...

Փոխե՛ք խոսույթը, քանի դեռ կարող եք

Փոխե՛ք խոսույթը, քանի դեռ կարող եք

Բազմիցս ենք գրել, որ Հայաստանում իշխող ներկա խոսույթը՝ դավաճան, հողատու, պատուհաս, պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ, նախկիններ, ներկաներ, հեղափոխության արժեքներ և այլն, որևէ ռացիոնալ տարր չի պարունակում։ Միմյանց մեղադրելու «սովորույթը» փրկօղակ է իշխանության համար, որովհետև դեմագոգիան դիլետանտիզմի հավատարիմ ուղեկիցն է։

Շատերն են հասկանում, որ պատերազմական իրավիճակում անհրաժեշտ են կոնկրետ քայլեր՝ նախ հրդեհը հանգցնելու համար։ Այո՛, այդ քայլերից կարևորագույնը դիլետանտներից ազատվելն է։ Դրա համար նաև անհրաժեշտ է փոխել խոսույթը, շեշտադրումները։ Ի դեպ, դեմագոգիայով դեմագոգին հակադարձելը ոչ մի լավ բանի չի բերում։ Հանրությունը հոգնում է նույն կարգի անարդյունք «թունդ» խոսքերից, մեղադրանքներից և արդարացումներից։ Հանրությանը կոնկրետ, շատ կոնկրետ առաջարկներ են պետք։

Ո՞վ կարող է ճեղքել դիլետանտիզմի կործանարար շղթան։ Իշխանությո՞ւնը։ Ո՛չ, նրան ձեռնտու է ամբոխավարությունը, որովհետև ուրիշ բան չգիտի։

Ընդդիմությո՞ւնը։ Գուցե, եթե կարողանա դուրս գալ 25 տարվա կլիշեներից և չփորձի դեմագոգից դեմագոգ լինել։

Այսպես, մեր ընդդիմության բառապաշարի հիմնական բաղադրիչներից մեկը թուրք-ն է, հիմնական թեման՝ Նիկոլ Փաշինյանի՝ դավաճան լինելն ապացուցելը, խաղաղության գաղափարը մերժելը (ի դեպ, Փաշինյանի խաղաղության մուրացկանությունն իսկապես ոչ ոքի պետք չէ, այն իրական խաղաղության հետ ոչ մի կապ չունի), պատերազմի վտանգը ներկա իշխանության հետ կապելը։ Սակայն ի՞նչ կարելի է անել՝ աղետը կանխելու համար, նորմալ չեն ձևակերպում։ Հույս ունեն, որ երկրի վիճակն ավելի կվատանա, և մարդիկ դուրս կգան փողոց։ Հիասթափեցնենք։ Դուրս չեն գա, քանի դեռ չեն տեսնում արժանավոր առաջնորդների, արժանավոր և բանական։ 

Եթե հանրությունը մեկ կամ նույնիսկ երկու անգամ մի տեսակի պոպուլիզմի զոհ է դարձել, դեռ չի նշանակում, որ կգնա մեկ այլ տեսակի հետևից։

Այս առիթով նշենք, որ, օրինակ, այս կակաֆոնիայից առանձնանում էր Արմեն Աշոտյանի՝ «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Ինչու է սա կեղծիք» հոդվածը, որում նա ճշգրիտ, կետ առ կետ բացահայտում էր Նիկոլ Փաշինյանի կեղծիքներն արցախյան խնդրի բանակցությունների մասին։ Սակայն երբ կարդում կամ լսում ես ընդդիմության այլ ներկայացուցիչների հրապարակային ելույթներ, մտածում ես, որ այս մարդիկ անհուսորեն կտրված են Հայաստանի ներկայից։ Նույնն է նաև ընդդիմադիր մտավորականների դեպքում։ Օր․՝ Հայկ Դեմոյանի հարցազրույցի վերնագիրը սա է՝ «Թուրքական հատուկ ծառայությունները Ռուբեն Ռուբինյանին նախապատրաստել են հենց այս գործընթացին», իսկ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանինը սա՝ «Թուրքիան Ադրբեջանին ներգրավում է տարածաշրջանային հակառուսական պրոյեկտներում, ինչը հնարավորություն կտա ՌԴ հետ նոր սակարկություններ սկսել, որտեղ կարող են տրորվել նաև Հայկական շահերը»։ Ընդ որում, ընթերցողներին ներկայացնելով թուրք-ադրբեջանական նկրտումները, պրն Զաքարյանը որևէ ռացիոնալ առաջարկ չունի Հայաստանի համար։ 

Հիմա դարձյալ Արմեն Աշոտյանի մասին։ Խոստովանենք, որ ուշադիր լսում ենք նրա հարցազրույցները, որովհետև նա իսկապես քաղաքական գործիչ է։ Կարծում ենք նաև, որ անկեղծորեն նվիրված է հայրենիքին։ Մենք կարող ենք բացարձակապես տարբեր կարծիքներ ունենալ այս կամ այն գործընթացի մասին, բայց միմյանց գնահատել պարտավոր ենք։ Եվ այսպես, Արմեն Աշոտյանի հարցազրույցներից մեկում արժեքավոր մտքեր հնչեցին, սակայն հիասթափեցրեց վերջաբանը, որովհետև ՀՀԿ փոխնախագահը փոփոխությունների հույս էր համարում այն, որ ժողովուրդը թույլ չի տա իշխանություններին ուրանալ Ցեղասպանությունը։ Այսինքն՝ պրն Աշոտյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ընթացքում Ն․ Փաշինյանը կհրաժարվի այդ խնդրից, և ժողովուրդը փողոց դուրս կգա։ Միամիտ, անիրական հույս է։ Ցավոք, նույնիսկ այդ գնով փողոցները բողոքող մարդկանցով չեն լցվի։ Մարդկանց ռեալ հեռանկար է պետք։

Փոխե՛ք դիսկուրսը, քանի դեռ կարող եք։

Գրիգոր Խաչիկյան


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3530 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ