...

Փրկել Հայաստանը Քոչարյանից

Փրկել Հայաստանը Քոչարյանից

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենախայտառակ ընտրություններն ավարտվեցին: Ողջ քաղաքակիրթ աշխարհը թքեց Հայաստանի իշխանությունների երեսին: Իսկ Հայաստանը որպես գույք իր պարտքի դիմաց վերցրած Ռուսաստանն ու նրա «ալկաշ» դիտորդներն ուրախացան, որ այսուհետ ևս անարգել կարող են Քոչարյանից, որպես պարտքի հատուցում, վերցնել Հայաստանի մնացած մասերը: Մինչդեռ, Քոչարյանը, ասում են, թքած ունի: Ու երբ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը, մարտի 5-ի կեսօրին, երբ ընտրակեղծիքներն այլևս դարձել են անկառավարելի, ցանկացել է հանդիպել Քոչարյանին, վերջինս փոխանցել է, թե Այքերի հետ խոսելու բան ինքը չունի: Եվ իսկապես, ի՞նչ պիտի ասեր Քոչարյանն Այքերին. պիտի ասեր, որ, միևնույն է, ինքը չի՞ «քերվելու» նախագահական աթոռից, ու եթե հարկ լինի, պատրաստ է անգամ Հայաստա՞նը կործանել...

Ինչևէ, ասում են, չկա չարիք՝ առանց բարիքի: Ողջ քաղաքակիրթ աշխարհը մարտի 5-ից հետո հասկացավ, որ հանձինս Քոչարյանի, աշխարհը գործ ունի Լուկաշենկոյի և Սադամ Հուսեյնի վատթարագույն տարբերակի հետ, ուստի ողջ միջազգային հանրության խնդիրը պետք է լինի օգնել հայ ժողովրդին՝ ազատագրվելու բռնակալական «զամաշկաներ» ցուցաբերող Հիտլերիկից: Նկատենք, որ պարոն Քոչարյանի բռնակալական հակումները պայմանավորված են ոչ թե նրա բնավորության տղամարդկային գծերով, որպիսիք պարզապես գոյություն չունեն, այլ իր անմիջական շրջապատի փալասությամբ: Իսկ փալաս և դոնդող շրջապատի վրա հենվելով՝ ցանկացած Քաջ Նազարից էլ կատարյալ բռնակալ է ստացվում: Դա, ի դեպ, ապացուցել է մարդկության ողջ պատմությունը:

Սակայն խորապես պետք է հիասթափեցնենք պարոն Քոչարյանին և նրա «ուռոդ» շրջապատին: Հայաստանում բռնապետություն հաստատել պարզապես հնարավոր չէ: Ինչպես կասեին անգլիացիները՝ նման բան չի կարող լինել, որովհետև պարզապես չի կարող լինել: Իհարկե, կլիենտը, իմա՝ Քոչարյանը, տևական ժամանակ կընկնի կատաղության նոպայի մեջ, մասնագետներն ասում են, որ կարող է լուրջ քացիներ ու «հարուներ» տալ ժողովրդին, կսկսի երկրում իրականացնել մասսայական ռեպրեսիաներ, ձեռքի հետ մի քանի թերթ էլ կփակի, որ հետո հայտարարի, թե այդ թերթերը շատ էր սիրում ու հիմա տանը նստած մտածում է, թե ո՞նց դրանցից մի քանի հատ ևս հորինի: Բայց այդ ամենը դատապարտված քայլեր են լինելու, քանզի, կրկնում ենք, Հայաստանում բռնապետություն հաստատել հնարավոր չէ: Ու Ռոբերտ Քոչարյանը դատապարտված է: Իհարկե, մինչև մարտի 5-ի այլանդակությունները նա շանս ուներ հեռանալու մարդավայել, բայց որևէ մեկը մեղավոր չէ, որ Քոչարյանը թքեց իրեն առաջարկվող այդ ազնիվ շանսի վրա ու գերադասեց ընտրել այնպիսի ճակատագիր, որի ավարտը խիստ ողբերգական է լինելու:

Ամբողջ խնդիրը, սակայն, ժամանակի մեջ է: Ակնհայտ է, որ մարտի 5-ի այլանդակություններից հետո միջազգային հանրությունը զրկելու է Հայաստանին այն բոլոր ՍԱԿ-երից ու վարկերից, որոնց շնորհիվ մեր կառավարությունը փակում էր բյուջետային աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները: Այժմ ակնհայտ է, որ ժողովուրդն ամիսներով չի տեսնելու իր «քրչոտ» աշխատավարձի երեսը: Ի դեպ, կան հավաստի տեղեկություններ, որ հայ մեծահարուստ բարերար Քըրք Քրքորյանը ևս ապշահար է եղել այլանդակությունների այն մակարդակից, որը իշխանությունները դեմոնստրատիվ կերպով իրականացրել են 2003-ի նախագահական ընտրություններ կոչված խեղկատակության ժամանակ ու հայտարարել է, թե այլևս չի կարող աշխատել մի իշխանության հետ, որը ամենալկտի ձևով բռնաբարել է ժողովրդի կամքը: Սակայն ակնհայտ է, որ Հայաստանի դեմ կիրառվող այդ սանկցիաներից տուժելու է ոչ թե Քոչարյանի կամ Սերժիկ Սարգսյանի անձնական կլանը, այլ հասարակ ժողովուրդը: Այն ժողովուրդը, որի հույսը միջազգային ֆինանսական կազմակերպություններից եկած վարկերն ու Քրքորյանի փողերով սարքված շենքերն էին: Իսկ թե ի՞նչ սանկցիաներ կկիրառի Հայաստանի դեմ Եվրախորհուրդը, դրա մասին դժվար չէ կանխատեսելը:

Այսպիսով, ընդամենը մի Քոչարյան փորձում է Հայաստանը վերածել «իզգոյ» պետության, որին հայտարարվելու է տոտալ մեկուսացում: Այս մարդը չի հասկանում, որ իր բոլոր ջանքերը ոչ միայն դատապարտված են, այլև ծիծաղելի ու անսահման ողորմելի: Մարտի 5-ին մեկ էլ հանկարծ պարզվեց, որ Տիգրան Նաղդալյանի սպանությունը բացահայտված է, սպանողն էլ այնքան «դոդ» էր գտնվել, որ զենքը տարել էր տուն ու դրել շկաֆի վրա: Բայց մարտի 5-ին իշխանությունները բավարարվեցին միայն պաշտոնական ինֆորմացիայով, որ կան ձերբակալվածներ, իսկ իրենց շրջապատի միջոցով սկսեցին լուրեր տարածել, թե հետախուզման հայտարարվածների մեջ էլ կա մեկը, որը Արամ Սարգսյանի մորաքրոջ տղան է: Տեսնես որևէ երկիր ունեցե՞լ է երբևէ այսքան տգետ իշխանություն: Մենք, անկեղծ ասած, ինչքան թերթեցինք մարդկության պատմությունը, նման ապուշագույն էջեր այնտեղ չկարողացանք պեղել:

Այսինքն, հրաշալի հասկանալով, որ ընդդիմության շարքերում ամենաանկոտրում մարդը Արամ Սարգսյանն է, Քոչարյանը փորձում է նման ողորմելի «տրյուկով» Արամին դարձնել կառավարելի: Նախապես ասենք, որ զուր ջանքեր են, քանզի ժողովուրդը հրաշալի գիտի, թե ո՞վ է կանգնած Նաղդալյանի սպանության ետևում, ինչպես որ հստակ գիտեր, թե ո՞վ և ովքե՞ր են կանգնած հոկտեմբերի 27-ի ետևում: Պարզապես զարմանալի է, թե ինչպե՞ս կարող է 21-րդ դարում ապրող մարդը համառորեն չհասկանալ, որ ինկվիզիցիայի մեթոդներով 21-րդ դարում հարցեր չեն լուծում: Ինչքա՞ն «տուգադում» պետք է լինել՝ չհասկանալու համար, որ Հայաստանի ժողովուրդն էապես տարբերվում է Իրաքի կամ Աֆղանստանի անգրագետ ժողովրդից, ու Հայաստանում բռնապետություն հաստատելու ցանկացած փորձ դատապարտված է ի սկզբանե:

Իհարկե, Քոչարյանը հեռանալու է: Բայց այս մարդը չի կարող հեռանալ հենց այնպես, առանց ժողովրդին ու երկրին լուրջ վնասներ հասցնելու: Ու այսօր ողջ հայ ժողովրդի առաջ մեկ, լրջագույն գերխնդիր է կանգնած՝ անել այնպես, որ երկրին ու ժողովրդին հասցված ու դեռ հասցվելիք Քոչարյանի վնասները լինեն հնարավորինս քիչ:

Հայաստանում մնալու Քոչարյանի յուրաքանչյուր օրը վտանգում է մեր երկրի պետականությունը, մեր երկրի անվտանգությունը, միջազգային վարկն ու հեղինակությունը: Մենք երբեք չենք եղել ստրուկ, ու «էշի սպարտակիադաներով» դաստիարակված որևէ մեկը չի կարող հայաստանցուն փորձել դարձնել ստրուկ:

Լիլիթ Հովհաննիսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 276, մարտի 11, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   248 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ