...

Պետական պաշտոնյայի կաշառք վերցնելը հեչ էլ անհասկանալի ու զարմանալի չէ

Պետական պաշտոնյայի կաշառք վերցնելը հեչ էլ անհասկանալի ու զարմանալի չէ

Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գոհ չէ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքից, և դա է նաև ուժային երկու կառույցների ղեկավարների փոփոխությունների պատճառը և չի հասկանում, որ քաղաքական փոփոխություններից հետո ՀՀ-ում կարող է լինել պետական  պաշտոնյա և մտածի կաշառք վերցնելու մասին և զարմացած ասել է. «Ինչքան էլ տարօրինակ թվա, ոչ բոլորը դա արձանագրում են, որ իսկապես իրականություն է: Օրինակ` ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարող է այս բոլոր իրադարձություններից, քաղաքական փոփոխություններից հետո Հայաստանի հանրապետությունում լինել պետական պաշտոնյա եւ մտածել, որ հնարավոր է կաշառք վերցնել, ապօրինություն թույլ տալ: Դա ինձ համար ամենազարմանալի հարցն է, որի պատասխանը ես չեմ գտնում: Ամեն շաբաթ կաշառքի գործով պաշտոնյա է ձերբակալվում, եւ ես չեմ հասկանում այդ մարդկանց մտքի տրամաբանությունը: Այդ մարդիկ հեռուստացույց չե՞ն նայում, լուրեր չե՞ն կարդում, այդ մարդիկ ընդհանրապես Հայաստանի հանրապետությունից չե՞ն»: 

Առանց զարմանալու փորձենք հասկանալ և պատասխանը գտնել, թե կոռուպցիայի դեմ պայքարն ինչո՞ւ է  այսքան անարդյունավետ, ինչո՞ւ է ամեն շաբաթ կաշառքի գործով պաշտոնյա ձերբակալվում  հետհեղափոխական Հայաստանում, ինչո՞ւ է պետական պաշտոնյայի մտքով անցնում կաշառք վերցնել և ինչո՞ւ է պաշտոնյան ապօրինություն թույլ տալիս: 

Պարոն  Փաշինյան, Դուք եք  տարբեր առիթներով հայտարարել, որ պետական կառավարման համակարգում հին կադրերն են, ընդամենը 2-3%-ն են նորերը: Մենք էլ հավելենք, որ պետական կառավարման համակարգն էլ նույնն է: Հեղափոխության հիմնական պահանջն էր փոխել կոռումպացված  պետական կառավարման համակարգն իր բաղադրիչներով: Նույնիսկ անգրագետ Պողոսին հայտնի կլինի, որ եթե պետական կառավարման համակարգը մնացել է նույնը, կադրերը մնացել են նույնը և 2-3%-ը հնարավորություն չի ունենա հեղափոխության պահանջներն իրականություն դարձնել: 

Հենց սկզբից  ոստիկանապետի, ԱԱԾ-ի ղեկավարի նշանակումից հետո  Հայաստան 24.com-ը բազմից բարձրաձայնել է, որ մերժվածներն իրենց իշխանությունը պահել են բացառապես ուժայինների շնորհիվ, և եթե առանցքային պաշտոնները զբաղեցնում են նախկինները, մասնավորապես` ուժային կառույցները, ՊԵԿ, ԿԲ, ապա անհնար կլինի կատարել հեղափոխության պահանջները: Իրենց կադրերով, իրենց օրենքներով իրենց դեմ պայքարելն աբսուրդ է: ԱԺ ընտրություններից հետո ունեիք  քաղաքական մեծամասնություն, պիտի լուծեիք  ուժային կառույցների ղեկավարների հարցը,  հիմա նոր ԱԺ-ում  փոխում եք  օրենքը, որ հնարավորություն լինի ոչ մասնագիտական կառույցից մարդ նշանակել: 

Հեղափոխությունից  անմիջապես հետո աղմկահարույց բացահայտումներ էին լինում, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում թալանչիներ էին  բռնում, որոշ ժամանակ անց  բաց էին թողնում, և թալանչիները բոլորը արտերկրում բուժման կարիք էին ունենում, հանրությունը զարմանում էր, պարոն վարչապետ, Դուք ինչու չէիք զարմանում, որ հիմա եք զարմանում: Եթե մարդը նույն տեղը աշխատում է նույն օրենքներով,  իսկ ինչու պիտի նույն ձևով չաշխատի: Պարոն վարչապետ, հեչ զարմանալու բան չկա, եթե թալանողն էլ, թալանչուն բռնողն էլ կապված են տարատեսակ  թելերով,   էլ ինչու պիտի բաց չթողնեն, և մնացյալներն էլ գիտեն, որ եթե իրենց էլ բռնեն, ապա բաց են թողնելու և այսպես շարունակ: Եթե դատաիրավական համակարգում  բարեփոխում չեք արել, էլ ի՞նչ իրադարձություններից եք խոսում, որ պաշտոնյան էլ կաշառք չվերցնի: 

Կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային է լինում, մանր-մունր պաշտոնյաներին  կաշառք վերցնելու պատճառով ձերբակալելը կոռուպցիայի դեմ պայքար չէ: Թե չէ հեղափոխությունից մեկուկես տարի անց  կոռուպցիոն պետական համակարգը թողնել նույնը և չհասկանալ ու զարմանալ, թե ինչու են պաշտոնյաները կաշառք վերցնում, անկեղծ ասած, այ անհասկանալին սա է: 

Հուսանք, որ ամեն ինչ կորած չէ, և Ձեր վերադարձին կհաջորդի պետական կառավարման համակարգի փոփոխությունը, հակառակ պարագայում էլի պետական պաշտոնյայի կաշառք վերցնելը  անհասկանալի ու զարմանալի կլինի:

Ջավահիր Այվազյան

«Չորրորդ իշխանություն», 2, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   5648 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ