...

Պետք է այնպես անել, որ տնտեսական անկումը կոլապս չստեղծի

Պետք է այնպես անել, որ տնտեսական անկումը կոլապս չստեղծի

«ՉԻ» զրուցակիցն է տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

- Պարոն Մակարյան, տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրել 6,7 տոկոսով: Պատճառը կորոնավիրուսով պայմանավորված «լոքդաուննե՞րն» են, պատերազմի հետևա՞նք է, թե՞ նաև կառավարման ձախողումը:

- Տնտեսությունը գտնվում է անդունդի եզրին: Եթե ճիշտ աշխատանքներ չտարվեն, կհայտնվենք անդունդում: Դա նշանակում է, որ պետական բյուջեի համալրման հնարավորությունները նվազում են, քանի որ հարկատուները դժվարությամբ կամ ավելի քիչ են վճարում հարկերը: Պատճառը շրջանառության նվազումն է: Այն պայմանավորված է նրանով, որ պետական գնումների էական մասը չիրականացվեց և դրա մուլտիպլիկատիվ ազդեցությունը տնտեսության մեջ չնկատվեց: Միջազգային կառույցների գնահատականներով՝ պետական բյուջեի պակասուրդը մոտ 75 մլրդ դրամով կավելանա, արտաքին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կավելանա մոտ 60 տոկոսով: Հաջորդ տարի ենթադրվում է, որ պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 69 տոկոս, այսինքն՝ ևս 9 տոկոսով կավելանա: Այնուհետև, սոցիալական խնդիրներն ավելի կսրվեն, քանի որ գործազրկության ավելացման ակնհայտ նախադրյալներ կան: Աղքատությունը նույնպես կավելանա: Իսկ այս տարի սոցիալական աջակցության հնարավորությունները, բյուջեով պայմանավորված, սահմանափակ են, որոնք պետք է ուղղվեին Արցախի քաղաքացիների աջակցությանը, զոհվածների ընտանիքներին, վիրավորներին: Շուկայում նաև աշխատուժի պակասուրդ կլինի՝ պայմանավորված զոհերի և վիրավորների թվով:

Ռիսկեր կան, որ սահմանները բացվելուց հետո աշխատանքային միգրացիային զուգահեռ նաև արտագաղթ տեղի կունենա: Այն իր հերթին ևս աշխատուժի պակասուրդ կառաջացնի՝ պայմանավորված նրանով, որ մասնագետներ կհեռանան:

Կորոնավիրուսի հետևանքով տուժել է նաև փոքր և միջին բիզնեսը: Զգալիորեն տուժել է նաև առևտրի ոլորտը, իսկ զբոսաշրջության ոլորտում աշխուժություն չկար, հաջորդ տարի հեռանկարներ նույնպես չկան:

- Որոշ տնտեսական վերլուծաբանների կանխատեսմամբ՝ տնտեսական կոլապսի շեմին ենք: Եթե պետությունը համապատասխան քայլեր չձեռնարկի, տնտեսական կոլապս կլինի՞:

- Եթե արագ էական միջոցառումներ չարվեն, տնտեսական կոլապս կլինի: Պետական մարմինները. կառավարությունը՝ նախարարությունները և Ազգային ժողովը լուրջ դերակատարություն ունեն կոլապսից խուսափելու համար: Այսինքն՝ կառավարությունը պետք է թիրախային խնդիրների վրա կենտրոնանա: Պետք է աշխատի որպես շտաբ և ամենօրյա ռեժիմով աշխատանքներ կատարվեն:

- Իսկ այս դեպքում՝ ի՞նչ հակաճգնաժամային միջոցառումներ պետք է արվեն:

- Ամենաառաջին հարցերից մեկը պետք է այն լինի, որ տնտեսական անկումը կոլապսի չտանի: Անհրաժեշտ է գործարար միջավայրի համար օրենսդրությունը շատ արագ պարզեցվի: Պետական աջակցության գործիքները պետք է փոխվեն: Առավելապես պետք է խթանել ներքին արտադրությունը, որպեսզի դրա շնորհիվ կարողանան կլանեն նոր աշխատողներ՝ նվազեցնելով գործազրկությունը: Երրորդ՝ այդպիսի դերակատարում կարող է ունենալ շինարարությունը: Շինանյութերի արտադրությունն ու շինարարության ծավալները կարող են էականորեն փոխել գործազրկության վիճակը, որովհետև, ովքեր չունեն մասնագիտություն, կարող են այդ ոլորտում աշխատել:
Հրատապ փուլով պետք է անվտանգությունն ուժեղացնել: Այս հարցում ՊՆ-ն և ԱԳՆ-ն պետք է անվտանգության երաշխիքներ ստեղծեն երկրի համար, որպեսզի բիզնեսը և ներքին ներդրողները վստահաբար շարունակեն իրենց աշխատանքը: Բիզնեսը պետք է վստահ լինի, որ իր կյանքը երկարաժամկետ կտրվածքով ապահովված է՝ խաղաղության և անվտանգության տեսանկյունից:

- Ներքաղաքական անկայուն և հետպատերազմական այս իրավիճակում ներդրումներ կարո՞ղ ենք սպասել:

- Իհարկե, ներդրումներ չեն գա: Մենք պետք է որպես պետություն դիվանագիտական-տնտեսական դաշինքներ ստեղծենք այլ երկրների հետ՝ ստեղծելով նաև անվտանգության երաշխիքներ, որը կտանի տնտեսական զարգացման:

- 2021-ի բյու­ջեն հաս­տատ­վեց՝ 3,2 % տն­տե­սա­կան ա­ճի խոս­տու­մով։ Քննադատություններ արվեցին, որ եկող տարվա բյուջեն չի արտացոլում տնտեսության վիճակը: Ձեր կարծիքով՝ 2021 թվականի պետական բյուջեն չի՞ համապատասխանում տնտեսությունում առկա մարտահրավերներին:

- Եկող տարվա բյուջեն պաշտպանողական է, չի համապատասխանում մեր երկրի տնտեսական մարտահրավերներին: Մենք ասել են, որ միայն սոցիալական կողմին «զոռ» տալով հարցը չի լուծվի: Պետք է տնտեսական լոկոմոտիվային ծրագրեր լինեն, որովհետև տնտեսությունը չենք կարող պահել կիսալճացող իրավիճակի մեջ:

Եթե 2020 թվականի նկատմամբ են 3,2 % տնտեսական աճ հաշվում, դա նշանակում է՝ այս տարվա երկրորդ եռամսյակի տնտեսական վիճակը: Իսկ այդ ժամանակ փայլուն վիճակ չէր:

Այս 3,2 %-ը փոքր Հայաստանի համար չնչին թիվ է, բայց ավելին հնարավոր էլ չէ: Այս իրավիճակում 3,2 % տնտեսական աճը, իհարկե, լավ է: Բայց այդ ցուցանիշը ոչինչ չի ներկայացնում փոքր տնտեսության մեջ, մանավանդ, անկում ապրող տնտեսության: Այստեղ հարցը ցուցանիշները չեն: Հաճախ կառավարությունները հրապուրվում են և ուզում են տնտեսական աճի ինչ-որ թվեր ցույց տալ, սակայն, այդ թվերի մեծությունը կամ փոքրությունը ո՛չ տնտեսվարողները, ո՛չ քաղաքացիները չեն էլ զգում: Տնտեսության զարգացման ուրիշ մոդելներ այստեղ պետք է գործարկվեն: Հին մոդելներից պետք է հրաժարվել: Պետք է թիրախային մոդելներով շարժվել: Կարող է այդ լոկոմոտիվը դառնալ, օրինակ, պարենի անվտանգությունը, որի վրա էլ հիմա լուրջ աշխատում են:

- Երկրում ստեղծված անկայուն վիճակն ու անորոշությունն ազդեց նաև փոխարժեքի շուկայի վրա: Պատերազմի օրերից դրամն արժեզրկվում է: Արդյոք դրամի արժեզրկումը կառավարելի՞ է, եթե հաշվի առնենք, որ արդեն գնաճ է արձանագրվել:

- Կարծում եմ՝ իրավիճակը Կենտրոնական բանկը կարողանում է վերահսկել: Մենք ավելի ճգնաժամային պահեր ենք ունեցել: ԿԲ-ն միշտ էլ կարողացել է կարգավորել վիճակը: Մենք անընդհատ զսպում ենք, որովհետև ունենք սոցիալական խնդիրներ, որոնք դոլարի արժեքի փոփոխության պատճառով կարող են սրվել: Արձանագրված թանկացումներն արհեստականորեն կբարձրացնեն աղքատության շեմը:

- Հնարավոր չէ՞ զսպել գնաճը:

- Հնարավոր չէ, որովհետև մենք 6 միլիարդի ներկրումներ ենք կատարում, որի մեծ մասը սննդամթերք է: Ներկրողներն առևտուրը դոլարով են կատարում: Բացի դա, տրանսֆերտները պակասել են, միջազգային ծրագրերն են պակասել, արտահանման ծավալներն են կրճատվել: Այս երևույթը դեռ կշարունակվի: ԿԲ-ն կփորձի դրամի արժեզրկումը զսպել, բայց դա կանի օպտիմալ կերպով:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 40, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   113826 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ