...

Ռետրո. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները - 4

Ռետրո. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները - 4

Բանականության և փոցխի միջև

4. Ի՞նչ էր ներկայացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի 1997-ի փուլային տարբերակով լուծումը 

Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական հարթության վրա, Շարժման, ապա նրա իշխանության համար նշանակում էր այն անհրաժեշտ պայմանների ապահովումը, որ կերաշխավորի նրա անվտանգությունը, ազատ և ապահով զարգացումը, նրա բնակիչների արժանապատիվ կյանքը։ Որպես այդպիսին ՀՀՇ-ի քաղաքական իշխանությունը ցանկացած փուլում ձգտել և պատրաստ է եղել քաղաքական կարգավորման։ Այդ երաշխիքը ԽՍՀՄ գոյության պայմաններում կարող էր տալ ներքին վարչական սահմանների փոփոխությամբ Հայաստանին միացումը, ուստի հետապնդվում էր այդ խնդիրը։ ԽՍՀՄ փլուզումից հետո այդպիսի երաշխիք կարող էր լինել անկախությունը ու դրա միջազգային ճանաչումը: Երկու դեպքում էլ, բնականաբար, խոսքը վերաբերում է ոչ թե փաստական վիճակին, այլ իրավական կարգավիճակին՝ ճանաչմանը։ Առաջին դեպքում դրա ճանաչողն ու երաշխավորն էր դառնում խորհրդային հանրությունը՝ ի դեմս խորհրդային օրենքների, երկրորդ դեպքում՝ միջազգային հանրությունը՝ ի դեմս միջազգային օրենքների։ Բայց հնարավոր չեղավ ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, քանզի Ադրբեջանը, որի կազմում դե-յուրե հայտնված է Լեռնային Ղարաբաղը, նույն խորհրդային և նույն միջազգային օրենքներով կարող էր դրան չհամաձայնել, ու՝ չհամաձայնեց։ Ուրեմն պետք էր գտնել խնդրի լուծման՝ Լեռնային Ղարաբաղի լիակատար անվտանգությունը, ազատ ու անկաշկանդ զարգանալու հնարավորությունը, բնակիչների արժանապատիվ կյանքն ապահովելու ու երաշխավորելու այլ ձև ու ճանապարհ ու նույնարժեք երաշխիք: 

Այդպիսի լուծում և երաշխիքներ էր ապահովում կարգավորման այն ծրագիրը, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիր-Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց ու պաշտպանեց: Դա 1997 թվականի հակամարտության խաղաղ կարգավորման փուլային տարբերակն էր: Դրանով պահպանվում էր նույնպիսի փաստական լիակատար անկախություն, որ ուներ Ղարաբաղը 1994 թ. հրադադարից ի վեր, Հայաստանի հետ ցամաքային կապը, վերանում էր շրջափակումը, Հայաստանն ու Ղարաբաղը ազատվում էին տնտեսական զարգացման կաշկանդիչ կապանքներից և այլն: 

Ընդունված է ասել, թե այս ծրագրի խոցելի կողմն այն էր, որ հետաձգվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այսինքն՝ այն, ինչը այս ամենի պահպանման համար միջազգային երաշխիքներ է ենթադրում։ Առավել չարամիտները պնդում են, թե դրանով Լեռնային Ղարաբաղը դե-յուրե մնում էր Ադրբեջանի կազմում: Եթե կարգավիճակի մասին այս երկրորդ միտքն ընդհանրապես իրականության հետ կապ չունի, ապա առաջինը, մեր կարծիքով, առնվազն կոռեկտ ձևակերպում չէ: 

Իրականում կարգավիճակի հարցը, այո՝ ժամանակավոր, բայց հենց հետաձգվելու փաստով լուծում էր ստանում։ Լուծում էր ստանում չորրորդ մի տարբերակով: Այն միջազգայնորեն ստանում էր վիճելի, չլուծված, առկախ հարցի իրավական կարգավիճակ: Ճիշտ է՝ դա չէր նշանակում «անկախություն», չէր նշանակում «Հայաստանին միացում»։ Բայց դրանցից առաջ, և առավել ևս, չէր նշանակում «Ադրբեջանի կազմում»։ Ավելին՝ հենց առաջին հերթին նշանակում էր «ո՛չ Ադրբեջանի կազմում»: Սա Ղարաբաղի իրավական կարգավիճակի հարցում տեղաշարժ էր, էական, առարկայական, փաստական տեղաշարժ: Քանզի ինչպես մինչ այդ, այնպես էլ այսօր, Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրության աչքում ունի լավագույն դեպքում՝ «դե-յուրե Ադրբեջանի կազմում, դե-ֆակտո անկախ» վիճակ: Ընդ որում՝ այս վիճակի երկրորդ մասը ապահովելու պարտավորություն ոչ մեկը չի ունեցել և չունի, քանզի դա որևէ տեղ միջազգայնորեն արձանագրված չէ: Արձանագրված է առաջին մասը՝ «դե-յուրե Ադրբեջանի կազմում» կարգավիճակը, և միջազգային հանրությունը դրա ապահովման պարտավորությունն ունի մի շարք բարձրագույն փաստաթղթերով: 1997թ. փուլային տարբերակով պայմանագրի կնքումով Լեռնային Ղարաբաղին տրվում էր «Դե-յուրե չլուծված հարց (= ո՛չ Ադրբեջանի կազմում), դե ֆակտո անկախ» միջազգայնորեն ճանաչված և ընդունված կարգավիճակ: Եվ պայմանագրի տակ ստորագրող երկրները, կամ միջազգային հանրությունը, այդ ճանաչմամբ հանձնառու էր դառնում այս կարգավիճակի և՛ առաջին, և՛ երկրորդ մասի ապահովման երաշխավորը դառնալ: Այսինքն՝ ճանաչված «չլուծված հարց» կարգավիճակը իր գործողության ողջ ժամկետում ֆունկցիոնալ առումով լիովին փոխարինելու էր առայժմ անհնար՝ ճանաչված անկախությանը, նույն կերպ հանդիսանալու էր Լեռնային Ղարաբաղի փաստական անկախությունը, անվտանգությունն ու ազատ տնտեսական զարգացումն ապահովելու համար որպես միջազգային երաշխիք: Այլ խոսքով՝ նույն դերն էր կատարելու, ինչ ԼՂ անկախ կարգավիճակի միջազգայնորեն ճանաչելը։ Չէ՞ որ դե-յուրե անկախության իմաստն էլ այլ բան չէ, քան ապահովության միջազգային երաշխիքներ ունենալը: 

Միակ խնդիրը մնում էր ժամանակավոր լինելու հանգամանքը, այն, որ Լեռնային Ղարաբաղի «չլուծված հարց» կարգավիճակի վերջնական որոշումը թողնվում էր հետագային: Կենցաղային մակարդակի դավադրական տեսությամբ առաջնորդվող «ազգայինները» այստեղ թույլ ուղեղների համար նախատեսված հարց էին տալիս. «Իսկ եթե հետագայում որոշվեր Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմո՞ւմ»: Բայց միջազգային օրենքներն ու միջպետական վարվելակերպի կանոնները մի քիչ տարբեր են, քան կենցաղային մանր ժուլիկությունները: Ակնհայտ էր մի բան. խնդիրը կքննարկվեր այնքան ժամանակ, մինչև չգտնվեր «չլուծված հարց»- կարգավիճակին փոխարինող համարժեք այն նոր ձևը, որն առնվազն նույն կերպ ու նույն չափով կդառնար Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու ազատ զարգացման համար հավասարազոր երաշխիք: Թե ինչպես կկոչվեր այն, էական չէ, թեկուզ՝ «արտամոլորակային տարածք»: 

Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու ամբողջական լուծումը 1997-ի փուլային տարբերակով ոչ միայն տեսանելի, այլև շոշափելի էր և առարկայական: Եվ ամենահնչեղ «ազգային հարցերից» մեկը լուծվում էր հայդատական գաղափարախոսության կոնտեքստից դուրս, նրա առանցքային հիմնադրույթներին ու նրա տրամաբանությանը հակառակ: Դրանով իսկ խարխլվելու էին նրա գաղափարախոսական հիմքերը, խամրելու էր մշտական թշնամու կերպարը, արժեզրկվելու էր հարատև կռվի կարգախոսը: Ստեղծվելու էր մի ֆոն, որի վրա առավել ցայտուն էր երևալու այդ գաղափարախոսության կանխադրույթների արկածախնդիր ու վնասակար լինելը, մանավանդ որ այդ հիմքերի վրա նրա ավելի քան հարյուրամյա գործունեությունը միայն կորուստների էր հանգեցրել՝ զարհուրելի կորուստների: Դա, որպես անմիջական հետևանք, հանգեցնելու էր նաև կրոնացված այս գաղափարախոսության սպասավոր դասի հարյուրամյա հասարակական դիրքի, իշխանության, բարեկեցության, եկամուտների հիմքի խարխլման ու կորստի: 

5. Ի՞նչ տեղի ունեցավ 1998-ի փետրվարին ու դրանից հետո 

Թե ինչ պետք է տեղի ունենար՝ լավագույնս ու շատ կարճ ձևակերպեց Հանրապետության Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարականի իր հայտարարության մեջ. «Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ է։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ»։ Երկրորդի՝ «խաղաղության ու պատերազմի» մասին հետագայում շատ խոսվեց, սակայն մոռացվեց առաջինը՝ «պետականության հիմնադրույթները»։ Մինչդեռ երկրորդն առաջինի հետևանքն է ընդամենը։ Խոսքն այն մասին էր, որ հայդատականության պլատֆորմի վրա իշխանության եկողները հեռու պիտի մնային պետականության հայտնի և աշխարհում ընդունված հիմնադրույթներից, հենվեին բոլորովին այլ հիմնադրույթների, այլ արժեքային համակարգի վրա։ Իսկ վերջինս էլ այլ բան չէր, քան նույն կրոնացված հայդատական գաղափարախոսությունը։ 

Եվ հեղաշրջման մասնակից կենտրոնական անձերն այստեղ կարևոր չեն ամենևին։ Հրաժարական պարտադրած, հեղաշրջում իրականացրած հայտնի անձինք, գիտակցելով դա թե ոչ, կանգնել կամ հայտնվել էին հայդատականության գաղափարախոսական դիրքերում։ Բանականության դաշտում ու քաղաքական դիրքերից, պարզապես հնարավոր չէր դիմակայել Հանրապետության Նախագահի քաղաքական ու առարկայական փաստարկներին, հերոս ձևանալ, խաբել հասարակությանը։ Հիշենք նրանց հայտնի կարգախոսները. «Արյունով գրաված հողը հետ չեն տա», «Սիրենք մեր պատերազմը», «Մի անգամ պետք է մեր պատերազմը տանենք մինչև վերջ»։ Հիշենք, որ նրանց ներկայացրած այլընտրանքային «ծրագիրը» լուծման առաջարկվող տարբերակին հակադրում էր 8000 կմ քառ. տարածքով անկախ Ղարաբաղի պահանջ (գոյություն ունի նրանց ներկայացրած համապատասխան քարտեզը և դրան կից «Ծրագիրը») և այլն։ Պե՞տք է հիշեցնել (թե՞ յուրաքանչյուրն անմիջապես կարող է հիշել) այդ կարգախոսների նախօրինակ հարյուրամյա կաղապարները՝ «Մահ կամ ազատություն», «Միայն արյամբ կա հային փրկություն», «Ծովից ծով Հայաստան» և այլն։ Գաղափարախոսական նույն՝ հայդատական, կեղծ-հայրենասիրական հիմքի վրա ու նույն կարգախոսներով բորբոքվեց 1997թ. սեպտեմբերի վերջից ծայր առած՝ «պարտվողականության» և «Ղարաբաղը ծախելու» ողջ վայնասունը։ Շատերը հաճույքով կանգնեցին այդ պլատֆորմի վրա. առիթը հիանալի էր թվում՝ անաշխատ «հայրենասեր» երևալու, «հերոս» ձևանալու մարմաջը բավարարելու համար: 

Հանրապետության Նախագահի հրաժարականից քիչ անց, դաշնակցության «Երկիր» թերթը մի առիթով դիմելով արդեն «նախկիններին»՝ գրեց. «Մի մոռացեք, որ դուք պարտվել եք հայդատականությանը»։ Եվ նա, իհարկե, ճիշտ էր։ Քաղաքական ուժը, որ հաղթանակով էր դուրս եկել Խորհրդային կայսրության դեմ անհավասար պայքարում, հաղթել էր Ադրբեջանին, կարողացել էր չպարտվել միջազգային հանրությանը և Լեռնային Ղարաբաղի հարցը հասցրել բարեհաջող լուծման վերջնագծի, պարտվեց հայդատականությանը։ Պարտվեց՝ ոչ թե վերջինիս ուժեղ լինելու հանգամանքով, այլ որովհետև Նախագահի քաղաքական թիմի մի քանի առանցքային անդամներ անակնկալ անցան հակառակորդի ճամբար՝ կրկնակի թուլացնելով առաջինը և տասնապատիկ հզորացնելով վերջինը: 

Եվ այնուամենայնիվ հայդատականության հաղթանակը ակտ չէր, այլ գործընթաց, և 1998 թ. փետրվարի 3-ը դրա միայն սկիզբն էր: Դրան հաջորդած շրջանում համապատասխան լրագրերի էջերում ամենօրյա կարգախոսը «իշխանափոխությունը դեռ չի ավարտվել» միտքն էր, մինչև տեղի ունեցավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը: Նույն կարգախոսը սկսեց հնչել օրումեջ, մինչև հաջողությամբ անցկացվեց դրան հաջորդած 5-6 ամսվա վտանգավոր շրջանը: Իսկ վերջնական հաղթանակը արձանագրվեց 2005 թ. նոյեմբերի 27-ին` ՀՀ Սահմանադրության ոչնչացմամբ, ինչից հետո արդեն մենք ապրում ենք բոլորովին այլ երկրում: 

* * * 

Ինչպես և սպասելի էր, քիչ անց սկսվեց ընդամենը տասը տարի առաջ մի այլ՝ կոմունիստական գաղափարախոսության ճիրաններից ազատված հասարակության գաղափարախոսականացում - զոմբիացումը։ Այդ գործի կազմակերպիչ իրականացնողներց մեկը բողոքում էր, թե նախադպրոցական հիմնարկներում 4 և բարձր տարիքի երեխաներին դժվար է լինում հասկացնել, թե ինչ բան է Հայ Դատ, Ցեղասպանություն, պահանջատիրություն, մշտական թշնամի։ Կոմունիստները հասարակության գաղափարական դաստիարակության այդ գործն սկսում էին ավելի ուշ՝ 7-8 տարեկանից։ Վարչախմբի նպատակն էր Հայաստանը դարձնել հայդատական ֆունդամենտալիզմի հիմքով տոտալիտար մի կրոնապետություն, և այժմ ամեն ինչ դրան է ուղղված։ Միայն այս կերպ կարելի է լուծել իշխանության հնարավորինս երկար պահպանելու խնդիրը: 

Բնականաբար, գաղափարախոսական նույն հարթության վրա պետք է տեղափոխվեին հասարակական ու պետական կյանքի բոլոր հարցերը։ Արտաքին քաղաքականության դեպքում դա ավելի քան ցայտուն է երևում. Քոչարյանի առաջին կառավարության՝ 1998թ. ԱԺ ներկայացրած Ծրագրում արտաքին քաղաքականության վերնագրի տակ սպիտակ էջ էր՝ այդ ասպարեզի հայեցակարգը շուտով ներկայացնելու խոստումով։ Չնայած բազմաթիվ հիշեցումներին, մինչ օրս այդ էջը սպիտակ է՝ հայեցակարգը չկա։ Չկա, որովհետև գրել այն, ինչ արվում է իրականում, կնշանակի սուր պրոբլեմներ ունենալ միջազգային հանրության հետ, իսկ գրել այն, ինչ ընդունելի է վերջինիս համար, կնշանակի նույնպիսի սուր խնդիրներ ունենալ ներսում՝ սեփական գաղափարախոսության հետ։ 

6. Ի՞նչ էր սպասվում Լեռնային Ղարաբաղի հարցին 

Այն այժմ պետք է զրկվեր քաղաքական խնդրի իր հատկանիշներից և օժտվեր գաղափարախոսական կանխադրույթի հատկանիշներով: Առաջին հերթին՝ խնդիրը պետք է զրկվեր սահմանների հստակության, որոշակիության հատկանիշից։ Ո՞րն է այսօր այդ որոշակիությունը. նախկին մարզի տարածքով ԼՂ անկախության ճանաչո՞ւմը, Հայաստանին միացո՞ւմը: Հայդատականությունը ասելու է՝ իսկ Շահումյա՞նը, ապա՝ իսկ ազատագրված տարածքնե՞րը, ապա՝ իսկ Դաշտային Ղարաբա՞ղը, ապա՝ իսկ հարակից մյուս պատմական հայկական հողե՞րը... Սա ցանկացած լուծում պարտվողական և անընդունելի է համարելու։ Այս ամենն արդեն նախապատրաստված է և քարոզվում է հասարակության մեջ: Խոսքն այսօրինակ խնդիրների իրավացի կամ արդարացի լինել-չլինելու մասին չէ: Խոսքն այն մասին է, որ որևէ խնդիր լուծելի դառնալու դեպքում այն արգելափակելու լավագույն միջոցը հաջորդ ավելի մեծ խնդիրը հարուցելն է: Ու եթե նպատակդ ոչ թե քաղաքական խնդիր լուծելն է, այլ գաղափարախոսությանդ ու դրա վրա հենված իշխանությանդ համար բարենպաստ միջավայրի ապահովումը, ապա հենց այդպես էլ պետք է վարվել: Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է մղվեր և մղվեց անլուծելիության ոլորտ: Դա հնարավոր էր մի դեպքում. կանգնել ստատուս-քվոն հնարավորինս երկար պահպանելու դիրքերի վրա: Մնացած ամեն ինչ՝ բանակցություններ, ծրագրեր, հանդիպումներ, քննարկումներ՝ դարձնել իմիտացիա, քող՝ սեփական ժողովրդից ու միջազգային հանրությունից ծածկելու համար իրական նպատակը։ Կամ, ինչպես կասեր նրանցից մեկը՝ «աշխարհին ֆռռցնելու» համար։ 

Ղարաբաղի հարցը լուծելի քաղաքական խնդրից, որի բարձրագույն արժեքը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն էր, պետք է վերածվեր ու վերածվեց նոր բարձրագույն արժեք -Հայ Դատի գաղափարախոսության սպասավորի, նրա անխաթարությունն ապահովելու միջոցի, զոհաբերության նոխազի։ Խնդրի ոչ թե լուծմամբ, այլ սպառմամբ է, որ չէր քայքայվի «մշտական թշնամու» ու «հարատև կռվի» ֆորմուլը, ու դրանով է, որ այն կարող էր դառնալ իշխանություն, հասարակական դիրք, բարեկեցություն, եկամուտները ապահովող միջոց... 

Եվ սպառվեց. 

Գաղափարախոսական տրամաբանության թելադրանքով խնդիրը սառեցվեց, որդեգրվեց ստատուս-քվոն պահպանելու մարտավարություն։ 

Փոխվեց խնդրի փիլիսոփայությունը՝ միջազգային հանրության համար հասկանալի ինքնորոշման հարցից այն տեղափոխվեց պատմական իրավունքի և հողային պահանջատիրության ոլորտ, վերածվեց վիճելի տարածքի խնդրի։ 

Լեռնային Ղարաբաղը Հայաստանի նախաձեռնությամբ զրկվեց դժվարությամբ ձեռք բերված՝ հակամարտության և բանակցային կողմ լինելու միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից։ 

Բանակցությունների սեղանին դրվեց Մեղրիի հարցը՝ որպես Լաչինով Ղարաբաղին տրվելիք միջանցքի զուգակշիռ փոխզիջում։ 

Լեռնային Ղարաբաղի շուրջ որպես անվտանգության գոտի տեղական հայկական ուժերի կողմից զբաղեցված տարածքները դադարեցին հաղթաթուղթ և սակարկության առարկա լինելուց. դրանք արդեն մի ամբողջ շարք միջազգային փաստաթղթերում բնորոշվում են որպես Հայաստանի կողմից «օկուպացված», «զավթված» տարածքներ։ 

Ընդունվեցին մի ամբողջ շարք միջազգային բարձր մակարդակի հիմնարար փաստաթղթեր հօգուտ Ադրբեջանի: Քոչարյանը ստորագրեց Ստամբուլի «Խարտիան», դրանով իսկ փաստորեն ճանաչելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում: 

Հայաստանի ներքաղաքական կյանքում հակաժողովրդավարական նորմերի հաստատումը, խոսքի և մամուլի ազատության սահմանափակումները, հասարակության գաղափարախոսականացումը, 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը և դրա չբացահայտման փաստը, 1998- 2005 թվականների նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ավելի ու ավելի խայտառակ դարձող ընտրությունները և ամենախայտառակ սահմանադրական հանրաքվեն վերջնականապես ոչնչացրեցին Հայաստանի՝ որպես ժողովրդավարական պետության իմիջը: 

«Երեք ճակատ, մեկ հարևան» կարգախոսով վարած իր արտաքին քաղաքականությամբ Հայաստանն ավելի ամրապնդեց իր տնտեսական ու քաղաքական շրջափակումը: Երկիրն իր տնտեսական զարգացմամբ ու զարգացման տեմպերով անհուսալիորեն հետ է մնում Ադրբեջանից՝ բանակցություններում կորցնելով ևս մի փաստարկ: 

Տնտեսության եկամտաբեր ճյուղերի մոնոպոլիզացումը, տնտեսական ազատ մրցակցության սահմանափակումը, մասնավոր սեփականության դեմ պետականորեն կատարվող ոտնձգությունները և ապօրինի գործողությունները, որպես ամբողջական համակարգ վերից վար բագավաճող կոռուպցիան և այլն անհուսալիորեն մեծացրին սոցիալական անարդարությունը, սոցիալական խավերի խզումը: Խաղաղ կյանքի հեռանկարի բացակայության հետևանքով ինչպես Լեռնային Ղարաբաղից, այնպես էլ Հայաստանից նոր թափ ստացավ և շարունակվում է կործանարար արտագաղթը: Հաջողություն է արձանագրված միայն մեկ՝ հայդատականության՝ որպես ազգային գաղափարախոսության քարոզչության, այն պետական քաղաքականության հիմքում դնելու, հասարակական կյանքի գաղափարախոսականացման, ազգայնական փսիխոզ տարածելու բնագավառում: Կարելի է առարկել՝ ասելով, թե նման դեպքերում նաև ստատուս-քվոյի տևական պահպանումը կարող է լինել մարտավարական քայլ, քաղաքական մոտեցում, որով կարելի կլինի ինչ-որ ժամանակ հետո հասնել խնդրի ավելի արդյունավետ ու նպաստավոր վերջնական լուծման։ Կարող է, եթե այդպիսի մարտավարությունը ապահովում է քաղաքական խնդրի համար պարտադիր հիմքերով, այն է՝ համապատասխան ռեսուրսների իրատեսական հաշվարկներով, որոնց մասին խոսեցինք սկզբում: Մինչդեռ 1997-ին կատարված, նաև հրապարակված իրատեսական այդ հաշվարկները ցույց էին տալիս հակառակը: Եվ չնայած այդ հաշվարկները վաղուց ամբողջովին արդարացել են, իսկ այն, ինչ հակադրվում էր դրան, ամբողջությամբ հօդս է ցնդել, որևէ քաղաքական եզրահանգման չեն բերում։ 

Շարունակելի 

Աշոտ Սարգսյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 47 (կիրակնամուտ), սեպտեմբերի 2, 2006 թ.

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   14560 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ