...

Քաղաքական դաշտում վիրուս է հայտնվել

Քաղաքական դաշտում վիրուս է հայտնվել

DELETE

Վերջերս քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում մի հետաքրքիր տեսարանի ականատես եղա: Մայթին կանգնած 18-19 տարեկան մի աղջկա մոտեցավ պետական համարներով մի շքեղ մեքենա, որի մեջ նստած էին երկու փողկապավոր տղամարդ և, դատելով արտաքինից, առնվազն 50 դոլարանոց մի պոռնիկ: Վերջինս իջավ մեքենայից և սկսեց մայթին կանգնած աղջկան համոզել, որ ինքը նույնպես «մաքուր աղջիկ» է, բայց 50 դոլարը ահագին փող է, և այլն:

Թե ինչով ավարտվեց այս խոսակցությունը՝ էական չէ: Էականն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ նույն մեթոդներով է քանդում կուսակցությունները: Կարևորը ամեն կուսակցության մեջ մի պոռնիկ գտնելն է: Մյուսներին արդեն նրանք կհամոզեն: Մինչ Քոչարյանը հագիստ նստած կլինի մեքենայում (հիմա՝ նախագահի նստավայրում), արդեն իսկ ծախված գործիչները մյուսներին կհամոզեն, որ իրենք մաքուր գործիչներ են, բայց բենզալցման կայանը կամ սրճարանը կարգին ունեցվածք է...

Այդպես Ռոբերտ Քոչարյանը քանդեց Կոմկուսը: Մի քանի հոգու պաշտոն տվեց՝ դրա դիմաց ստիպելով հրաժարվել հանրահավաքից: Հետո պաշտոնները ետ վերցրեց, իսկ Կոմկուսն այդ ընթացքում հասցրեց ոչ միայն հեղինակազրկվել, այլև պառակտվել:

Նույն ձևով պառակտվեցին երկրապահները: Մի քանիսը պաշտոններ ստացան ու պառակտման գործը շարունակեցին ինքնուրույնաբար:

ՀԺԿ-ն պառակտվեց շատ ավելի խայտառակ ձևով, որովհետև մի քանի կռճոնների դիմաց նրանց ստիպեցին հրապարակավ հրաժարվել իրենց ոչ վաղ անցյալից ու փառաբանել իրենց ԱԺ դահլիճի հատակին պառկեցնողներին: Առայժմ՝ միայն անուղղակիորեն, բայց ժամանակները փոխվում են...

ԱԺՄ-ի հետ կատարվեց նույնը. մի քանի հոգու պաշտոններ տվեցին, ու սրանք քանդեցին կուսակցությունը: Ամենահիմար վիճակում հայտնվեց Վազգեն Մանուկյանը: Ժամանակին սկզբունքորեն ընտրեց ծախվելու ճանապարհը, բայց սկսեց առևտուր անել գնի շուրջ: Հիմա հայտնվել է մոդայից դուրս եկած վերնաշապիկի կարգավիճակում, և ոչ մի Sale չի օգնի:

ՀՅԴ-ն քանդվում է նույն մեթոդներով, բայց ավելի հիմնավորապես: Գործընթացն առայժմ այն փուլում է, երբ վերնախավը փող աշխատելու իրավունքի դիմաց պաշտպանում է Քոչարյանի ցանկացած ձեռնարկ, իսկ շարքային դաշնակցականներն արդեն չեն պաշտպանում ո՛չ Քոչարյանին, ո՛չ ՀՅԴ վերնախավին: Պառակտումն անխուսափելի է:

Ինչու՞ է Քոչարյան Ռոբերտը քանդում կուսակցությունները: Գոյություն ունեն մի քանի հնարավոր պատճառներ:

1. Ցանկացած հոգեբան կպատասխանի, թե ինչու է երեխան դիտմամբ ծակում ընկերոջ հեծանիվի ակը. որովհետև ինքը հեծանիվ չունի: Իսկ Ռոբերտ Քոչարյանը իր կուսակցությունը չունի, դրա համար էլ ուրիշների կուսակցությունները քանդում է:

Ինձ կարող են առարկել, թե իսկ ի՞նչն է խանգարում, որ նա իր համար կուսակցություն ստեղծի: Ասենք՝ «լոխ լավ ա»: Բայց դա գործնականում անհնար է: Կարո՞ղ եք պատկերացնել մեկին, որը կանդամակցի այդ կուսակցությանը:

2. Դեռևս Հեգելն է նկատել, որ ցանկացած անհասկանալի երևույթ վախ է ծնում: Իսկ Ռոբերտ Քոչարյանի համար բազմակուսակցությունը անհասկանալի երևույթ է: Որպես անհատ նա ձևավորվել է միակուսակցական համակարգում (ԽՍՀՄ), հետո ապրել է ԼՂՀ-ում, որտեղ պատերազմ էր, և քաղաքական կուսակցությունների գործունեությունը, մեղմ ասած, չէր խրախուսվում, հետո՝ Հայաստանում, որտեղ թեև շատ կուսակցություններ կան, բայց մեծ մասը, «չգիտես ինչու», իր դեմ են...

Մի խոսքով, այդ մարդը կուսակցություններից երբևէ «խեր» չի տեսել:

3. Որևէ կուսակցություն, թեկուզ ձևականորեն, պիտի ունենա ինչ-որ գաղափարներ: Սա շատ վտանգավոր է հատկապես նրա համար, որ ընդհանրապես որևէ գաղափար չունի: Չկան կուսակցություններ՝ չկան նաև գաղափարներ, և Ռոբերտ Քոչարյանի այս բացը «վերացվում է» (ճիշտ այդպես ցածրահասակ մարդը կարող է «վերացնել» այդ թերությունը՝ իրենից բարձրահասակներին գլխատելով):

4. Ակնհայտ է, որ դրսի ուժերը Հայաստանում քաղաքական լուրջ ուժ են փնտրում, որպեսզի հնարավոր լինի վերջինիս հետ համագործակցել: Վարկաբեկելով կուսակցություններին և քաղաքական գործիչներին՝ Ռոբերտ Քոչարյանը երկարաձգում է այդ գործընթացը:

Մի խոսքով, պատճառները շատ են: Բայց քանի որ մեր ազգընտիրը վերջերս շատ է խոսում «բարձր տեխնոլոգիաների» մասին (կլիզմայի և վատ պարողի մասին թեթևասոլիկությունների ժամանակներն անցել են), խոսենք համակարգչային լեզվով. Հայաստանի Հանրապետության մեջ վիրուս է ընկել, և բնականաբար՝ առաջին հերթին ախտահարում է իր համար ամենավտանգավոր կառույցները՝ կուսակցությունները:

Մնում է, որ քաղաքական ուժերը համախմբվեն և այդ վիրուսը Հայաստանից delete անեն:

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 246, օգոստոսի 3, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   4018 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ