...

Պուտինը չամրապնդեց Քոչարյանի դիրքերը

Պուտինը չամրապնդեց Քոչարյանի դիրքերը

ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան և հայ ղեկավարների հետ նրա հանդիպումներն ավելի շատ «Փիղը և մոսկան» հեքիաթի տեսարաններ էին հիշեցնում: Նույնիսկ ռուսական հեռուստաընկերությունները չէին կարողանում թաքցնել իրենց հեգնանքը՝ նշելով, թե Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցն է, և ավելացնելով, թե «հայկական բանակ» բառակապակցությունը կոմիկական է հնչում:

Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները տիտանական ջանքեր գործադրեցին, որպեսզի այս այցից առավելագույն օգուտներ քաղեն գոնե ներքաղաքական ասպարեզում (Ռուսաստանին խաբել հնարավոր չէ, իսկ մեր հասարակությանը՝ հեշտ է): Եվ փորձեցին մեր հասարակությանը ցույց տալ, թե ինչ լավ հարաբերությունների մեջ են Պուտինը և Քոչարյանը: Քոչարյանամետ բոլոր հեռուստաընկերությունները 15 րոպեն մեկ ցուցադրում էին, թե ինչպես են Պուտինն ու Քոչարյանը կողք-կողքի ժպտում, իսկ մեկնաբանները խորհրդավոր ձայնով տեղեկացնում էին, թե անցած 10 տարիների ընթացքում սա Ռուսաստանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան: Ճի՛շտ էին աշխատում քոչարյանամետ լրատվամիջոցները. նման բաները մեր հասարակության վրա ազդում են: Սա, իհարկե, պատիվ չի բերում հասարակությանը, բայց փաստ է:

Իսկ ճշմարտությունը հետևյալն է:

1. Միջպետական հարաբերությունները անձնական հարաբերությունների հետ կապված չեն, և Պուտինը, ելնելով Ռուսաստանի շահերից, կայցելեր Հայաստան, եթե նույնիսկ Հայաստանի նախագահը լիներ ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ, ասենք, Կոմայգում արևածաղիկ վաճառող Փիրուզ տոտան:

2. Նախագահների հանդիպման ժամանակ ընդունված է ժպտալ, և ոչ թե իրար գլխի կտտացնել, անկախ նրանից, թե ինչպես են ընթացել բանակցությունները:

3. ՌԴ նախագահը անցած 10 տարիներին չի այցելել Հայաստան, և այցելում է հիմա, որովհետև 1991-99թթ. հայ-ռուսական հարաբերություններում որևէ լուրջ պրոբլեմ չի եղել (ապացույց՝ ռազմական սերտ համագործակցությունը, գազի և միջուկային վառելիքի անխափան մատակարարումը, հայ-ռուսական ռազմավարական համագործակցության Մեծ պայմանագիրը և այլն), իսկ վերջին երկու տարիներին (հատկապես 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո) նման բազմաթիվ լրջագույն պրոբլեմներ են առաջացել (ապացույց՝ Պուտինի առաջնահերթ այցը Բաքու, գազի դիմաց մեր ունեցած պարտքը անհապաղ մարելու պահանջը, միջուկային վառելիքի մատակարարման խափանումները և այլն):

4. Պուտինի այցից հետո այդ պրոբլեմները չեն լուծվել, որովհետև, ինչպես պարզվեց, դա ոչ թե «ռազմավարական գործընկերոջ» այց էր, այլ պարտատիրոջ: Ռուսաստանը պարտքի դիմաց Հայաստանից վերցրեց այն ամենը, ինչ իրեն պետք էր: 1991-98թթ. նման բան տեղի չի ունեցել, թեև Հայաստանի պարտքերը հաճախ ավելի մեծ թվերի են հասել:

5. Այդպես վարվում են միայն այն դեպքում, եթե չեն վստահում գործընկերոջը, և ՌԴ նախագահը, տեսնելով Քոչարյանի արևմտամետությունը, եկել էր նրան պարզապես «տեղը դնելու»:

Այս ամենը նշանակում է, որ չհիմնավորված են այն ենթադրությունները, թե իբր Քոչարյանն այսուհետև վայելելու է Պուտինի վստահությունը: Նման «գործընկերոջը» կարելի է որոշ ժամանակ հանդուրժել, բայց վստահել՝ երբեք:

Այնպես որ, առջևում թեժ աշուն է:

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 263, սեպտեմբերի 18, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ