...

Ռուսական ավանտյուրաներին մասնակցելու համար պատժում են Հայաստանին

Ռուսական ավանտյուրաներին մասնակցելու համար պատժում են Հայաստանին

«ՉԻ»-ը զրուցել է Քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանի հետ:

- Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերությունների մուտքն արգելվեց դեպի ԵՄ օդային տարածք։ Արդյո՞ք ձախողման պատճառը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատանքն է:

- Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին ինչ հանձնարարել են, այն էլ արել է: Հանձնարարել են էժան ավիաընկերություններ բերել: Նա դա արել է: Նրան չեն ասել, որ դու կոմիտեի ղեկավարն ես և պետք է պարզես՝ նախկինում ինչ է արվել, ինչ չի արվել:

Հարցն այն է, որ մենք հայկական ավիաընկերություն չունենք: Նույնիսկ այդ «Արմենիա» կոչվածը վրացական ընկերություն է, հայկական չէ: Հայկական ավիաընկերություն մենք չունենք, ունենք ընդամենը թղթի վրա գրանցված: Եթե դու գրանցում ես ավիաընկերություն և չես կարողանում վերահսկել, էլի ինչի՞ համար ես գրանցում: Ուրեմն՝ այստեղ ծայրից ծայր կոռուպցիա է տեղի ունեցել, այսինքն՝ փողով են դրանք գրանցվել: Առանց վերահսկողության, թղթերը բերել են և ստորագրել: Այդպես է եղել նախկինում:

Բնականաբար, Տաթևիկ Ռևազյանին դա չի հետաքրքրել: Իրեն ինչ հանձնարարված է եղել, այն էլ արել է: Բայց իր մեղքը նրանում է, որ կոմիտեի նախագահ լինելով՝ պետք է վերահսկողություն կատարեր, թե նախկինում ինչ է արվել:

Մենք գրել ենք, թե նախկինում ինչ է արվել, «Հետք» լրատվամիջոցը բազմաթիվ հրապարակումներ ունի այդ մասին: Իմ ելույթներում ես դա ասել եմ, լրագրողների հետ զրույցներում այդ մասին խոսել եմ, բայց ավիացիայի աշխատակիցներն ինձ ոչ մի անգամ չեն զանգել: Անցյալ տարի ես կառավարությանը ծրագիր եմ ուղարկել, որ ուսումնասիրեն, սակայն, արձագանք չի եղել: Ավիացիայի հարցերով քննարկումներ են եղել, բայց ոչ մի անգամ ինձ չեն հրավիրել: Այսպիսի արհամարհանք, բայց ամբողջ հանրապետությունը ավիացիոն հարցերով որպես մասնագետ ինձ է ճանաչում: Բացի կոռուպցիան, գրանցվել են ավիաընկերություններ, բայց դրանց թռիչքային անվտանգությունը չի վերահսկվել:

- Հրապարակված զեկույցում նշվում է, որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշերին: Ստացվում է, որ Քաղավիացիայի կոմիտեն անվտանգության ոչ պատշաճ վերահսկողությո՞ւն է կատարել:

- Խնդիրներից մեկն այն է, որ գրանցում են ավիաընկերություն, բայց թռիչքների անվտանգությունը չեն վերահսկում: Բազմիցս նախազգուշացումներ եղել են. օրինակ, Աֆրիկայում դեպք է եղել, երբ օդանավն ընկել է, և մարդիկ են զոհվել: Դա հայկական օդանավ չի եղել, այլ Հայաստանում գրանցված ավիաընկերության օդանավն է եղել: Հիշում ենք նաև Գվինեայի դեպքը, որի հետևանքով մեր օդաչուներին ձերբակալեցին՝ զենք տեղափոխելու համար: Ամենասարսափելին այն է, որ մեր օդաչուներն աշխատանքը չկորցնելու պատճառով ստիպված այսպիսի արկածախնդիր գործարքների մեջ են մտնում, ինչ-որ կերպ ընտանիք պետք է պահեն:

«Վագներ» ռուսական ահաբեկչական կազմակերպություն կա, հավանաբար գիտեք դրա մասին: Հակամարտության գոտիներում դրանք ինչ-որ գործողություններ են անում: Ըստ երևույթին, նրանց զենքն ու զինամթերքն են տեղափոխել մեր օդաչուները: Այսինքն՝ սա ռուսական հետք է, թե ինչի համար են Հայաստանին պատժում: Ռուսական ավանտյուրաներին մասնակցելու համար պատժում են Հայաստանին: Ես, իհարկե, ապացույցներ չունեմ, բայց տեղեկություններ ունենք: Հայաստանն իրենց համար եղել է տրանպլինային երկիր: Հիմնականում Իլ-76 ինքնաթիռներ են եղել: Իլ-76 ինքնաթիռներ Հայաստանը չունի, դրանք ռուսական օդանավեր են, բայց գրանցված Հայաստանում:

Եվրոպացիներն այդ ամենը գիտեն: Բազմիցս նախազգուշացրել են, բայց ո՛չ կոմիտեն, ո՛չ կառավարությունն ուշադրություն չեն դարձրել: Այդ նախազգուշացումները մինչև հեղափոխությունն էլ են եղել, որ թռիչքների անվտանգությունը պետք է վերահսկել: Այստեղ գումարում ենք նաև Սոչիի ավիավթարի դեպքը, որ ոչ ոք չպատժվեց: Մեղքը գցում են օդաչուների վրա՝ չկա մարդ, չկա խնդիր սկզբունքով:

- Մտահոգություններ կան, որ հայկական ավիափոխադրողները զրկվել են Եվրոպա թռչելու հնարավորությունից, իսկ եվրոպացիներն իրենց ավիաընկերություններն են բերում Հայաստան՝ առայժմ «Վիզ Էյր» և «Ռյան Էյր» լոուքոսթ ավիաընկերությունների տեսքով:

- Մենք ենք գնացել, խնդրել: Տաթևիկ Ռևազյանը գնացել է, խնդրել՝ ներկայացնելով, որ մեզ մոտ լավ պայմաններ են, մենք ենք պայմաններ ստեղծել իրենց համար, ոչ թե իրենք են խնդրել պայմաններ ստեղծել: Այդ դեպքում ո՞նց է ստացվում, որ ԵՄ-ն մեզ պատժում է, որ իր ընկերությունները գան: Իր ընկերություններն այսպես թե այնպես թռչում էին այստեղից: Էլ ինչ իմաստ ունի: Ընդհակառակը, իրենք ասում են՝ ստեղծեք ձեր նորմալ ավիաընկերությունը, դա են ուզում: Նաև ուզում են, որ սեփական ավիաընկերություն ունենալով՝ կարողանանք վերահսկողություն ունենալ: Հայաստանը Եվրոպայի համար շուկա չէ, շատ փոքր է:

- Պարոն Պետրոսյան, շատ բարձրաձայնվեց սեփական ավիաընկերություն ունենալու հարցը, բայց սայլը տեղից այդպես էլ չի շարժվում:

- Այո, սեփական ավիաընկերություն Հայաստանն այդպես էլ չունեցավ: Սա էլ է շատ մեծ խնդիր: Վերահսկողություն կարող են անել, եթե սեփական ավիաընկերություն լինի և գործունեությունը հիմնականում Հայաստանից լինի, ոչ թե Կենտրոնական Աֆրիկյան հանրապետությունից, Կոնգոյից կամ Սուդանից:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայաստանյան գրանցումով ինքնաթիռները աֆրիկյան երկրներում զենքի ապօրինի վաճառք են արել, և կոմիտեի նախկին պաշտոնյաները դա թաքցրել են կառավարությունից և Տաթևիկ Ռևազյանից: Հնարավո՞ր է, որ նաև այս ապօրինությունների պատճառով եղան պատժամիջոցները:

- Իհարկե, ազդեցություն ունեցավ: Ամբողջ խնդիրը հենց դա էր: Վերահսկողություն չունեինք, մի քանի ինքնաթիռներ այնտեղ վթարի ենթարկվեցին, բազմաթիվ զոհեր եղան: Օրինակ՝ Կոնգոյում վթարի ենթարկված ԻԼ-76 ինքնաթիռի պատճառով բազմաթիվ զոհեր եղան, նույնը Սոչիի դեպքը: Ոչ ոք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց: Ամեն ինչ գցեցին օդաչուների վրա, և վերջացավ ստալինյան մեթոդով: Իսկ իրականում ինչ է եղել, այդպես էլ չիմացանք:

Մինչև հիմա Միխայիլ Բաղդասարովը պատասխանատվության չենթարկվեց, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը: Ռոբերտ Քոչարյանը ոչնչացրեց հայկական ավիաուղին: Մենք առաջին տասնյակի մեջ էինք, ստուգումներ էին անում, տեսնում, որ ամեն ինչ լավ է, մեզ դրա համար գովում էին: Եվ այդ հայկական ավիաուղիները վերացրեցին, դրանից հետո սա տեղի ունեցավ: 20 տարի խոսում եմ այս թեմայով, բայց ոչ ոք ոչինչ չի անում: Այդքան խնդիրների մասին բարձրաձայնեցի, բայց արձագանք չեղավ:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2057 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ