...

Ռուբլու արժեզրկումն անիմաստ է դարձնում կոնյակի կեղծումը

Ռուբլու արժեզրկումն անիմաստ է դարձնում կոնյակի կեղծումը

Մարտի 19-ին կառավարության նիստում քննարկվեց կոնյակի արտադրության համար պետական տուրքը նվազեցնելու հարցը:  

Այսօրվա գործող օրենքով կոնյակ և կոնյակի սպիրտ արտադրողները արտադրության հենց առաջին տարվանից պարտավոր են վճարել տարեկան պետական տուրք՝ 10 միլիոն դրամ, որի փոխարեն նախագծով առաջարկվում է սահմանել 50.000 դրամ:

Այս փոփոխությամբ այն արտադրողները, որոնք նոր են որոշում կոնյակի արտադրությամբ զբաղվել, առաջին 30 միլիոն դրամը վճարելու փոխարեն՝ կվճարեն ընդամենը 150 հազար դրամ: Նախագիծը բուռն քննարկվելուց հետո չընդունվեց և քննարկման ուղարկվեց:

Թեմայի շուրջ «ՉԻ»-ն զրուցել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի հետ:

- Պարոն Հարությունյան, կառավարության նիստի ընթացքում նախագծին դեմ արտահայտվողներն էլ չթաքցրեցին, որ այդ տուրքն ընդունվել է նախկին իշխանությունների կողմից զուտ նրա համար, որպեսզի դաշտից դուրս շպրտեն փոքր արտադրություններին: Ինչո՞ւ փոփոխությունը չընդունվեց, և այն նորից քննարկման ուղարկվեց:

- Այստեղ երկու հարց կա, որոնք շփոթեցին իրար հետ: Որպեսզի ձևավորվեր օլիգարխիան և նրանց շահերը չոտնահարվեին՝ 1998 թվականին այս օրենքը բերեցին շրջանառության: Կոնյակ արտադրելու համար սահմանվեց 15 միլիոն դրամ տուրք: Նպատակն այն էր, որ փոքրերն ու միջինները կոնյակ չարտադրեն, արտադրեն միայն մեծերը: Ի սկզբանե 15 միլիոնը վերաբերվում էր բոլոր ալկոհոլային խմիչքներին՝ կոնյակ, օղի, մրգային օղիներ: Արվեց միայն նրա համար, որ ալկոհոլի դաշտում մնան միայն մեծերը: Սկզբից դրա տակից դուրս եկավ գինին, օղին, հետո հանեցին մրգային օղիները, բայց կոնյակը այդպես էլ մնաց, քանի որ մեծ եկամուտներ էր բերում և ուներ ստվերային մեծ հնարավորություններ: Մենք այս 20 տարվա ընթացքում անընդհատ բարձրաձայնել ենք, որ այդ 15 միլիոնը ոչ թե հանվի, այլ ասում էինք՝ եթե դու քիչ քանակությամբ ես արտադրում, ցածր տուրք վճարիր, եթե շատ՝ բարձր տուրք վճարիր: Սա կբերեր արդար մրցակցության: Սա արվում էր նրա համար, որ կեղծիքը քչանար, որովհետև մեծերը կեղծում են, իսկ փոքրերը՝ չէին կարողանում: Երբ փոքր արտադրողը սկսում է գինի արտադրել, միշտ 3 պրոդուկտ ունի՝ գինի, որն ուզում է արտադրել, վատ գինի՝ կախված խաղողի որակից և գինեգործական մնացորդներ: Մեծերը կարողանում են իրենց վատ գինին դարձնել սպիրտ, փոքրերը չեն կարող, որովհետև պետք է 15 միլիոն վճարեն: Փոքրերը կամ թափում են գինեգործական մնացորդներն ու վատ գինին, կամ էլ գաղտնի թորում են, և սպիրտը վաճառում են մեծերին: Որպեսզի գյուղացին շատ խաղող արտադրի և հավասար մրցակցային դաշտ լինի, ստվերը քչանա, մենք ասում ենք՝ ըստ արտադրության քանակի տուրքեր սահմանել: Մի 2 տարի առաջ տուրքն իջեցրեցին 10 միլիոնի և այդպես էլ մնաց: Ասում ենք՝ վերացրեք ընդհանրապես, թողեք դաշտը մաքրվի, և գինեգործությունը կծաղկի:

- Այսինքն՝ կարծում եք, որ կոնյակի արտադրության համար նախատեսված պետական տուրք գանձելը պետք չէ: 

- Տուրքը պետք է: Այն ի սկզբանե պետք է, որ կարողանաս կանոնակարգել դաշտը: Տուրքի մեծությունը պետք է այնքան լինի, եթե մեկն ուզում է այդ բնագավառում լինել, կարողանա աշխատել: Մեծից բարձր տուրք վերցրեք, փոքրից՝ քիչ: Նման մոտեցում չկա, սա միայն հայկական ավանդույթ է: Աբսուրդն այն է, որ կոնյակի մասին օրենքն ասում է՝ 3 տարի պետք է թորես, նոր 4-րդ տարին կարող ես իրացնել: Այսինքն՝ 4 անգամ 15 միլիոն պետք է վճարես, որպեսզի 4-րդ տարին արդեն կարողանաս վաճառել: Գործող օրենքից ավելի աբսուրդ բան ասեմ՝ մի 2 տարի վճարել եք տուրքերը և հանկարծ ձեր գործերը վատանում են, չեք կարողանում վճարել, նշանակում է՝ ձեր պաշարներից իրավունք չունեք վաճառելու: Ակնհայտ էր, որ այդ օրենքը հակահեղափոխությանը հարիր ակտ էր, որ սա անցյալի մնացուկ էր: Կառավարությունը չգիտես ինչու գնաց հետևյալ քայլին՝ մինչև կոնյակ պատրաստելը վերցնել 150 000 դրամ տուրք, իսկ 4-րդ տարին, երբ պետք է արդեն վաճառքի հանես, 10 միլիոն տուրքը կմնա ուժի մեջ: Սա կիսատ-պռատ լուծում էր: Եթե տուրքն ամբողջությամբ հանվի, օրինակ, մոտ 40 ընկերություն վճարում են 10 միլիոն դրամ տուրք, հիմա պատկերացրեք, որ 50 ընկերություն կարողանում են սպիրտ արտադրել, և յուրաքանչյուրն առանց տուրքի մթերում է շուրջ 200 տոննա խաղող: Ի՞նչ եղավ՝ ավելի շատ արժեք գեներացվեց, և դաշտը մաքրվեց: Բայց կառավարությունը փորձեց միջանկյալ լուծում տալ: Աբսուրդ տեղի ունեցավ՝ չհամաձայնվեցին՝ որևէ փաստարկ չբերելով:

- Կառավարությունն ասում է՝ էժան կոնյակ չլինի ոչ թե այն պատճառով, որ էժան է, այլ այն պատճառով, որ կոնյակը կոնյակ չի: Սահմանված տուրքի չափը կապ ունի՞ կոնյակի և կոնյակի սպիրտի ապօրինի շրջանառության հետ։  

- Էժան կոնյակ կարող են արտադրել միայն մեծերը, փոքրերի մոտ ինքնարժեքը բարձր է, ռիսկ չունեն կեղծելու, նրանք այդքան պոտենցիալ չունեն կեղծ կոնյակ վաճառելու: Մեր կոնյակի արտահանման 95 տոկոսը էժան սեգմենտում է: Մենք ընդամենը 5 տոկոս ենք բարձրակարգ կոնյակ արտահանում: Ամբողջ ստվերային տնտեսությունը հիմնված է մեկ շշից 15 տոկոս շահի վրա: Այս ճգնաժամը բուժում է բոլոր վերքերը: Ճգնաժամն ամեն ինչ դնում է իր տեղը, որովհետև ռուսական ռուբլու արժեզրկումը անիմաստ է դարձնում կոնյակի կեղծումն ու դրա արտահանումը: Բոլոր ճգնաժամերը մաքրելու լավ մեսիջներ ունեն:

- Տուրքի փոփոխության մասին օրինագիծը նորից քննարկման ուղարկեցին: Ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում:

- Կառավարությունը հիմա պետք է գործիքակազմ կիրառի, որ խաղողագործը չտուժի: Խնդիրն այն է, որ պետական տուրքը պետք է ըստ մթերած խաղողի քանակի սահմանել: Սա շանս է կառավարությանը, որ դաշտը բերի ճիշտ արժեքային համակարգի:
  
Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1859 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ