...

«Քաջ Նազարը» ղալաթ է արել

«Քաջ Նազարը» ղալաթ է արել

Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ է հրապարակվել այն մասին, թե ինչ է արել Քոչարյանը Հայաստանում: Մասնավորապես, նշել են, որ իր օրոք է հայկական ատոմակայանը վերագործարկվել, վերականգնվել շուրջօրյա էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը։ Մի հատ էլ տեքստ են գրել, որտեղ մասնավորապես նշված է. «Այսօր որքա՜ն դժվար է հավատալը, որ ոչ վաղ անցյալում Հայաստանում էլեկտրամատակարարումը «հովհարային միացումներով» էր, ջուրը՝ դույլերով, ճանապարհներն ավելի շատ խրամատներ էին հիշեցնում, Երևանն էլ մի փոքր էր տարբերվում «քաղաք-ուրվականից»։ 

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը առանձնահատուկ մոլուցք ունի իրեն վերագրել իր հետ կապ չունեցող ցանկացած դրական բան, դա վաղուց և բոլորին է հայտնի: Երբեմն նույնիսկ Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծման գործընթացի հետ էլ է իր անունը կապում, էլ ու մնաց, որ, օրինակ՝ ատոմակայանի վերագործարկումը իրեն չվերագրի:

Իմիջիայլոց, էս, ինչ որ հիմա մենք գրենք, դա պիտի առաջին հերթին Հրանտ Բագրատյանն ասեր: Գիտենք, որ երկար ժամանակ է, նա զբաղված է հայրենիքի փրկության գործերով, բայց լավ կլիներ, որ ժամանակ գտներ ու արանքում մի հատ մանրամասն ստատուս գրեր, որ երբ Քոչարյանը Ստեփանակերտի իր տանը նստած էր, 1993թ. ապրիլին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը վերագործարկելու մասին, իսկ 1995թ. նոյեմբերի 5-ին, երբ Քոչարյանը շարունակում էր Ստեփանակերտի իր տանը նստած մնալ, ատոմակայանը սկսեց աշխատել, և մի տարի հետո Հայաստանում վերականգնվեց շուրջօրյա էներգամատակարարումը: 

Ավելին ասենք, մենք Հրանտ Բագրատյանի փոխարեն կասեինք, որ ոչ վաղ անցյալում Հայաստանում էլեկտրամատակարարումը «հովհարային միացումներով» էր, քանի որ էլեկտրաէներգիայի ու էներգակիրների մի զգալի մասը Արցախին ու ռազմաճակատի համար էր տրվում, որ Ռոբերտ Քոչարյանն իր տանը մթի մեջ չնստի: Մենք մեր բերանի հացը կտրում, ուղարկում էինք ռազմաճակատ, որ տղերքը ոչ մի բանի պակասություն չունենան, հաղթանակներ տանեն, ճակատի գիծը Ստեփանակերտից հեռացնեն, որ Քոչարյանն իր տանն իրեն ապահով զգա:

Հրանտ Բագրատյան, ախր այս ամենը դու պիտի ասես, ոչ թե՝ մենք: 

Հ.Գ. Բայց այնպես չէ, որ Քոչարյանն ընդհանրապես կապ չունի ատոմակայանի հետ: Ունի, էն էլ ո՜նց ունի: Որ Ստեփանակերտի իր տունը թողնելով, հասավ Երևան, ընդամենը 5 տարում հաջողացրեց շահույթով աշխատող մեր էներգոհամակարգում ու ատոմակայանում այնքան պարտքեր կուտակել, որ դրա դիմաց 2003թ. ատոմակայանը հանձնեց Ռուսաստանին: Բան չունենք ասելու, էս մի նվաճումն ունեցել է: Մի հատ էլ որ ասեր, թե ոնց այդ պարտքերն առաջացան, ամեն ինչ տեղը կընկներ: Եթե դժվարանա պատասխանել, թող դիմի Հրանտ Բագրատյանին: 

Պատկերացնում ենք, թե մինչև ընտրությունների ավարտը ինչքան հեքիաթներ ենք լսելու, որոնց համեմատ «Քաջ Նազարը» փաստավավերագրական հոդված կթվա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1953 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ