...

Քոչարյանը մտնում է նոր շրջափուլի մեջ

Քոչարյանը մտնում է նոր շրջափուլի մեջ

Դիվանագիտության մեջ ցանկացած ժեստ չափազանց կարևոր է: Այն հատկապես արժեքավոր է այնպիսի երկրի պարագայում, որն ունի դիվանագիտության հարյուրամյակների ժառանգություն և ավանդույթներ: Երեկ Երևանում Լավրովի հայտարարությունները հստակ մեսիջ էին Ռոբերտ Քոչարյանին և նրա աջակիցներին՝ քաղաքական այս փուլում Ռուսաստանն իմաստ չի տեսնում հրապարակային օգնել մարգինալ այդ խմբին: Ամենայն հավանականությամբ Ռոբերտ Քոչարյանի կինը չի կարողացել ամբողջովին ըմբռնել Պուտինի խոսքերը, և կարիք է առաջացել արտաքին գործերի նախարարի շուրթերով հրապարակային ֆիքսել դա:

Ռոբերտ Քոչարյանը վաղուց է հասկացել, որ չնայած ծախսվող միլիոնավոր դոլարների, հնարավոր չի դառնում բեկում մտցնել հասարակական տրամադրությունների մեջ: Նա գիտակցում է, որ աջակիցների խումբը պարզապես զբաղված է աշխատանքի իմիտացիայով և ավելի շատ հիշեցնում է օտար երկրում սեզոնային աշխատանքների տենդեր շահածների խմբի: Նույնը նաև վերաբերում է մեդիաաջակցությանը: Այն չի փոխում հասարակական կարծիքը, պարզապես հարուստ մարդու կապրիզ է և վիրավորում է պատվիրատուի հակառակորդներին: Եթե նախկինում այդպիսի նյութերը նյարդայնացնում էին հասարակությանը, ապա հիմա դրանք միմիայն ծաղրանքի և արհամարանքի առարկա են դարձել:

Այս իրողությունները և զարգացումները բերելու են Քոչարյանի վարքագծի էական փոփոխությանը: Ռուսաստանից օգնության հույսի վերանալը և հասարակական կարծիքի քիչ թե շատ բարելավման բացակայությունը բերելու են նրա կողմից վճռական քայլերի դիմելու անհրաժեշտությանը: Իսկ դրանք կարող են լինել հատկապես երկու ուղղություններով:

Առաջին. Այսօր կվերսկսվի Մարտի 1-ի դատավարությունը: Ամենայն հավանականությամբ փաստաբանները կմիջնորդեն դատավորի ինքնաբացարկ: Դա ևս մերժվելու դեպքում կսկսվի բուն դատավարությունը: Եվ այդ ժամանակ Քոչարյանը ստեղծված իրավիճակում կարող է խառնել շատ խաղաքարտեր՝ սկսելով անուններ հնչեցնել: Սկզբում երկրորդային մակարդակի գործիչների, իսկ արձագանքի բացակայության դեպքում նաև ավելի բարձր՝ ընդհուպ Սերժ Սարգսյանի: Դա նոր խճանկար կստեղծի քաղաքական դաշտում:

Երկրորդ. Քոչարյանն իր հետագծով վաղուց է ապացուցել, որ կանգ չի առնի որևէ հանցագործության առաջ՝ իր վիճակը փրկելու կամ բարելավելու համար: Այդ գործիքակազմը բավական բազմազան է, իսկ նպատակը մեկը՝ երկրում ստեղծել քաոս: Կողմնակիցների սպանություններից մինչև հակառակորդների ֆիզիկական վերացումը դրա բաղադրիչներից միայն մեկն է:

Նիկոլ Փաշինյանը և ԱԱԾ-ն պետք է գիտակցեն, որ ավարտվում է Քոչարյանի քաղաքական պայքարի այս շրջափուլը, և սկսվում է նոր փուլ: Այն ավելի հոգեհարազատ է Քոչարյանին, և նա այդ գործում իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում: Ֆեյքերով պայքարին գալիս է փոխարինելու ռոմանտիկների միջոցով պայքարը:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1189 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ