...

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քրեական հետապնդումները շինծու են․ ԱԳՆ-ն արձագանքել է

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քրեական հետապնդումները շինծու են․ ԱԳՆ-ն արձագանքել է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Այս առիթով երեկոյան հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ-ն։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը խստորեն դատապարտել է ինչպես ՀՀ պաշտոնաթող նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, այնպես էլ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից քրեական հետապնդում հարուցելն ու միջազգային հետախուզում հայտարարելը։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները, ինչպես նաև միջազգային իրավապահ ընթացակարգերի նմանօրինակ չարաշահումը: Արցախի քաղաքացիական անձանց արտադատական սպանությունների և հայ ռազմագերիների բռնի անհետացումների մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու, ինչպես նաև տարածաշրջան ահաբեկիչներ բերելու հանցագործ ցանցերը բացահայտելու ջանքեր գործադրելու փոխարեն, Ադրբեջանը նոր թափով է ծավալում երկար տարիներ վարած հայատյաց քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղում, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հետագա լարվածության հարուցման նորանոր փորձեր է ձեռնարկում: Ադրբեջանին կոչ ենք անում կառուցողական դաշտում լուծումներ փնտրելուն, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանությանն ու բարօրությանն ուղղված քայլեր ձեռնարկել: Միաժամանակ, վերահաստատում ենք տարածաշրջանում խաղաղ գոյակցության և փոխադարձ հանդուրժողականության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հայտարարություններին արդեն արձագանքել էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարել էր, որ իրենց համար զարմանալի չէ, որ «Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաև Ադրբեջանում»։ «Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ և կառուցողական» ընկերներից: Չենք զարմանա, որ այս քրեական գործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին, և մեր դատախազները, մեծ ջանասիրությամբ, այն կպաշտպանեն դատարանում»,- ասված էր Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ «Սերժ Սարգսյանին ալիևյան ռեժիմի կողմից մեղադրանք առաջադրելն ինքնին զավեշտ է, իսկ ներկայացված մեղադրանքները՝ ցինիկ»,- ասված էր Սարգսյանի գրասենյակի հայտարարության մեջ։ «Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիևը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավել ևս՝ մեղադրանքներ ներկայացնելու»,- ասված էր հայտարարության տեքստում։

Երրորդ նախագահի գրասենյակը միաժամանակ անդրադարձել էր Հայաստանում Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը։ «Հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ երկրի ներսում հետապնդում են իրականացնում կապիտուլյանտ իշխանությունները, իսկ երկրից դուրս նրանց փորձում է հետապնդել կապիտուլյանտ իշխանությունների փաստացի դաշնակիցը դարձած ադրբեջանական իշխող կլանը: Ո՛չ Հայաստանի ներսում գործող վարչակազմի կողմից և ո՛չ էլ Հայաստանից դուրս նրան հետապնդողներին չի՛ հաջողվելու կանգնեցնել Սերժ Սարգսյանին իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին: Վստահ ենք, որ պատմության դատից զատ, գալու է նաև հայ ժողովրդի հանդեպ ոճրագործություններ գործածներին պատժելու ժամանակը»,- ասված էր հայտարարության վերջաբանում։

Մենք առիթ ունեցել էինք քննարկելու այս թեման, որը դիտարկել էինք ներքաղաքական համատեքստից դուրս։ Փաստել էինք, որ անկախ հանրային ընկալումներից և վերաբերմունքից առ Քոչարյան ու Սարգսյան, Հայաստանը պարտավոր է անմիջապես պետական մակարդակով օգտագործել բոլոր լծակները և կասեցնել այս խայտառակությունը։ «Ու եթե Հայաստանը պետական մակարդակով չարձագանքի՝ դա կնշանակի ընդունել, որ արցախյան առաջին պատերազմում հայկական կողմն իսկապես էլ ռազմական հանցագործություններ է կատարել»,- ընդգծել էր «ՉԻ»-ն՝ հարցադրում անելով՝ կկարողանա՞ Նիկոլ Փաշինյանը մի կողմ դնել իր անձնական մանր քինախնդրությունը, թե ինքն ու իր գլխավորած իշխանությունը կնախընտրեն չհակազդել այս ամենին։ Լավ է, որ ԱԳՆ-ն այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել։ Ի դեպ՝ վերջին շրջանում հատկապես ԱԳՆ հայտարարությունները հիմնականում արձանագրային են ու չեզոք տոնայնությամբ։ Դրանց համեմատությամբ՝ այս մեկը բավական կոշտ է հնչում։ Եվ սա ողջունելի է։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1508 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ