...

Պատերազմից մեկ օր անց

Պատերազմից մեկ օր անց

Պատերազմի վերսկսումից մեկ օրից ավելի է անցել և կարելի է որոշակի միջանկյալ ամփոփումներ կատարել: Եվ այսպես. ադրբեջանական բլից-կրիգը չստացվեց: Սա ամենակարևոր փաստն է, որ պետք է արձանագրել, քանի որ ազդեցություն է թողնելու նաև հետագա ընթացքի վրա:

Հարձակվելով հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում՝ գրոհելով նաև Մռավ լեռը, մի բան, որ 90-ականներից հետո տեղի չէր ունեցել՝ ադրբեջանական կողմը հույս ուներ ընկճել հայկական կողմին և նրան զրկել մանևրելու հնարավորությունից: Ռմբակոծելով նաև Ստեփանակերտը՝ նրանք հույս ունեին, որ արցախցիները ավտոշարասյուներով փախչելու են դեպի Հայաստան և հեշտ թիրախ դառնան ԱԹՍ-ների համար:

Երկրորդ կարևոր արդյունքն այն է, որ ԱԹՍ-ների աննախադեպ օգտագործումը ցանկալի արդյունք չտվեց: Նրանք չկարողացան ճնշել հայկական հակաօդային միջոցների հնարավորությունները, իսկ դա զրկում է Ադրբեջանին թե՛ ճակատում, թե՛ Արցախի խորքում անպատիժ օդային հարձակումներ գործելուց:

Քաղաքական իմաստով Ադրբեջանի նախապատրաստությունները, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ տարածվող պրովոկացիաները նույնպես արդյունք չտվեցին: Ճիշտ է, Հայաստանում որոշակի շրջանակներ սկզբում ոգևորվեցին, հայտարարություններ արեցին, հաշիվներ պահանջեցին, բայց պատերազմի վերսկսելուց անմիջապես հետո, իհարկե տեսնելով հասարակության տրամադրությունները, ստիպված էին թաքցնել իրենց հույսերը և գոնե ժամանակավորապես պատսպարվել միասնականության շղարշի ներքո:

Արցախում ընթացող պատերազմը նաև լուրջ հետևանքներ է թողնելու առաջիկա ներքաղաքական զարգացումների վրա: Արցախում հաջողություններ արձանագրելու դեպքում ռևանշիստները գոնե առժամանակ ստիպված են լինելու փոխել իրենց կարճաժամկետ ծրագրերը, քանի որ անգամ պատերազմը դադարեցնելուց մեկ ամիս հետո  իշխանությունը տապալելու որևէ փորձ դիտարկվելու է որպես թիկունքում թշնամական գործողություններ:

Պատերազմն անկանխատեսելի է, այնտեղ հաջողությունը և անհաջողությունը քայլում են կողք կողքի: Այս առումով չափազանց կարևոր էր դեռ ամիսներ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունը՝ դադարեցնել ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքը: Եթե անգամ լինելու է այդ զեկույցը, շատ սխալ կլինի, եթե շեշտը դրվի հանձնված դիրքերի քանակի վրա: Անգամ այն պարագայում, եթե առաջիկա օրերին հայկական կողմը ոչ միայն ազատագրի կորցրած մի քանի դիրքը, այլ նաև առաջխաղացում ունենա: Թե՛ ներկա, թե՛ ապագա իշխանությունները չպետք է կաշկանդված լինեն այն հանգամանքով, որ հանկարծ չկորցնենք մեկ դիրք, հանկարծ տակտիկական պատճառներով մի փոքր ժամանակավոր նահանջ չունենանք, որ մեզ չմեղադրեն դավաճանության մեջ:

Ադրբեջանին պետք է զրկել ռազմաճակատում փոքր հաջողությունների կամ Հայաստանի ժամանակավոր նահանջի դեպքում Հայաստանում իշխանություն ձևավորելու գործընթացի վրա ազդելու հնարավորությունից: Նրանք չպետք է ունենան այդ խաղաքարտը:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   876 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ