...

Ռետրո. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները - 2

Ռետրո. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները - 2

Բանականության և փոցխի միջև

2. Հայ Դատ և հայդատականություն 

Հայ իրականության մեջ իր բնութագրիչներով յուրատեակ կրոնացված տոտալիտար գաղափարախոսության վերածված երևույթ է հայդատականությունը: Քանի որ մենք հաճախ ենք օգտագործելու Հայ Դատ, հայդատականություն տերմինները, անհրաժեշտ է համառոտակի ներկայացնել դրա ծագումն, էությունը և ընկալումը: 

«Հայկական հարցը» (արևմտահայերենում՝ «Հայ Դատ»), որ առաջացավ 1877-78թթ. Ռուս-թուրքական պատերազմի հետևանքով, դրված էր որպես քաղաքական խնդիր: Այն նախատեսում էր իրականացնել որոշակի միջոցառումներ՝ բարեփոխումներ, արևմտահայ գյուղացիության վիճակը թեթևացնելու համար: Համեստ այդ բարենորոգումները կատարելուց հետո կարելի կլիներ արձանագրել խնդրի լուծված, սպառված լինելը: Ճիշտ է՝ հաշվարկների մեջ սխալ կար կատարված. գերագնահատված էին ռեսուրսները, մասնավորապես՝ եվրոպական պետությունների և Ռուսաստանի աջակցությունը: Երբ դա պարզվեց, պետք է կանգառի, կամ՝ անկորուստ նահանջով ելման դիրքերը վերադառնալու խնդիր դրվեր: Սակայն շարունակությունը բոլորովին այլ եղավ: Այստեղ չենք ծանրանա այն ընթացքին ու հանգամանքներին, որոնց շնորհիվ քաղաքական խնդիրը ընդամենը մեկ-մեկուկես տասնամյակի ընթացքում առարկայական քաղաքական հարցից վերածվեց ինքնին գաղափարի, և հայկական նորաստեղծ «հեղափոխական» կազմակերպությունների կողմից որպես կանխադրույթ հարմարեցվեց ռուսական հեղափոխական նարոդնիկական գաղափարախոսությունների կաղապարին: 

Արդեն 1890-ական թվականներին որևէ մեկի կողմից չէր ընկալվում այն խնդրների հստակությունը և սահմանները, ինչի համար պայքարում էին: Թուրքիայի Արևելյան հայաբնակ նահանգներում բարենորոգումների համեստ ու նույնիսկ այդ չափով չլուծվող խնդիրը վերաձևվեց արևմտահայության «ազատագրության» մեծադղորդ, որևէ հաշվարկով ու ռեսուրսով չապահովված կարգախոսի ու գաղափարի: Խոսքը ճնշված որևէ ժողովրդի ազատագրության սրբազան իրավունքի ու նպատակի մասին չէ. այդ իրավունքն ունեին Օսմանյան կայսրության բոլոր ճնշված ժողովուրդները, այդ թվում առաջին հերթին նաև հայերը: Խոսքն այդ իրավունքն ու նպատակը որպես քաղաքական խնդիր ձևակերպելու ու հետապնդելու, թե՞ գաղափախոսական կանխադրույթ դարձնելու մասին է: Առաջին դեպքում գերագույն արժեք-օբյեկտը արևմտահայությունն էր, հանուն որի պետք է մղվեր պայքարը ունեցած իրական ռեսուրսների ու հնարավորությունների սահմաններում: Երկրորդ դեպքում՝ գերագույն արժեքը դարձավ ազատության ինքնին գաղափարը, իսկ ավելի ճիշտ՝ ինքնին «հեղափոխական պայքարը», դրանով զբաղվելը դարձավ մասնագիտություն՝ փեշակ, իսկ արևմտահայությունը դարձավ այն միջոցը, որի ոչ միայն նյութական միջոցներով, այլև կյանքով ու սպառմամբ պետք է կենդանի պահվեր գերագույն արժեք - գաղափարը: 

«Հեղափոխական» գործունեության յուրաքանչյուր չնչին ու անպտուղ դրվագ առիթ էր դառնում հազարավոր խաղաղ ու անմեղ մարդկանց կոտորածի, տասնյակ հայկական բնակավայրերի ավերումի: Դա էր բազմաթիվ «հեղափոխական ակտերի» միակ արդյունքը: Չարձանագրվեց որևէ դեպք, երբ կանգառի կամ նահանջի քաղաքական վճիռ կայացվեր, ա՛յլ ճանապարհ փնտրվեր. ո՛չ մի քանի հազար, ո՛չ մի քանի հարյուր հազար կյանքեր խլած կոտորածներից, տասնյակ, հարյուրավոր ու հազարավոր հայկական բնակավայրերի ավերումից հետո: Մինչև որ, հանուն Արևմտահայաստանի ու արևմտահայության ազատագրության գաղափարի, բնաջնջվեց նույն այդ գաղափարի առարկան՝ արևմտահայությունը և կորսվեց Արևմտահայաստանը: 

Բայց կենդանի մնաց ու բարգավաճեց գաղափարը՝ նույն «Հայ Դատ» անվանմամբ: Այսօր, բնականաբար, դրա տակ ոչ թե Արևմտահայաստանում ինչ-որ խղճուկ ռեֆորմներ են հասկացվում (այնտեղ այլևս հայեր վաղուց չկան), այլ 1915 թվականին իրողություն դարձած ցեղասպանության ճանաչման, բարոյական, նյութական փոխհատուցման, պատմական հողերի վերադարձի և այլ հարցեր: Իհարկե, ինչպես հատուկ է գաղափարախոսական կանխադրույթներին, առանց որևէ դեպքում ճշտված չափերի ու սահմանների: Ավելին՝ որպես գաղափարախոսություն, Հայ Դատն ընդարձակվել և հողային պահանջներ է ենթադրում ոչ միայն Թուրքիայից, այլ նաև Հայաստանի մյուս հարևաններից: Բնականաբար դա արվել է ոչ թե նկատի ունենալով այդպիսի մի խնդրի լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների ավելացումը, այլ առավելագույնս ամրապնդելու համար կրոնացված գաղափարախոսության գոյության ու հարատևության համար կենսական՝ խնդրի անլուծելիության հատկանիշը: Կարգախոսը, որ վերջերս դուրս պրծավ մի հայդատական գործչի բերանից, բնութագրական է. «Մենք չունենք չորս հարևան, այլ՝ երեք ճակատ և մեկ հարևան» (նկատի ունենալով Իրանը): Շատերին կարող է թվալ, թե սա դաշնակցական մի անհատի անձնական տեսակետ էր. բայց իրականում այդ հայտարարությունը լիովին համապատասխանում է դաշնակցության՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ծրագրին, որտեղ որպես նպատակ արձանագրված է Արևմտահայաստանի, Ղարաբաղի, Նախիջևանի, Ջավախքի «ազատագրումը»: Ի՞նչ կա որ. խիստ հայրենասիրակա՞ն է: Իսկ ինչո՞ւ չլինել ավելի հայրենասեր և հռչակել՝ որ չունենք ոչ մի հարևան, ունենք չորս ճակատ. չէ՞ որ պատմական հայկական հողեր կան նաև Իրանում: Թե՞ այդ մեկ հարևանն էլ պետք է, երևի, վտանգի պահին երկիրն ու ժողովուրդը լքելու ու փախուստի ճանապարհ ունենալու համար, ինչպես դա արվեց 1920թ.: 

Այս դեպքում ևս, բնականաբար, մեր խոսքը հայկական ցեղասպանության ճանաչման, դատապարտման, փոխհատուցման, պատմության արդարության ու իրավունքի հետ կապված հարցերի մասին չէ: Դրանք նորմալ ու անհրաժեշտ հարցեր են, մի մասը նույնիսկ լուծելի, եթե քաղաքական հարթության վրա են, ձևակերպված են որպես քաղաքական խնդիրներ, հետապնդվում են բնույթով քաղաքական ուժերի իշխանության կողմից և քաղաքական մեթոդներով: Նույն և նմանօրինակ այլ հարցերը կրոնացված տոտալիտար «ազգային» գաղափարախոսական հարթություն տեղափոխելը, գաղափարախոսական կանխադրույթի վերածելը և դրանք գաղափարախոսական խնդրի հատկանիշներով օժտելն է, որ հանդես է գալիս Հայ Դատ, հայդատականություն անվամբ: Այսինքն՝ ինչպես ամեն մի կրոնացված տոտալիտար գաղափարախոսություն՝ այն հենված է մարդկանց հոգևոր պահանջների շահարկման և ազգային ու մարդկային զգացումների շահագործման վրա: Այս հարթության վրա դրվելով է, որ խնդիրներն ստանում են գաղափարախոսական կանխադրույթի վերը թվարկված մյուս բոլոր հատկանիշները և յուրահատկությունները։ 

Այսօրվա հասարակական ըմբռնումներում, նաև քաղաքական շրջանակներում, հայդատականությունը հաճախ նույնացվում է ՀՅԴ-ի հետ: Դա սխալ պատկերացում է: Վերջինս ընդամենը այս գաղափարախոսության առավել ագրեսիվ ջոկատն է, որն այս բնագավառում մենաշնորհի է ձգտում: Պետական ամենօրյա և տոտալ քարոզչությամբ նրա գաղափարները ներկայացվում են որպես բարձրագույն հայրենասիրության չափանիշ: Երբեմն նույնիսկ յուրատեսակ մրցույթ է ծավալվում՝ ով ավելի շատ ուզի, նա ավելի հայրենասեր է: Ըստ էության, ավել կամ պակաս չափով, նույն պլատֆորմի վրա է այսօրվա ողջ իշխանական կոալիցիան, նաև խորհրդարանում առկա «պաշտոնական» ընդդիմությունը և խորհրդարանից դուրս գործող կուսակցությունների մեծ մասը. չուզենալով հայրենասիրության պակասի մեջ մեղադրվելու խնդիր ունենալ, նրանք կամ նույն գույնն են հագնում, կամ առնվազն այդ գույնի կարկատան կրում: 

Շարունակելի 

Աշոտ Սարգսյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 586, օգոստոսի 29, 2006 թ.

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3394 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ