...

Փրկիչները շատ են, գործ անող չկա

Փրկիչները շատ են, գործ անող չկա

Ընտրությունների անխուսափելիությունը, իհարկե, մեզ համար կասկածելի է: Սակայն ակնհայտ է, որ թե՛ իշխանությունը, թե՛ նախկինները պատրաստվում են այդ միջոցառմանը: 

Նախ ասենք, թե ինչու ենք կասկածում արտահերթ ընտրությունների անցկացմանը: Որովհետև հասկանում ենք՝ իշխանությունն ամեն ինչ անելու է ժամանակ ձգելու համար: Մի երկու տարի է մնացել հերթականին, և նրանք կարծում են, որ կարող են հասնել դրան: Ավելին, Նիկոլ Փաշինյանն ունի աջակիցների որոշակի քանակ, մանավանդ վիրտուալ աջակիցների, ինչը կարող է դեռ շոյել նրա սնափառությունը և հույս արթնացնել, որ հասարակությունը շուտով կմոռանա պատերազմը, բազմահազար զոհերին, տարածքների կորուստը և կշարունակի որոճալ նախկինների կոռուպցիայի մասին պատմությունները: Նշենք, որ նա չարաչար սխալվում է, նրան սխալ են զեկուցում: Հասարակության մեծամասնությունն առայժմ ծանր շոկի մեջ է: Երբ մի կերպ դուրս գա այդ վիճակից, շատ լավ հասկանալու է վատի և վատթարի տարբերությունը, հասկանալու է, որ պետք է պաշտպանի երկիրը այն դիլետանտներից, որոնց հենց ինքն է իշխանության բերել:  

Բայց վերադառնանք մեր քաղաքական դաշտին, որը, ինչպես արդեն նշեցինք, պատրաստվում է ընտրություններին: Այսօր չենք անդրադառնա մեդիապայքարին, կխոսենք նախկինների և ներկաների բուծած նորածիլ կուսակցությունների և նրանց հատկացված դերի մասին:

Հուսով ենք, սիրելի՛ ընթերցողներ, դուք չեք մոռացել, որ Հայաստանում ցանկացած նախընտրական ժամանակահատված ծնում է, այսպես կոչված, նոր ուժեր: Պատճառները պարզ են.

1. հասարակությունը հոգնել է հներից, նույն դեմքերից,
2. հասարակությանը պետք են նոր տեսարաններ, նաև դեմքեր,
3. նոր դեմքերը հավատարմորեն կծառայեն իրենց ծնողներին՝ հին ուժերին՝ իրական հակառակորդից ձայներ փախցնելով:

Փորձված մեխանիզմ է: Պատմական օրինակները, կարծում ենք, հիշում եք, ուստի դրանց չենք անդրադառնում: 

Եվ այսպես, սկսենք բազմափորձ նախկիններից: 

1. Պատերազմից անմիջապես հետո որպես մահապարտ ահաբեկիչ նրանք որոշեցին օգտագործել լավ մոռացված հինը՝ Վազգեն Մանուկյանին: Կստացվի՝ լավ, չի ստացվի՝ էլի լավ: Ի վերջո, զոհաբերվողն իրենց համար առանձնապես մեծ արժեք չէ: Վազգեն Մանուկյանն էլ կարծես դեմ չէ կյանքի մայրամուտին իրեն առաջնորդի դերում զգալուն, հնամաշ մտքերով նորից ներկայանալուն: Ն. Փաշինյանն էլ սրան առանձնապես դեմ չէ: Չէ՞ որ ի լուր աշխարհի ներողություն էր խնդրել հենց նրանից:

2. Այս փուլում անխնա օգտագործվում է նաև հարյուրերեսունամյա դաշնակցությունը: Տիկնիկավարները հասկանում են, որ սրանք կարող են աղմուկ բարձրացնել, Ն. Փաշինյանին հողատու և դավաճան անվանել, որքան սրտները ուզի, բայց քանի որ վարչապետը սարսափում է Սփյուռքի կոշտ արձագանքից, ապա դաշնակներին ձեռք չի տա:

3. Հընթացս մեջտեղ են գալիս ինչ-որ գործարարներ, օրինակ՝ ոմն Արտակ Թովմասյան, և ազգը փրկելու հայտ են ներկայացնում: Պետք կգան ընտրությունների ժամանակ: Փող ունեն:

Իշխանությունը նույնպես արբանյակներ է փնտրում, որովհետև իր ալենսիմոնյաններից ու մակունցներից հասարակությունը երբեք սպասելիքներ չի ունեցել, իսկ հիմա նրանք բացարձակապես զրոյացել են: 

1. Հենց «հեղափոխության» օրերին հրապարակում երևաց ՔՈ-ն՝ Քաղաքացու որոշումը: Այս կուսակցության անունն է անգամ նմանակում Նիկոլի Քաղաքացիական պայմանագրին: 

2. Արման Բաբաջանյանն էլ է իր կուսակցությունը ստեղծել և դիրքավորվել արևմտամետ դաշտում և հաճախ անթաքույց պաշտպանում է ազգակործան պատուհասին:

3. Վերջերս համագումար է անցկացրել «Արդար Հայաստանը»: Եթե ուշադիր լինեք, այս կուսակցության լիդերների կազմում կտեսնեք նիկոլամերձ անձանց:

Ահա այսպես, միասնաբար դարձյալ ասպարեզ են բերում անփորձ, շատախոս երիտասարդների և նախկին երիտասարդների, որպեսզի ընտրությունների դեպքում հավելյալ ձայներ փախցնեն:

Մի խոսքով, Հայաստանում փրկիչները շատ են, գործ անող չկա:  

Գրիգոր Խաչիկյան
(շարունակելի)
 

«Չորրորդ իշխանություն», թիվ 10, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ