...

Ռետրո. «Պարտվողական» վիճակագրություն

Ռետրո. «Պարտվողական» վիճակագրություն

ՓԱՍՏԱՐԿՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ղարաբաղի հարցի արագ կարգավորման անհրաժեշտությունը Հայաստանի նախկին իշխանությունները հիմնավորում էին նրանով, որ միայն վերջնական խաղաղության և հարևան երկրների հետ նորմալ հարաբերությունների հաստատման դեպքում հնարավոր կլինի զարգացնել երկրի տնտեսությունը: Ժամանակը ապացուցեց այդ մոտեցման ճշմարտացիությունը: Միաժամանակ առկա է հակադարձ կապը. որքան Հայաստանը տնտեսապես հզոր լինի, այդքան մեզ համար բարենպաստ լուծում կստանա Ղարաբաղի հարցը: Ավելի պարզ ասած, պատերազմի դադարից հետո Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են տնտեսական պատերազմի մեջ:

Հեղաշրջման ճանապարհով իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը, այսպիսով, երկու տարբերակ ուներ. կամ հզորացնել Հայաստանի տնտեսությունը և խնդիրը լուծել ավելի շահավետ տարբերակով (ինչը, գործնականում անհնար էր), կամ հնարավորինս կարճ ժամանակում՝ գոնե 1997թ. պայմաններով (որոնք ակնհայտորեն ավելի շահավետ էին, քան այսօրվանը) գնալ փոխզիջման: Այլընտրանք չունենալով, Քոչարյանը ընտրեց խնդիրը անորոշ ժամանակով ձգձգելու տարբերակը: Արդյունքում, պատերազմում հաղթանակած Հայաստանը այսօր պարտվում է տնտեսական պատերազմում, ինչն էլ թերևս վճռորոշ է լինելու խնդրի ոչ հայանպաստ լուծման համար: 

Դրանում համոզվելու համար բավական է համեմատել անցած 3 տարիներին Հայաստանի և Ադրբեջանի մակրոտնտեսական ցուցանիշները: ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 1998-2000թթ. հիմնական ցուցանիշներով Ադրբեջանը գերազանցում է Հայաստանին: Այսպես, 1998թ. Ադրբեջանում տնտեսական աճը կազմել է 10 տոկոս, Հայաստանում՝ 7, 1999թ. Ադրբեջանում՝ 7,4 տոկոս, Հայաստանում՝ 3,3, 2000թ. նույնպես այդ երկրի տնտեսական աճը ավելի քան երկու անգամ գերազանցել է մեր տնտեսության աճին: Արդյունաբերական արտադրանքը 98թ. Ադրբեջանում ավելացել է 2,2 տոկոսով, իսկ Հայաստանում նվազել է 2,5 տոկոսով: Միայն 99 թվին է մեր արդյունաբերության աճը 2 տոկոսով ավելի եղել, քան Ադրբեջանում: Սակայն 2000թ. կրկին հարևան երկրի այդ ոլորտի աճը մոտ 3 տոկոսով գերազանցել է Հայաստանի համապատասխան ցուցանիշը: Բացի այդ, չմոռանանք, որ Ադրբեջանի բնակչությունը 2-3 անգամ ավելի է մեր բնակչությունից, իսկ արտագաղթն էլ անհամեմատ ավելի ցածր է: 

Բնականաբար, մեր և Ադրբեջանի զարգացման տեմպերի նման տարբերությունը պայմանավորված է նախ և առաջ նրա աշխարհագրական դիրքով: Ադրբեջանը ունի ծովային և երկաթուղային տրանսպորտի հնարավորություն, Հայաստանը՝ ոչ: Ադրբեջանը ակտիվ տնտեսական հարաբերությունների մեջ է իր հարևան 7 երկրներից (Թուրքմենստան, Թուրքմենիա, Ղազախստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Հայաստան) 6-ի հետ, իսկ Հայաստանը 4 հարևան երկրներից 2-ի հետ ընդհանրապես հարաբերություններ չունի: Մյուս 2-ի հետ էլ հարաբերություններն այնքան էլ զարգացած չեն. Իրանի դեպքում կան ձևավորված տնտեսական կապեր, սակայն նորմալ ճանապարհ չկա: Վրաստանի պարագայում՝ ճիշտ հակառակը. գործում է երկաթգիծը, սակայն ամիսը մեկ Ջավախքի հարց բարձրացնող «ազգայինների» պատճառով սրվում են մեր և այդ երկրի հարաբերությունները: 

Բացի այդ, Ադրբեջանի դեպքում պետք է հաշվի առնել նավթի և մյուս բնական ռեսուրսների գործոնը, ինչը որքան էլ չափազանցված լինի, այնուամենայնիվ լուրջ գերակայություն է մեր տնտեսության նկատմամբ: Իսկ վերջին 3 տարիներին Ադրբեջանում կատարված օտարերկրյա հսկայածավալ ներդրումները անհամեմատելի են մեր Կոնյակի գործարանի ու «Արմենտելի» հետ: 

Այսպիսով, անցած 3 տարիներին, նաև օբյեկտիվ պատճառներով (որոնք միշտ լինելու են) Ադրբեջանը տնտեսապես բավական հզորացել է Հայաստանից: Եվ որ ավելի կարևոր է, անգամ Ղարաբաղի հարցի չկարգավորված վիճակում, Ադրբեջանը շարունակելու է նույն տեմպերով զարգանալ, իսկ Հայաստանը՝ ոչ, և զարգացվածության անհամապատասխանությունը 2 երկրների միջև գնալով խորանալու է: Այսինքն, ժամանակը միանշանակ աշխատում է ի վնաս Հայաստանի: 

Իսկ Հայաստանում անգամ իրենց քաղաքական գործիչ համարողներից շատերը առաջնորդվում են այն մանկական տրամաբանությամբ, որ եթե Ադրբեջանը ինչ-որ տարբերակի դեմ է, ուրեմն դա իրենց համար վատն է և ձեռնտու է Հայաստանին: Իրականում Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղի հարցը լուծել շատ ավելի ձեռնտու պայմաններով, քան անգամ «Ընդհանուր պետության» տարբերակն է: 

Հակոբ Մելքոնյան

«Չորրորդ իշխանություն», No 164, մարտի 9, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   5267 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ