...

Տարբերությունը ո՞րն է

Տարբերությունը ո՞րն է

Երեկ տեղի ունեցավ վարչապետի հանդիպումը արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ: Ի թիվս այլոց՝ հանդիպմանը մասնակցում էին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը և Դաշնակցությունից Իշխան Սաղաթելյանը: Ինչո՞ւ ենք հատկապես նրանց նշում: Շատ պարզ պատճառով. որովհետև ի տարբերություն մնացածի՝ հանդիպումից հետո, չբացելով հանդիպման մանրամասները, այնուամենայնիվ հարկ համարեցին նշել, որ իրենց պատկերացումները Արցախի խնդրի վերաբերյալ տարբերվել և շարունակում են տարբերվել իշխանության պատկերացումներից:

Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ պատկերացումներ ունեն, որ տարբերվում են:

Օրեր առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս: Նա դա հայտարարել էր անգամ դատարան մտնելիս: Մի խոսքով այնքան հաճախ է հայտարարել, որ դարձել է մեմերի հերոս:

Նույնը վերաբերում է Դաշնակցությանը: 2018 թվականի ընտրությունների վերջին բանավեճի ժամանակ Արմեն Ռուստամյանը գրեթե հայհոյանք դրեց, թե արդյոք իշխանությունը պատրաստվում է հող հանձնել, ինչին Փաշինյանը պատասխանեց, որ ոչ մի դեպքում:

Հիմա իշխանությունը պատերազմում է, չի պատրաստվում հող հանձնել կամ նախապայմաններով բանակցություններ սկսել: Որքան էլ մեծ է ճնշումը թե՛ պատերազմի դաշտում և թե՛ դիվանագիտական առումով:

Ուրեմն հարց է առաջանում՝ ի՞նչ տարբերություն իշխանության և հիշյալ երկու ուժերի՝ Արցախի հարցի վերաբերյալ պատկերացումներում:

Ոչ մի, պարզապես հիշյալ ուժերը անում են հայտարարություններ, որ չկորցնեն իրենց ընդդիմադիր ստաժը: Կարծես հիմա դրա ժամանակն է:

Տարիներ առաջ հենց հանրապետականի ներկայացուցիչներն են քաղաքական դիսկուրս ներմուծել «թուրքը տեսնում և ուրախանում է» հայտնի արտահայտությունը: Հիմա թուրքը տեսնում և ուրախանում է, որ Հայաստանում որոշ ուժեր Արցախի վերաբերյալ այլ պատկերացումներ ունեն: Հատկապես խնդրահարույց է, որ նույն թուրքը գտնում է, որ գործող իշխանությունները չեն պատրաստվում գնալ կոմպրոմիսների: Ստացվում է, որ կան ուժեր, որոնք համաձայն չեն այդ դիրքորոշման հետ:

Հիմա ընդդիմադիր խաղեր տալու, միավորներ հավաքելու ժամանակը չէ: Ադրբեջանում և Թուրքիայում պետք է գիտակցեն, որ Հայաստանում չկան ուժեր, որոնց հետ ավելի հեշտ կլինի լեզու գտնել:

Արիս Վաղարշակյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ