...

Սևրի տարած՝ հետ բերած

Սևրի տարած՝ հետ բերած

2001 թվականին Քոչարյանը Ստրասբուրգում հիշատակել էր Սևրի դաշնագրի մասին, որին անդրադարձել էր «Չորրորդ իշխանությունը»: Թե ինչ մակարդակի գործիչներ են սովորաբար լինում իշխանություն զավթողները, կարելի է եզրակացնել՝ կարդալով շուրջ 20 տարի առաջ տպագրված ստորև ներկայացվող հոդվածը:

«Չորրորդ իշխանություն», 2 փետրվարի 2001թ.

Ռոբերտ Քոչարյանը Ստրասբուրգում հիշատակեց Սևրի դաշնագրի մասին: Այս քայլով Հայաստանի գործող նախագահը հերքեց չարամիտ լուրերը այն մասին, թե ծանոթ չէ հայ ժողովրդի պատմությանը:

Բացի այդ, Քոչարյանի այս արտահայտությունը հաճելիորեն բազմազան դարձրեց հետզհետե տաղտկացող հայաստանյան առօրյան և մեկ անգամ ևս հիշեցրեց Վազգեն Մանուկյանի հանճարեղ միտքը, որ մենք համաշխարհային ազգ ենք և մեծագույն առաքելություն ունենք կատարելու:

Եվ այսպես, Ռ. Քոչարյանն ասաց, որ Սևրի դաշնագրի հարցը Հայաստանը դեռևս չի դնում: Դիվանագիտական լեզվով դա նշանակում է՝ ՀՀ իշխանությունները ցանկանում են ռեանիմացիայի ենթարկել Սևրի դաշնագիրը: Իսկույն ասենք, չկա այնպիսի մի հայ, որը դեմ լինի Սևրի դաշնագրին, առավել ևս դժվար է գտնել որևէ մեկին, որը դեմ լինի այդ պայմանագրի դրույթների իրականացմանը՝ առանց խելագարի համբավ ձեռք բերելու ռիսկի: Եվ Սևրի նշանակությունն այն չէ, որ մեզ խոստացան ծովից ծով հայրենիք: Վերջիվերջո կարելի է համաձայնել շատ ավելի իրատեսական Խորհրդային Ռուսաստանի առաջարկին, ըստ որի Հայաստանին էր անցնում ոչ թե 6, այլ 8 վիլայեթ: 

Կրկնում ենք, Սևրի նշանակությունը տարածքները չէին: Առաջին անգամ Հայաստանը հավասար իրավունքներով բազմակողմանի պակտ ստորագրեց: Հայաստանը ֆիքսվեց որպես հաղթող պետություն: Այնպես որ, Սևրի դաշնագիրն անկասկած պետք է գնահատել որպես հայ դիվանագիտության հաղթանակ: Այլ պրոբլեմ է այս, թերևս լոկ ակադեմիական հետաքրքրություն ներկայացնող, հարցի ռեանիմացիան: Սկսենք նրանից, որ դա նույնիսկ տեսականորեն անհնար է, որքանով անհնար է առաջին և երկրորդ աշխարհամարտերի արդյունքների ռևիզիան (եթե, իհարկե, չլինի երրորդը, Աստված հեռու պահի դրանից):

Որևէ պայմանագրի ռեանիմացիայի համար անհրաժեշտ է իրավահաջորդների դիմումը: Թվում է՝ դժվար բան չկա՝ Հայաստանն իրեն կհայտարարի Առաջին հանրապետության իրավահաջորդ, և մեծ տերությունները, առաջին հերթին Ցեղասպանությունը ճանաչած Ֆրանսիան, սկուտեղի վրա մեզ կմատուցեն ծովից ծով հայրենիքը: Սակայն նախ և առաջ Սևրը ստորագրվեց մի քանի ամիս հետո Լոնդոնում, որում արդեն ոչ մի խոսք չէր ասվում Հայաստանի տարածքային ձեռքբերումների մասին, այլ միայն պարունակվում էր Թուրքիայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման պահանջը. մի բան, որը Թուրքիան արել էր դեռ երկու տարի առաջ, ընդ որում՝ առաջիններից: Ի դեպ նշենք, որ թուրքական պատվիրակությունը պահանջում էր Թուրքիայի սահմանները 1913թ. դրությամբ, երբ, հիշեցնենք մեր հայրենակիցներին, Կարսն ու Իգդիրը Հայաստանի (ավելի ճիշտ, Ռուսաստանի) կազմում էին: Այսպիսով, եթե ամեն ինչ սահմանափակվեր Լոնդոնյան կոնֆերանսով, մենք զրկված կլինեինք «Ելիր դաշնակ Դրո» անզուգական մեղեդին երգելու հաճույքից: Սակայն մենք հայ չէինք լինի, եթե չմոդեռնիզացնեինք Լոնդոնյան կոնֆերանսի արդյունքները: Իսկ մոդեռնիզացրինք մենք Սևրն ու Լոնդոնը ուղիղ չորս ամիս հետո,երբ հայ դիվանագետների և զինվորականների մի քանի փայլուն օպերացիաների շնորհիվ և բոլշևիկյան գործակալների ջերմ աջակցությամբ թուրքերը գրավեցին Կարսը, Սուրմալուն, Ալեքսանդրապոլը և ստիպեցին երկրի ղեկավարությանը ստորագրել 1920թ. դեկտեմբերի 2-ի դաշնագիրը, ըստ որի Սևրը չեղյալ էր համարվում, իսկ Հայաստանին մնում էր այն 10.000 քառ. կիլոմետրը, որի մասին, եթե չեմ սխալվում, Կարաբեքիր փաշան ասաց. «Մենք ձեզ թողնում ենք գերեզմանի տարածք»:

Այսպիսով, հայրենակիցներ, եթե մենք հանկարծ սխալվենք և մեզ հայտարարենք Առաջին հանրապետության իրավահաջորդ, ոչ թե Սևր կստանանք, այլ երեք մատի կոմբինացիա՝ Ալեքսանդրապոլի դաշնագրի տեսքով: Հիշեցնենք, որ մենք բարեբախտաբար Սովետական Հայաստանի իրավաժառանգորդն ենք: Բայց գուցե Սևրի շրջանակներից դուրս է եկել միայն Հայաստանը: Այդ դեպքում կարելի էր հղում կատարել Ալեքսանդրապոլի դաշնագրի պարտադրված լինելու հանգամանքին: Խոր վշտով տեղյակ պահենք պրն Քոչարյանին, որ 1923թ. հուլիսի 24-ի երեկոյան երկարատև և տանջալից հիվանդությունից հետո Լոզան քաղաքում հոգին Աստծուն ավանդեց Սևրի դաշնագիրը: Այն չեղյալ հայտարարվեց միաձայն (գոնե Հայաստանի մասով), արևմտյան երկրների և Ռուսաստանի տարօրինակ համերաշխությամբ: Եվ եթե կային վեճեր, ապա դրանք վերաբերում են Մոսուլին և Ադրիանապոլսին: Այսինքն, Հայաստանին դա արդեն չէր վերաբերում, որովհետև 1921թ. սկզբից Մոսկվայում, հետո Կարսում կնքված սովետա-թուրքական և հայ-թուրքական պայմանագրերով դժբախտաբար թաղվեց Սևրը և բարեբախտաբար հօդս ցնդեց դաշնակցական դիվանագիտության գլուխգործոց Ալեքսանդրապոլի հրեշավոր (բնորոշումը՝ Չիչերինի) դաշնագիրը: Մոսկվան ու Կարսը Հայաստան կիսապետությանը, ճիշտ է, ծովից ծով չտվեցին, սակայն վերադարձրին Ալեքսանդրապոլը

Այժմ քննենք՝ ո՞ւմ է ձեռնտու Սևրի չլինող ռեանիմացիան, ավելի ճիշտ, դրա մասին լուրերը: Միայն այն քաղաքական ուժերին, որոնք ջանում են արդարացնել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման քաղաքականությունը: Այն ուժերին, որոնց ձեռք չի տալիս հայ-թուրքական հարաբերությունների կայունացումը, չէ՞ որ Սևրի ռեանիմացիայի փորձն անխուսափելիորեն կհանգեցնի Ալեքսանդրապոլի ռեանիմացիային, իսկ դա ձեռք է տալիս Բաքվին ու Անկարային: Այսպիսով, առաքելության հաշվով Վազգեն Մանուկյանը ճիշտ էր: Սևրի ռեանիմացիայի հարցի շահարկումը կարող է թաղել մեր պետությունը: Եվ դա հաջողությամբ կկատարեն մեր իսկ ղեկավարները: 

Գարիկ Պողոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ