...

Քոչարյանի գործն էլ գործ չի, սաղ օրը՝ կարգավորման խնդրի մեջ

Քոչարյանի գործն էլ գործ չի, սաղ օրը՝ կարգավորման խնդրի մեջ

Պատերազմում ինչպես պատերազմում

Փարիզում տեղի ունեցած Քոչարյան-Ալիև հերթական հանդիպումը դժվար է անվանել հայ-ադրբեջանական բանակցություններ: Նախ՝ որովհետև դրանք բանակցություններ չեն (բանակցությունների հիմք ծառայող որևէ փաստաթուղթ գոյություն չունի կամ խիստ գաղտնի է պահվում): Երկրորդ՝ եթե նույնիսկ դրանք բանակցություններ են, ապա ոչ թե հայ-ադրբեջանական, այլ Քոչարյան-ադրբեջանական: Ինչու՞: Որովհետև, երբ Քոչարյանը ԼՂՀ նախագահ էր, բանակցություններն ընթանում էին ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև: Հենց որ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ, ԼՂՀ-ն իսկույն մոռացվեց, և բանակցություններն ընթանում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև: Այսինքն պետք է ենթադրել, որ եթե Քոչարյանը հանկարծ դառնա Ուդմուրտիայի նախագահ (հայ ժողովուրդն, անկասկած, ոչ միայն կողջունի այդ քայլը, այլև ազգովի մի տեղեկանք կտա, որի համաձայն Քոչարյանը վերջին 10 տարիների ընթացքում բնակվել է Իժևսկում), բանակցությունները կընթանան Ուդմուրտիայի և Ադրբեջանի միջև:

Բայց սա դեռ ոչինչ: Մարդ է՝ ուզում է աշխարհ տեսնել, իր նախկին կուսակցական առաջնորդի հետ որպես հավասարը՝ հավասարի, նստել-վեր կենալ, զոլավոր կոստյումը ցուցադրել ֆրանսիացի լրագրողներին... սրանք միանգամայն հասկանալի մարդկային թուլություններ են: Բայց հետո՞ ինչ է անելու: Ախր շատ անհարմար վիճակում է հայտնվել նախկին պարտկոմը: Ռուսաստանում նրան շատ վատ են վերաբերվում և առայժմ չեն հասկանում՝ այս մարդը առյուծի սի՞րտ է կերել, թե՞ կարծում է, որ միջազգային հանրության հետ կարելի է վարվել ճիշտ այնպես, ինչպես երկրապահների հետ: Հիշենք «ԿՀՁ»-ի հետ կապված սկանդալը, «Իտեռա» ընկերությանը բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մրցույթից դուրս թողնելը, Արկադի Վարդանյանին կալանավորելը...

Այս մարդուն չեն սիրում նաև ԱՄՆ-ում: Ոչ միայն չեն սիրում, այլև վերջերս հայտարարեցին՝ նա խախտումներով է դարձել նախագահ: Հետևաբար՝ լեգիտիմ չէ: Այ այսօրվա համար էինք ասում՝ չի կարելի է պատերազմական վիճակում գտնվելով՝ ունենալ ոչ լեգիտիմ նախագահ: Պարտկոմի ընտրություններ չեն, որ մի երկու հոգու Նավթալանի ձրի ուղեգիր խոստանաս ու հաղթես ընտրություններում:

Լավ, չեն սիրում՝ ջհանդամը սիրեն: Բայց ի՞նչ պիտի անի մեր պանծալի առաջնորդը: Ղարաբաղյան խնդրի կարգավորման փաստաթղթի տակ ստորագրի՝ հիմար բան կստացվի: Կասեն՝ ոնց որ ստորագրել ես, այնպես էլ գնա ապրիր «պետական և տարածքային կազմավորում հանդիսացող» Ղարաբաղում: Չստորագրի՝ դարձյալ հիմար բան կստացվի: Հիմա էլ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կասեն՝ «բա հեղաշրջում անելուց առաջ բլբուլ էիր դարձել, թե կլուծեմ Ղարաբաղի հարցը, ի՞նչ եղավ, քեզ 6 ամիս ժամանակ»: Փորձի ձգձգել՝ նորից հիմար բան կստացվի: 2003թ. նախագահական ընտրություններ են, և միջազգային հանրությունը նոր կեղծիքներ չի հանդուրժի (իսկ 0,3 տոկոսով, ինչպես հայտնի է, նախագահ չեն ընտրվում):

Կա նաև չորրորդ տարբերակը: Փարիզում ասի «տալիս եմ», գա Երևանում ասի «չտվեցի» (ու սեղանի տակ սեղմի Տիգրան Նաղդալյանի ոտքը): Ավաղ, նորից հիմար բան կստացվի: Ոչ թե՝ որ Տիգրան Նաղդալյանի ոտքը «սախաթ ա», այլ որովհետև մեր հասարակությունն ադրբեջանական լրատվամիջոցներին ավելի է հավատում, քան «Օրակարգին», և դրա համար բոլոր հիմքերն ունի:

Նորմալ շախմատիստները նման իրավիճակներում հանձնվում են և տեղը զիջում խաղալ իմացողներին: Ուրիշները դիմացինին մեղադրում են «զառ բռնելու» մեջ և ապավինում հայրենասիրությանը՝ ոգեկոչելով ազգային թասիբը՝ «հեսա շախմատը գլխիդ կտամ» սկզբունքով: Արդյունքում, որպես կանոն, իրենք են ծեծ ուտում: Միակ մխիթարությունն այն է, որ հետագայում կարողանա հասնել այդ ծեծի միջազգային ճանաչմանը՝ միաժամանակ արձանագրելով հերթական բարոյական հաղթանակը:

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 162, 7 մարտի 2001 թ. 

ՎԱՐԿԱՆԻՇ

   640 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ