...

Քոչարյանի Հայաստանը, Հայաստանի՝ Միութենականը

Քոչարյանի Հայաստանը, Հայաստանի՝ Միութենականը

«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է, թե Հայաստանն իրադարձությունների զարգացման երկու սցենար ունի։

Սցենար 1․ Հայաստանը դառնում է գործոն։

Սցենար 2․ Հայաստանը դառնում է «գործիք»։

Սցենար 1-ի դեպքում՝ Ռուսաստանից բացի չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի «Հայաստանին այս տարածաշրջանում գործոն սարքելու հարցում»։

Սցենար 2-ի դեպքում՝ Հայաստանը ընդունում է Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքները՝ դառնալով «գործիք»։ 

Ինչպե՞ս դառնալ գործոն։ Չպետք է վախենալ Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու հարցից։ Տարածաշրջանում գործոն լինելու լուծումներից մեկը ՌԴ-ի հետ միութենական պետություն ունենալու ճանապարհն է։ Այդ պրոցեսի նախաձեռնողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։ 

Ինչպե՞ս դառնալ գործիք։ Դարձյալ Ռուսաստանի օգնությամբ։ Տրամաբանությունը մի տեսակ խախտվում է։ Եթե Ռուսաստանին պետք է ուժեղ Հայաստան, ինչո՞ւ է այդ դեպքում Մոսկվան նպաստում երկրորդ սցենարի իրականացմանը՝ նպաստելով ապաշրջափակմանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը (հարցադրում լրագրողից, Սիվիլնեթ)։ Ռուսաստանը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել այս տարածաշրջանում իր մոդելի հարցում (պատասխան Քոչարյանից)։

Այս ամենը Ռոբերտ Քոչարյանի՝ այսօրվա ասուլիսից մեջբերումների խտապատկերն է։ Ռուսաստանի հետ՝ թեկուզ Միութենական պետություն։ Ռուսական ազդեցությունը պետք է պահպանել, դեռ մի բան էլ մեծացնել, որպեսզի հանկարծ թուրքական ազդեցությունը չբնադրվի Հայաստանում։ Իսկ թուրքական ազդեցության կողմնակիցն ու աջակիցը ԱՄՆ-ն է․ «Վրաստանի օրինակը եղել է իմ աչքի առաջ, և ես տեսել եմ, թե ինչպես 5-10 տարվա ընթացքում փոխեցին մարդկանց մոտեցումներն ու ակտիվ հակառուսականություն արմատավորվեց Վրաստանում»,- հայտարարեց Քոչարյանն՝ ահազանգելով «Հայաստանի պլանավորած, այսպես կոչված, աջարիզացիա»-յի մասին։ 

Խեղճ ռուսներ ու խեղճ ամերիկացիներ. իրենց հարցերը պիտի թողնեն ու գան Հայաստանը փրկեն՝ ամեն մեկն իր շահերի համար անշուշտ։ Բա մենք ի՞նչ պիտի անենք։ Նստենք սպասենք, մինչև մեզ գործոն կամ գործիք «սարքեն»։ Չէ, չենք սպասի, պետք է արագ նախաձեռնել Միութենականի հարցը։ Մեծ եղբոր թևի տակ էլի մի քանի տասնամյակ յոլա կգնանք, մինչև ազգի դիմադրողականությունը կբարձրանա ու մի 70 կամ 100 տարի հետո նորից մի «Ղարաբաղ» կոմիտե կստեղծվի ու Հայաստանը կվերահռչակի պետություն։ Մեկ է, գնալու տեղ չունենք, տանը նստել էլ չենք կարողանում։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1557 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ