...

Ռետրո. Քառասուն հազար փուչիկ աղքատ բարեկամիս

Ռետրո. Քառասուն հազար փուչիկ աղքատ բարեկամիս

ՏՆՏԵՍԱԿԱՆ

Վերջին շրջանում Հայաստանում ամենատարածված «հեքիաթը» Ռոբերտ Քոչարյանի՝ մինչև այս տարվա մայիս ամիսը 40 հազար աշխատատեղեր ստեղծելու խոստումն է:

Որ դա բլեֆ է, պարզ է մեր տնտեսության մասին տարրական պատկերացումներ ունեցող ցանկացած մարդու համար: Իհարկե, դա չխանգարեց Քոչարյանին հնազանդ ուժերին և գործիչներին, միաբերան հաստատել, որ հանրապետությունում իրական հիմքեր կան այդքան աշխատատեղեր բացելու համար: Մինչև մայիս մնացել է ընդամենը երեք ամիս: Այս ընթացքում Քոչարյանը հասցրել է միայն մի քանի մանր-մունր օբյեկտների ժապավեններ կտրել, գումարած, իհարկե, Լոքյանի նորաբաց նախարարությունը: 

Գոնե տեսականորեն, երբ երկրի ղեկավարը որևէ լուրջ հայտարարություն է անում (իսկ մի քանի ամսում 40 հազար աշխատատեղ ստեղծելն իսկապես լուրջ է), պետք է ենթադրել, որ դրա համար նա հիմնավոր փաստարկներ և մանրամասնորեն մշակված ծրագրեր ունի: Տվյալ դեպքում Ռ. Քոչարյանի փաստարկները սահմանափակվում են նրանով, որ այս տարի Լինսի հիմնադրամը Հայաստանում ներդրումներ է կատարելու, ինչի արդյունքում աշխատատեղեր են բացվելու: Ինչպես տնտեսությանը վերաբերող այլ հարցերում, այստեղ ևս դաշնակների վրա հենվող Քոչարյանը «ստավկա» է անում դրսից տրամադրվող փողերի վրա: Սակայն ակնհայտ է, որ 40 հազար աշխատատեղ ստեղծելու որևէ կոնկրետ ծրագիր նախագահը չունի: Հակառակ դեպքում, այդ հանգամանքը հաշվի կառնվեր առաջիկա ժամանակաշրջանի համար տնտեսական գործընթացները պլանավորելու ընթացքում: Ավելի պարզ ասած, լրացուցիչ 40 հազար աշխատատեղեր ստեղծելու փաստը ինչ-որ ձևով պետք է արտահայտվեր 2001թ. պետական բյուջեում: 

Նախագահի դարակազմիկ հայտարարությունից հետո տնտեսությունից քիչ թե շատ հասկացող որոշ գործիչներ այնուամենայնիվ հանդգնում էին ասել, որ այդ աշխատատեղերը պետք է արտահայտվեին բյուջեում, բայց արտահայտված չեն: Զարմանալիորեն, անգամ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանն էր հաստատում դա, սակայն չէր նշում (հավանաբար իրեն թույլ չէր տալիս), թե բյուջեի կոնկրետ որ հատվածում պետք է արտացոլվեր 40 հազար աշխատատեղերի տեսլականը: 

Նշենք, որ դա այնքան էլ բարդ չէ, և բավական է միայն համեմատել այս և նախորդ տարվա բյուջեները, ավելի ստույգ՝ դրանց եկամտային մասերը: 

Տրամաբանորեն, լրացուցիչ 40 հազար աշխատատեղ բացվելու դեպքում, զգալի չափով պետք է ավելանար 2001թ. համար նախատեսված եկամտահարկի ցուցանիշը, քանի որ Հայաստանի օրենսդրությամբ աշխատավարձը համարվում է եկամուտ, և մեծությունից կախված հարկվում է 15-30 տոկոսով: Բնականաբար, 40 հազար աշխատատեղը նշանակում է 40 հազար աշխատավարձ ստացող, հետևաբար լրացուցիչ այդքան եկամտահարկ վճարող: Սակայն բյուջեների համեմատությունը ցույց է տալիս ճիշտ հակառակը: Այս տարվա բյուջեով նախատեսված եկամտահարկը ավելի քան 2 մլրդ դրամով ցածր է 2000թ. նույն ցուցանիշից: Ընդ որում, շուրջ 3 մլրդ դրամով էլ նվազել է բյուջեի «աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացվող եկամուտներ» տողը: Իսկ վերջինս, ըստ էության, վերաբերում է աշխատավարձերից գանձվող եկամտահարկին: 

Սա կարող է նշանակել հետևյալը. կամ կառավարությունը բյուջեն կազմելիս արհամարհել է Քոչարյանի ազգափրկիչ ծրագիրը (ինչը, իհարկե, քիչ հավանական է), կամ, որ ավելի հավանական է, 40 հազար աշխատատեղեր ստեղծելու հայտարարությունը հերթական փուչիկներից է: 

Սակայն եկամտահարկի հետ կապված կա մեկ վերապահում: Մինչև 20 հազար դրամ աշխատավարձը (նույնն է, թե եկամուտը) ազատված է եկամտահարկից: 

Այս դեպքում, Քոչարյանն ու իր կողմնակիցները տրամաբանական մի բացատրություն ունեն, որ խոստացած 40 հազար աշխատատեղերում աշխատավարձը եկամտահարկվող շեմից ցածր է լինելու: Փաստորեն, այդ միֆական 40 հազար աշխատողները 20 հազար դրամից ցածր են ստանալու: Սակայն մինչև 20 հազար գումարը ավելի շատ նպաստի է նման, քան աշխատավարձի: 

Հ. Մ.

«Չորրորդ իշխանություն», No 144, փետրվարի 2, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   4825 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ