆորմացիա»,- եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1644 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ